Հայ-ադրբեջանական բանակցություններ, բանակի վերափոխում․ ինչպե՞ս են քաղաքական ուժերը լուծելու անվտանգության խնդիրները

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի հիմնական մասն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Ակնհայտ է, որ  բոլոր ուժերի ծրագրերում առանցքային նշանակություն է տրվում անվտանգության  հարցերին։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի գերակշիռ մասն անվտանգության ներկայիս մակարդակը ողբերգական է համարում ու ծրագրերում առանցքային տեղ հատկացնում անվտանգության խնդիրներին։ Վիճակը, ընդհանուր առմամբ, գնահատվում է վտանգավոր ու ողբերգական, մոտեցումները փոփոխության հասնելու՝ տարբեր են:

Այսպես, անվտանգային փլուզված համակարգի վերականգնման հիմքում «Վերելք» կուսակցության առաջնորդ Ալեքսան Մինասյանը տեսնում է բանակի վերափոխման տարբերակը: Ընտրություններին մասնակցող ուժերի շարքում «Վերելք»-ը 20-րդն է: Պետք է բանակն ամբողջությամբ փոխվի՝ նոր բանակ, նոր մարտավարություն, նոր հրամկազմ ու մոտեցում՝ ահա թե ինչ է առաջարկում զինվորական քաղաքական գործիչը.

«Մենք հնարավորություն ունենք մեր պատերազմը տեղափոխել իրենց տարածք։ Նոր տեսակի՝ ճակատային զորքեր, որոնք պիտի առաջ շարժվեն։ Նկատի ունեմ՝ զորքեր, որոնք կարող են պատերազմը տեղափոխել  թիկունք, և այնտեղ հակառակորդը չի կարողանում  հասկանալ՝ դա իր զորքն է, թե իր զորքը չէ, և ԱԹՍ-ն չի աշխատում այդ պարագայում, քանի որ դու գտնվում ես նրանց սահմանում»։

Բանակի բարեփոխման տեսլական ունի նաեւ «Հայոց հայրենիք» կուսակցությունը:  Կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ  պիտի ունենանք ուժեղ, պայմանագրային, 6-րդ սերնդով մոդեռնիզացված բանակ: Երկրի անվտանգությունը Արտակ Գալստյանը կապում է ռազմարդյունաբերության զարգացման հետ։ Ուսումնասիրել են ոլորտը զարգացնելու Հայաստանի նախադրյալները.

 

«Ընդ որում՝ այս երեք տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ ներկայացվել են Նիկոլ Փաշինյանին: Ասել ենք, որ կարող ենք ունենալ մեր տեղական արտադրությունը։ Մերժվել են անխտիր բոլորը։ Ուժեղ բանակը պիտի բերի գոնե թե ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Նոյեմբերի 9-ից  մինչև այսօր մոտավորապես 5 հազար քառակուսի կմ-ով պակասել են Հայաստանի տարածքները։ Դրանից հետո պետք է վերականգնվի Արցախի տարածքային ամբողջականությունը։ Ես չեմ ասում Արցախի ստատուսի հարցը հենց էս փուլում, բայց տարածքային ամբողջականությունը, գտնում եմ, որ ռեալ է վերականգնելը։ ՀՀ և Արցախի օդային տարածքը փակելու համար շատ ուռճացված հաշվարկներով անհրաժեշտ է ընդամենը 10-15 մլն դոլար»։

Անվտանգային խնդիրներն Առաջին Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ է դիտարկում «Ազգային ժողովրդավարական բևեռը»: Ընտրվելու դեպքում պաշտոնապես դիմելու է ԱՄՆ-ին՝ ստանալու ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը, որը թույլ կտա իրական երաշխիքներ ստանալ ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլև ռազմարդյունաբերության և տեխնոլոգիաների կիրառման։ Անվտանգության համակարգի իրենց տեսլականն է պարզաբանում այս ԱԺԲ-ի անդամ Արա Պապյանը.

«Մենք առաջարկել ենք շատ հստակ։ Այն կոչվում է  ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակից։ Այդ կարգավիճակն է։ Մենք այդ ուղղությամբ մեր չափով այդ հարցերը քննարկում ենք ԱՄՆ-ի հետ։ Եթե խորհրդարանում ունենանք մեծամասնություն, բնականաբար, շատ ավելի լուրջ կարող ենք այդ հարցը քննարկել։ Եթե մեծամասնություն չլինենք, լինենք մաս, էլի ենք քննարկելու, եթե չլինենք՝ էլի ենք քննարկելու, որովհետեւ միակ փրկությունը սա է։ Որովհետև տարօրինակ վիճակ է՝ կա ԱՄՆ-Թուրքիա դե յուրե դաշնակցային հարաբերություններ, բայց դե ֆակտո՝ արդեն թշնամական, և հակառակը՝ կա Հայաստան-Ռուսաստան դե յուրե դաշնակցային հարաբերություններ և էլի դե ֆակտո՝ թշնամական հարաբերություններ»։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն