Հատված Շուշիի ազատագրման պատմությունից. ԱՎՀ

1992 թվականի մայիսի 8-ի առավոտյան ՀՀ և Արցախի զինված ուժերը սկսեցին Արցախի Շուշի քաղաքի ազատագրումը:

Շուշիի ազատագրումը (հայտնի է նաև Հարսանիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի ազատագրում անվանումներով), Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն է, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի  Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում ու իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից։

Շուշիի կոտորածներ 1920թ.

Շուշիի ջարդեր.
1920 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվեց Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող` Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ջարդերի հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց, մյուսները տեղահան արվեցին։

Ստեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի ռմբակոծում`ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից.

Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը։ Կաթվածահար վիճակում էր գտնվում հաղորդակցությունը։ Շուշին վերածվել էր` Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով Արցախի Հանրապետության պաշտոնական տվյալներով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

1991 թվականի վերջին, 1992 թվականի սկզբին ինքնապաշտպանության ուժերի հայկական զինված ստորաբաժանումների հաջող գործողությունները, մի շարք ադրբեջանական կրակակետերի ճնշումը, Խոջալու բնակավայրի ազատագրումն ու օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական նախադրյալներ` Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։

Առանձին ռազմական գործողություններ.
Առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է ետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորներ։

Այդ հարձակումից հետո շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժն արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։

Հարսանիք լեռներում ռազմագործողություն.
Ռազմագործողության ընդհանուր հրամանատար է նշանակվում Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։ Ի սկզբանե նախատեսվում էր ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունն այն հետաձգեց։

Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը։

Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը։

27.09.2020թ. սանձազերծված ու դավաճանաբար ՄԵԶ պարտության մատնած իշխանության կողմից Շուշի քաղաքը, գրեթե առանց լուրջ մարտի, հանձնվեց թշնամուն: Դա մեծ ցավ և հիասթափություն առաջացրեց համայն հայության մոտ: Բայց վստահ ենք, որ ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՍ, չենք համակերպվի այդ դավաճանության հետ և շատ մոտ ապագայում այն նորից կլինի իր ՏԵՐԵՐԻ՝ ՄԵՐ ձեռքերում:

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ !!!

“Ազգային Վերահսկողության Համակարգ”

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն