Հայի էություն` քաղաքակրթական գաղտնիքներ

Մենք շատ ենք խորհրդածել մեր կեցության գաղտնի շերտերի և գաղտնիքների մասին: Բայց այդ խոկումները երբեմն անպտուղ ու սին են եղել, քանի որ լրջորեն խորամուխ չենք եղել քաղաքակրթական մեր կոդի ու հոգեկերտվածքի առեղծվածների մեջ: Ժամանակավոր մեր ձախորդությունները և անհաջողությունները հոգեկան ու մտածական խեղումների հետևանք են: Եվրոպացի գիտնականներից մեկը խորությամբ զննել է հայերի պատմության դրվագները և եկել ապշեցուցիչ եզրակացության: Նա մասնավորապես ասել է.«Եթե հայերն իրենց դժվարին պատմության ընթացքում ստիպված չլինեին մղել 2500-3000 փոքր ու մեծ ճակատամարտ, ապա այժմ կարող էին լինել բազմաքանակ ժողովուրդ և իրենց կամքը թելադրել աշխարհին»: Ուշագրավ և ուսանելի դիտարկում է: Չմոռանանք նաև մեծ անգլիացու՝ ազնվական Ջորջ Գորդոն Բայրոնի դիպուկ բնութագրումները, որոնք մեզ համար ունեն ինքնաճանաչման անուրանալի արժեք: Հիշենք թեկուզև հետևյալ եզրահանգումը. «Աստվածները խոսել են հայերեն»: Սա արդեն քաղաքակրթական լրջագույն գնահատական է: Հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մենք հիմնականում հաղթում էինք, բայց մեծ հաշվով նաև ժամանակավորապես տեղի տալիս: Մեր համոզմամբ՝ խնդիրը աստվածային մեր ծագման և տիեզերական առաքելության մեջ է: Հազարամյակների մեր պատմական վայրիվերումների ընթացքում մենք կարողացել ենք ստանալ երկնային ազդակներ, կենսաէներգետիկա և պահպանել տիեզերական օրենքներն ու օրինաչափությունները, ինչպես և բարոյական չափանիշները: Նաև հայերը բացառիկ հմտություններ և կարողություններ ունեն օտար միջավայրում իրենց դիմագիծը պահպանելու և ներդաշնակվելու տվյալ էթնիկ միջավայրի հետ՝ առանց ներհակ ու աններդաշնակ դրսևորումների: Սա, հարկավ, զարմանալի իրողություն է: Դա ևս մեկնաբանվում է պատմական մեր գործառույթով: Հայի տեսակին վերջ չի կարող լինել, քանի որ դա չի բխում Տիեզերքի կարգուսարքից և տրամաբանությունից: Դրա լավագույն հավաստումը Արցախյան վերջին պատերազմն էր, որը հաղթել է Հայոց Բանակը: Սակայն սա չեն ընդունում մեր թշնամիները, նաև մեր տականքը: Հայ ռազմիկը հաղթում է, քանի որ իր նկարագրում հրաշալի կերպով ներդաշնակում է հոգևոր և ֆիզիկական իր շնորհները: Բացի այդ նա անսահմանորեն սիրում է իր ազգն ու հայրենիքը, որն անսպառ ներշնչանքների աղբյուր է: Առայժմ ասպարեզում ժամանակավորապես գործում է պլեբսը, որպեսզի առավել ցցուն դարձնի ազնվական դասի պատմական մոտակա նորամուտը քաղաքականության ոլորտ: Հայությանը սպասում են ազգային-ազատագրական մեծ վերելք և հոգենորոգում՝ հանուն համամարդկային գաղափարների և իղձերի: Դրա հետևանքով կստեղծվի Մեծ Հայաստան` իր իրական ծավալներով ու ընդգրկումներով: Ընդ որում, այդ կազմավորումը ունենալու է տիեզերասիրական, համամոլորակային, մարդասիրական և այլասիրական հզոր տարերք ու բովանդակություն: Չէ՞ որ հայկական կայսրությունները (Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի և այլն) հենց եղել են այդպիսի էությամբ: Կարծում եմ, որ մենք պետք է հավատանք մեր հնարավորություններին ու ձգտումներին: Լավատեսությունը, հավատը, կենսասիրությունը և դրական էներգետիկան կարող են հրաշքներ գործել: Մենք անվերապահ հաղթանակների ու արարչական մեծագործությունների նախաշեմին ենք: Հավելենք, որ մարդկությունը ակնկալում է մեր հաղթարշավը և աշխարհի վերափոխումը: Այդ մասին վկայում են բազում օտար մտավորականներ:

Ռուբեն Նահատակյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն