Գիշերը տևական ժամանակ կրակել են նաև Սյունիքի դիրքերի ուղղությամբ. մանրամասներ

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ գիշերը խիստ անհանգիստ է եղել նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի սահմանին։ Թշնամին հրաձգային և խոշոր տրամաչափի զինատեսակներով տևական ժամանակ կրակ է բացել հայկական դիրքերի, գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումից հետո թշնամին ապօրինաբար ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք` զավթելով Տեղ համայնքի շուրջ 170 հա արոտավայրերը։ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի այս քայլին ոչ մի կերպ չեն արձագանքել։

Տեղը այն համայնքն է, որի մարզպետը ստանալով մոտ 70 խոտհնձիչ և այգիների հողը մշակող սարքեր, դրանք պահել է իր բարեկամի անձնական տարածքում և խոտհունձի շրջանում չի բաժանում գյուղացիներին. չնայած անցել են բոլոր սահմանված ժամկետները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` մարզպետը ցանկանում է իր քրոջ որդի Սասունին նշանակել համայնքի ղեկավար, ով և կկատարի այդ բաժանումները` հավանաբար ձմռանը` ձյուն հնձելու համար։

Սա այն նույն համայնքն է, որտեղ գյուղացիներին զրկում են խմելու ջրից` պարզապես փակելով դեպի գյուղեր գնացող խողովակաշարերի փականները։ Ո՞վ կարող է ապրել առանց ջրի։

Սա այն համայնքն է, որտեղ ապրում են բազմաթիվ որբեր` մի ծածկի տակ` թշնամու զինվորի նշանառության ներքո։

Սա այն նույն համայնքն է, որի մարզպետի որդին մասնակցել է փոխհրաձգության, դեռևս «ակտիվորեն» փնտրվում է իրավապահ կառույցների կողմից, սակայն փաստացի հանգիստ նստած է տանը։

Տեղն այն նույն համայնքն է, որտեղ օրեր առաջ թշնամին հեկտարներով ցորենի արտեր այրեց` հայ գյուղացու աշխատանքը ջուրը նետելով և բոլորիս մատնելով սովի, որովհետև գյուղացին չուներ ցորենը հնձելու հնարավորություն։ Ինչպես և սպասելի էր` ՀՀ իշխանությունները որևէ կերպ սրան էլ չարձագանքեցին։

Եթե չլիներ «Փաստարկ» լրատվականն իր համառությամբ, ապա հավանաբար` այս ամբողջ կեղտը կմնար ջրի տակ` ստեղծելով պարզ ու պայծառ կյանքի տպավորություն, բայց իրականում` դանդաղ թունավորելով հայկական իրականությունը։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լուռ է նաև հայկական դիրքերի ռմբակոծության մասով։

«Փաստարկը» ՉԻ ԼՌԵԼՈՒ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն