Համայնքապետերին ու զինվորականներին տեսնելով` թշնամին գլուխն անգամ չի հանել խրամատից. ինչ է տեղի ունեցել Տեղում։

«Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ-Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորներն իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։
Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը` Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։ Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել է տարածքից»,- հայտնում է Տեղի համայնքապետարանը։
Այս մասին տեղեկատվություն է տարածել նաև պահեստազորի սպա Եփրեմ Մարգարյանը, ով Տեղի համայնքապետարանի հայտարարության մեջ նշված փորձառու կամավորականներից է և պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները ամենավտանգավոր կետերում։
«Հարգելի՛ հայրենակիցներ, սույն միջադեպը տեղի է ունեցել, բայց այդպես ճոխ մատուցել պետք չէ։ Ես այսօր եղել եմ տվյալ տարածքում, և խոտհունձը կատարվել է մինջև վերջ։ Առաջին բանակային կորպուսի հրամ.կազմի հետ, համայնքապետերի և իմ ու Գնել Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ մեր գյուղացիները հանգիստ աշխատել են, իսկ հակառակորդը, տեսնելով, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, նույնիսկ չի մոտեցել մեր գյուղացիներին: Այնպես որ, շնորհակալություն բրիգադի սպայական անձնակազմին, որ նրանց հետ համագործակցելով կարողացանք բոլորս միասին ապահովել այդ աշխատանքների ապահով լինելը, հատուկ շնորհակալութուն նաև համայնքի ղեկավարներին, ովքեր միշտ կանգնած են բանակի և ժողովրդի կողքին:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն