Եթե ոչ երեխաների ու ուսանողների, ապա ո՞ւմ համար են բերում 622400 դեղաչափ պատվաստանյութի խմբաքանակը. Էմիլ Մարկոսյան

Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը Հայաստանում անշեղորեն աճում է։ Ցավոք, աճում է նաև մահվան թեպքերի ցուցանիշը։ Իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի տապալումը գցելով մեկը մյուսի վրա։ Իշխանության կողմնակիցները ասում են, թե մահվան դեպքերը պատվաստումների պարտադրանքի դեմ պայքարող մարդկանց ուսերին է։ Մինչդեռ պարտադրանքի դեմ պայքարողները մեղադրում են իշխանություններին գաղտնի կլինիկական փորձարկումների և կորոնավիրուսի բուժումը գաղտնի պահելու մեջ։

Հարցի շուրջ «Փաստարկ» լրատվականը զրուցել է իրավաբան Էմիլ Մարկոսյանի հետ.

  1. Պարո՛ն Մարկոսյան, հատկապես վերջին օրերին քաղաքացիներն ահազանգում են, որ քովիդ- վերակենդանացման բաժանմունքներ ընդունված իրենց հարազատների առողջական վիճակի մասին իրենց տեղեկատվություն չի տրամադրվում, անգամ չեն տեղեկացնում, թե ինչ բուժում է նշանակված։ Արդյո՞ք բժիշկներն իրավունք ունեն առանց պացիենտի հարազատներին իրազեկելու բուժում իրականացնել։

Բոլոր նմանատիպ դեպքերի ժամանակ հորդորում եմ հարազատներին գրավոր դիմում բողոքով անհապաղ դիմել տվյալ հիվանդանոցի գտնվելու վարչական շրջանի դատախազություն։ Ինքս ստանում եմ նմանատիպ բազմաթիվ ահազանգեր և բողոքներ։ Առանց պացիենտի հարազատների բժիշկները կարող են իրականացնել բուժում, եթե դրա անհապաղ կարիքը կա և հարազատների հետ կապ հաստատելը կարող է անիմաստ ծախսատար լինել ժամանակի առումով։ Չեմ կարծում, որ բուժման յուրաքանչյուր փուլում բժիշկները պարտավոր են կապնվել հարազատների հետ և ասել Ձեր հիվանդին սա է պետք կամ նա է պետք, չեմ կարծում բոլորի հարազատները լավ տեղյակ կլինեն բուժման եղանակներից և իրենք բժիշկներից ավելի լավ կիմանան բուժումներից որն է հարկավոր, իսկ որը ոչ։ Բայց այդ ամենը միայն բուժման մասին է, սակայն ոչ այնպիսի դեպքերի երբ իսկապես որոշումը պիտի կայացնեն հարազատները, իսկ ավելի կոնկրետ, օրենքով սահմանված կարգով, մերձավոր բարեկամները, ընտանիքի անդամները։ Այդ դեպքում, իհարկե, բժիշկները պետք է հարազատներից ստանան գրավոր թույլտվություն։

  1. Քաղաքացիները բողոքում են նաև քովիդ — վերակենդանացման բաժանմունքների բժիշկների կոպիտ ու սառը վերաբերմունքից։ Ճիշտ է բժշկական էթիկան չի կարգավորվում որևէ իրավական նորմով կամ օրենքով, բայց ինչպե՞ս պետք է քաղաքացին հասնի նրան, որ բժիշկներն իրենց հետ խոսեն հարգալից, այլ ոչ թե բղավելով կամ արհամարհանքով։

Անգամ եթե բժշկական էթիկան չի նախատեսում որևէ կարգավորում, Հիպոկրատի երդումը և Մարդկային բարոյական նորմերը նախատեսում են, որպեսզի բժիշկները հարգալից վերաբերմունք ցուցաբերեն թե հարազատների, թե բուժվող քաղաքացու նկատմամբ։ Նմանատիպ դեպքերում երբ բժիշկներն անցնում են իրենց վարքի բարոյական սահմանները՝ խորհուրդ եմ տալիս անհապաղ զանգահարել ՀՀ ԱՆ թեժ գիծ և բողոքել վերադասության կարգով։ Կարծում եմ նման բժիշկները վտանգավոր են և հնարավոր է իրենց մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ էլ նույն կերպ են վարվում հիվանդների (պացիենտների) հետ։

  1. Ձեր երեկվա գրառման մեջ անդրադարձել եք Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ նա պատրաստ է իր դստերը պատվաստել։ Դուք առաջարկել եք դա անել անաչառ լրագրողների և փորձագետների ներկայությամբ։ Արդյո՞ք սա իշխանությունների հերթական խաղը չէ՞։

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հայտարարությանն այն մասին, որ նա պատրաստ է իր 12-ամյա աղջկան առաջինը պատվաստել, այո՛ վերհաստատում եմ առաջարկս, և եթե ինքն իսկապե՞ս չունի որևէ մտավախություն, ապա թող առաջինը օրինակ ծառայի։ Բայց կրկնում եմ` հանրության համար պարզ ու թափանցիկ տեսանելի եղանակով, անաչառ լրագրողների ներկայությամբ, սկզբից մինչև վերջ թող պատվաստեն ու այնուհետև խոսեն: Իսկ պատվաստանյութը ևս պետք է տեսանելի եղանակով և պատահականության սկզբունքով վերցվի պահեստում գտնվող տուփերից։ Սպասենք ու համոզվենք` Թորոսյանը կգնա՞ այդ քայլին, թե սա իր կողմից մարդկանց համոզելու անհաջող քարոզչության փորձ էր։ Չեմ կարծում, որ սա իշխանությունների հերթական խաղն է։ Ավելի շատ սա նման է անհաջող քարոզչության, դիմացինին թերագնահատելու հերթական սխալի։

  1. Դուք տեսնու՞մ եք միտում, որ ցանկանում են Հայաստանում երեխաներին նույնպես պարտադիր պատվաստել կորոնավիրուսի դեմ, թե՞ սրանք հանրության որոշ շրջանակների երևակայության արդյունքն են։

Ես ոչ միայն տեսնում, այլ նաև գրեթե ամեն օր տեսնում, լսում ու կարդում եմ այդ մասին։ Հենց նույն Արսեն Թորոսյանը բացահայտ հորդորում է ծնողներին` թույլ տալ պատվաստել իրենց երեխաներին։ Դա անում են նաև Առողջապահության նախարարության տարբեր «քարոզիչներ», ինչն  արդեն ակամայից նյարդայնացնում է։ Եվ ի վերջո, եթե ոչ երեխաների ու ուսանողների, ապա ո՞ւմ համար են այդ ժամանակ բերում 622400 դեղաչափ պատվաստանյութի խմբաքանակը։ Կարծում եմ այսքանով ամեն ինչ ասված է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն