Եվս 3 համայնքապետ հրաժարական է ներկայացրել. Hraparak.am

Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքի ղեկավար Մարտիրոս Տռուզյանը, Հարթագյուղ համայնքի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանը և Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը հրաժարական են ներկայացրել։ Լոռու մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարզպետ Արամ Խաչատրյանն իր ասածն անում է․ ասել էր, որ իշխանություններին չաջակցող համայնքապետերը պետք է հրաժարական ներկայացնեն, նրանցից որոշները դիմադրում են, իսկ որոշներն էլ տեղի են տալիս մարզպետի ճնշումներին։ Օրինակ՝ Օձունի համայնքապետը, որին Արամ Խաչատրյանն իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկել, այդպես էլ հրաժարական չտվեց, իսկ ահա մի շարք համայնքապետեր դիմումներ են գրում և հեռանում։ Այս մասին տեղեկացնում է «Հրապարակը»։

Սարալանջի համայնքապետ Արթուր Սարոյանը «Հրապարակի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու  է համայնքապետի պաշտոնից հրաժարական տվել, պատճառաբանեց, որ առողջական խնդիրներ ունի:

«Պատճառն այն է, որ ես առողջական խնդիրներ ունեմ, մոտ 2 ամիս առաջ սրտի վիրահատություն եմ տարել, դրա համար եմ հրաժարական տվել, այլ պատճառ չկա»,- ասաց Սարոյանը՝ հերքելով, որ մարզպետի կողմից ճնշումներ են եղել։

Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրաժարական է տվել, սակայն իր հրաժարականը բացատրեց հետևյալ կերպ․

«Այո, հրաժարական եմ տվել, այլ աշխատանքի, մասնավոր աշխատանքի եմ անցնում»,- ասաց համայնքապետը: Հարցրինք՝ իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են:

«Այդպիսի բան չի կարող լինել իմ հանդեպ, ինչի՞ պիտի իմ հանդեպ ճնշում լինի․․․։ Չէ, իմ եղբայր, նման թեմա չկա ինձ հետ կապված»,- ասաց Հարությունյանը։

Նոր Խաչակապի համայնքապետ Մարտիրոս Տռուզյանը ևս հաստատեց, որ հրաժարական է տվել, սակայն չցանկացավ պարզաբանել, թե ինչու:

«Ճիշտ ասած․․․, եսիմ․․․, չեմ ուզում խոսել այդ թեմայով, ճիշտն ասած»,- ասաց Տռուզյանը։ Արամ խաչատրյանը չի՞ ստիպել, որ հրաժարական տա:

«Ընդհանուր նորմալ է, իմ կամքով եմ արել»,- ասաց Տռուզյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն