ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանին հեռացրել են թատրոնից` չպատվաստվելու պատճառով

Hayeli.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը հրաժարվել է պատվաստվել COVID-19- ի դեմ, որի պատճառով Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանի կողմից ստացել է արդեն երրորդ նկատողությունը:
Այս քայլից հետո դերասանը հեռացվել է թատրոնից:
Ի պատասխան՝ Մուրադ Ջանիբեկյանը դիմել է դատարան՝ բողոքարկելու այդ որոշման դեմ:

Մուրադ Ջանիբեկյանի խաղացած դերերից են` Մարկիզ դը Գրիե` Դոստոևսկու «Խաղամոլը», Կույր վանական` Շանթի «Հին աստվածներ», Սթենլի` Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ», Զորավար Անդրանիկ` Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը», Սողոմոն Թեհլերյան` Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Ֆերոն` Բայերի «Դեպք մետրոյում» և այլն:

Վերջին դերի համար 1988թ. արժանացել է համամիութենական թատերական փառատոնի գլխավոր մրցանակին: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Չհարմարվող մարդը» (1978թ.), «Ձյունե հարսանիք» (1981թ.), «Հատակում» (1987թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992 թ.) այլն: Նկարահանել է «Համլետ» գեղարվեստական ֆիլմը, որը 2005թ. արժանացել է ԱՄՆ-ի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր» մրցանակների:

2000թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2003թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, համահայկական «Վահագն» մրցանակի, 2005թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: 2013 թ. արժանացել է ՀԹԳՄ Վահրամ Փափազյանի անվան Հատուկ մրցանակի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն