Սյունիք մարզի Տեղ համայնքի բնակիչներն ահազանգում են

Սյունիք մարզի Տեղ համայնքի բնակիչներն ահազանգում են, որ համայնքում խոտհունձի մեքենաներ կան, սակայն մարզպետը դա իրենց չի տրամադրում՝ պատճառաբանելով, որ տեխնիկան կտան, երբ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին նշանակվի Տեղ համայնքի ղեկավար։ Մելիքսեթ Պողոսյանն ասում է, որ դա, տեխնիկայի տրամադրման խնդիրն, իրեն չի պատկանում, տեխնիկայի տրամադրման աշխատանքներն անձամբ վերահսկում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղևոնդյանը․ «Կառավարության ծրագիր է, հիմա մարզում աշխատանքային խումբ է աշխատում, որոշում են կայացնում, ապա նոր տրամադրում են: Այս պահին Կապանի գյուղերում են, հենց վերջացնեն` անցնելու են Տեղ համայնքին»։

Մարզպետ Պողոսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, այն լուրը, որ իր քրոջ որդին շուտով նշանակվելու է համայնքի ղեկավար․ «Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Ես չգիտեմ իմ քրոջ տղան նշանակվելո՞ւ է համայնքի ղեկավար, թե՞ ոչ, բայց մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Ով ասել է, սխալ է ասել։ Մենք դեռ ունենք ղեկավար՝ Ներսես Շադունցը, ով այս պահին աշխատում է»։
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ այս պահին կառավարության 3-4 հոգանոց փորձագիտական խումբը Կապանի Եղվարդ գյուղում է․ «Տեխնիական նախապես տեղակայվում է համայնքում, ցուցակները մարզպետարանում հստակեցվում են, ապա նոր տրամադրվում է բնակիչներին։ Սյունիքում այս պահին մնացել է 2 համայնք»։ Վարչապետի խորհրդականը չի կիսում բնակիչների այն կարծիքը, որ մի քանի օրն անգամ կարող է բերել խոտի չորացմանն ու անպետքությանը․ «Ես լսել եմ, նման խոսակցություններ, որ մարդիկ ասում են խոտը չի հնձվում և այլն, բայց իրականում այդ գործիքները նախատեսված չեն մեծ դաշտերում խոտ հնձելու համար, ավելի շատ օգտագործվում են փոքր այգիներում։ Հիմնական շետշը դրվում է այգեգործության վրա, հիմա նույնսիկ վարելու ժամանակահատված չէ։ եթե նույնիսկ հիմա տրամադրենք, իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ վարելու գործընթացը սկսվում է աշնանը։ Խոտհնձիչները ընդամենը կոմպոնենտ են և շատ քիչ են իրենց քանակով։ Սովարաբար 25 մոտոբլոկին տրամադրվում է 2-3 փոքր խոտհնձիչներ»։
Սյունիքի մարզպետ Մելեիքսեթ Պողոսյանի քրոջ որդու Տեղ համայնքի ղեկավար նշանակելու մասին լուրերը վարչապետի խորհրդականն «անհիմք ասեկոսե» է որակում․ «Մարզպետարանը ընդհանրապես կապ չունի դրա հետ, մարզպետը չի որոշում ում տրամադրի, ում՝ ոչ։ Որևէ լիազորություն այս համատեքստում մարզպետարանը չունի։ Վարչական ղեկավարը բնակչության հետ միասին է որոշում, թե ո՞ւմ տրամադրվի տեխնիկան և եթե հանկարծ լինում են դժգոհություններ, ապա փորձագիտական խումբը գնում է և բացահյտում է խնդիրը։ Մինչև վերջին խնդիրը չի լուծվում, տեխնիկան չի բաժանվում։ Բացառված է գործընթացի որևէ շեղում, ես անձամբ եմ վերահսկում։ Այս պահին, բաժանված գյուղերում, չկա մեկ դեպք, որ խնդիր առկա լինի»։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ կապվել չհաջողվեց՝ օգնականը փոխանցեց, որ նա դիրքերում է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն