Հասարակություն ՍԱ, ԵՐԵՒԻ ԹԵ, ԲԱԺԱԿԻ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼՆ ԷՐ, ԵՐԲ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՏԵՑ․ ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով Նորայր Միրզոյանին ռուս խաղաղապահները հանձնել են Արցախի քննչական կոմիտեին, և նա այժմ քննչական կոմիտեում է․

«Առավոտյան կատարված միջադեպից հետո իրավիճակի լարում, սրում չկա, իրավիճակն ընդհանուր առմամբ արդեն կայուն է, եթե դա կարելի է կայուն անվանել։ Իմ ունեցած տվյալներով Նորայր Միրզոյանը այժմ գտնվում է Արցախի Քննչական կոմիտեում, այսինքն՝ ռուս խաղաղապահներն արդեն հանձնել են հայկական կողմին»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ըստ Արցախի ԱԱԾ հաղորդագրության՝ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Հետագայում պարզվեց, որ պայթուցիկ սարք նետած քաղաքացին արցախցի Նորայր Միրզոյանն է։

Հարցին, թե ինչպիսի՞ արձագանք է ստացել դեպքը Արցախում, ողջունվո՞ւմ է Միրզոյանի գործողությունը արցախցիների կողմից թե դատապարտվում, Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորը պատասխանեց․

«Արցախցիների մոտ կարծիքները տարբեր տեսակի են, բայց երբ դրանք ի մի ես բերում, բոլորի մոտ մի տեսակ կա հույս արթնացած և ոգևորություն՝ ոչ թե այն առումով, որ ողջունում են ու ասում, որ անընդհատ այդպիսի բաներ պիտի անել, այլ որ իրականում հայի կերպարը հենց այսպիսին է, այսինքն՝ հայը վախկոտ չէ, հայը փախչող չէ, հայը այդ քոչվոր ցեղի առջև երբեք ծնկաչոք չի եղել և չի լինելու, դրանք հայի կերպարի կեղծ ներկայացումներ են, որ մեկ տարի շարունակ փորձում էին աշխարհին ներկայացնել։ Իրականում հայը կարող է կանգնել, պաշտպանել, հայը թասիբ ունի, և ինչպիսի կերպար որ ունեցել է, այդ կերպարի մեջ էլ մնացել է։ Գիտեք՝ այստեղ չես կարող միանշանակ դատապարտել կամ ասել, որ ճիշտ է արվել, հասկանալի է, որ անելանելի վիճակից ելնելով է սա արվել, որովհետև այսօր յուրաքանչյուրս՝ ապրելով Արցախում, պարզ և շոշափելի զգում ենք իշխանությունների անտարբերությունը Արցախում բնակվող քաղաքացու նկատմամբ։ Փաստը նոյեմբերի 8-ին Մարտիկ Երեմյանի սպանությունն է և ջրմուղի 3 աշխատակիցների վիրավորումը, երբ ադրբեջանցին կարող է անարգել մոտենալ և մոտիկ հեռավորությունից անարգել կրակ արձակել խաղաղ բանվորների ուղղությամբ ու սպանել։ Սա երևի թե բաժակի վերջին կաթիլն էր, երբ համբերությունը ուղղակի լցվեց։

Այս ձևով հայը ցույց տվեց, որ ինքը կարող է ինքնապաշտպանվել, և սա ինքնապաշտպանության դրսևորում է, և միանշանակ չի կարելի դատապարտել և նաև չի կարելի ոգևորել, որպեսզի այս ամենը չվերածվի քաոսի։ Սա ուղղակի պիտի սթափեցնի իշխանություններին, որպեսզի լինեն իրենց տեղում, կատարեն այն գործառույթները, որոնց համար իրենք այսօր կան, հակառակ դեպքում՝ նման դեպքերը շարունակական են լինելու և ողջ պատասխանատվությունն ընկնելու է Արցախի իշխանությունների վրա»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն