ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ. ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Նախորդ հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք քաղաքագետ, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի «ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ԵՎ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ» հոդվածը։

Ի՞նչ կապ են ունեցել Հոկտեմբերի 27-ի դեպքերը գլոբալացման գործընթացների հետ։ Այս կարևոր հարցի պատասխանը կարող եք ստանալ հոդվածի շարունակության մեջ ստորև։

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՄՈԴԵՌՆ-ՊՈՍՏՄՈԴԵՌՆ ՍՑԵՆԱՐԸ

Բնական հարց է առաջանում: Ինչ՞ կապ ունեին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը նկարագրվածների հետ:

Սկսենք ոչ վաղ անցյալի ժամանակագրությունից: Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետական Կուսակցության ստեղծումով ազդարարեց նոր գործընթացի սկիզբ, ավելի ճիշտ` գլոբալիզացման պատասխանի մեկնարկ: Պատասխան ոչ այնքան մարտահրավերներին հակադրման առումով, որքան այդ մարտահրավերում իր ժողովրդին շահեկան ուղղումներ կատարելու և առաջարկելու առումով, սեփականը համամարդկայինի հետ համադրելու, ներդաշնակելու առումով: Պահպանողական բնույթի Հանրապետական կուսակցության ծրագիրը հետապնդում էր այդ ռազմավարությունը և հենված էր գերազանցապես մեր սեփական մշակույթի գծային բաղադրիչի վրա, ինչը հակացուցված էր մոդեռն-պոստմոդեռնի սցենարով: «Ազգային և լիբերալ արժեքների սինթեզ»,- հենց այսպես էլ ասում էր երջանկահիշատակ Հայոց Սպարապետը:

Հետագայում «Միասնություն» դաշինքը պետք է է՛լ ավելի համալրեր և համակարգեր նրա ռազմավարությունը՝ ի դեմս ժողովրդի կողմից «Շինարար» որակավորումը ստացած Կարեն Դեմիրճյանի իմաստության: Նրանք էին, որ պիտի հայտարարեին «Մեր տունը մենք պիտի կառուցենք» (ասել է թե՝ մենք ենք մեր տարածություն-ժամանակ-մշակույթի տնօրինողը, մեր ապագայի տնօրինողը) կամ «Հայաստանը որբ երեխա չէ, և ոչ էլ տասականների Չուկոտկան, որ ոնց ուզեք գլուխը խուզեք»: Եվ այս ամենն այն պարագայում, երբ մոդեռն-պոստմոդեռնը այլոց տարածություն-ժամանակ-մշակույթի օգտագործումը նախատեսել է իր սեփական տրանսազգային կորպորացիաների ձեռքով:

ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ

Այդ մտադրությունը հավաստում է Վ. Սարգսյանի հետևյալ միտքը. «Եվրոբանկը հետաքրքրություն է ցուցաբերում ՀՀ-ի առանձին ձեռնարկությունների առողջացման և աշխատանքի կազմակերպման ուղղությամբ, հատկապես գունավոր մետալուգիայի ասպարեզում, ցեմենտի արտադրության և այլուր: Այս ծրագրերը քննարկման կարիք ունեն (այսուհետ հանդիպող ընդգծումները մերն են-հեղ.) և պայմանավորվեցինք ՀՀ կառավարության ներկայացուցիչներին հոկտեմբեր-նոյեմբերին գործուղել Լոնդոն՝ վերոհիշյալ և այլ հարցերի շուրջ Եվրոբանկի հետ բանակցելու նպատակով»: Քննարկման կարիք կար, որովհետև Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը դեմ էին լինելու մնալ սոսկ շահագործվող տարածության ղեկավարներ, և իրենց ժողովրդին է վերապահված այդ տարածության շահագործման և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը: Կախյալ վիճակից համագործակցության տանող նրանց ռազմավարության վառ ապացույց է հանդիսանում հետևյալ միտքը. «Մենք փորձում էինք ապացուցել, որ ժամանակն է մարդասիրական օգնություններից անցնել լիարժեք համագործակցության, որպեսզի աշխատենք զարգացման ծրագրերի վրա»: Որովհետև «ԱրմենՏելի» դառը փորձը և ինֆորմացիոն հասարակության կայացման անհրաժեշտությունը նրանց այլ բան էր հուշում. «Եվրոբանկն արդեն մեկ տարի է՝ պատրաստակամություն է հայտնել «ԱրմենՏելին» մեծածավալ վարկեր տրամադրել, որպեսզի «ԱրմենՏելը» այդ վարկերի միջոցով կարողանա կատարել իր պայմանագրային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ: Ցավոք, «ԱրմենՏելը» մինչև հիմա այդ վարկերից չի օգտվել: Չօգտվելով՝ միաժամանակ չի կատարում պայմանագրային պարտավորությունները մեր նկատմամբ»: 2000թ. մարտին կլրանա պայմանագրի առաջին փուլը, որի ընթացքում շուրջ 100 միլիոնի ներդրում պիտի անեին, բայց այդ ներդրումները արված չեն: Եվրոբանկը իր պատրաստակամությունը հայտնեց` օժանդակելու «ԱրմենՏելին» վարկերով: Մենք ևս կարծում ենք, որ խնդիրը պիտի արագացվի»:

«ԱրմենՏելի» սեփականաշնորհման իրողությունն էր, որ հարկադրեց նրան` հեգնելով ասել. «Եթե սեփականաշնորհումը այդքան բարեբեր, առողջարար է, ինչպես մեզ համոզում են, ապա դա կրքեր է բորբոքելու, անհամաձայնություններ են լինելու, քննարկենք, տեսնենք ինչ ենք որոշում»:

Այլոց տրանսազգային կորպորացիաներին, ձեռնարկություններին սեփականը հակադրելու, մրցակցության մեջ դնելու համար էր, որ ասաց. «Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրեն պրն. Ջեյմս Վուլֆենսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև բիզնես-ֆորումի խնդիրները, որը, ըստ իր առաջարկի, պիտի իրականացվի հայ խոշոր բիզնեսմենների մասնակցությամբ: Պայմանավորվեցինք, որ այն տեղի կունենա 2000թ. մայիսին Լոնդոնում` ՀԲ-ի և ՀՀ կառավարության համատեղ ձեռնարկմամբ: Ֆորումին մասնակցելու իրենց համաձայնությունը տվեցին նաև Եվրոբանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), ֆինանսական-տնտեսական այլ կազմակերպություններ: Պարոն Ջեյմս Վուլֆենսոնն առաջարկեց ֆորումը միջազգայնացնել: Իր կողմից նա կհրավիրի խոշոր բիզնեսմենների, ֆինանսական-տնտեսական կազմակերպությունների՝ աշխարհի այլ երկրներից: Մինչև հոկտեմբեր մենք կներկայացնենք այն հայ բիզնեսմենների ցանկը, ովքեր կհրավիրվեն: Մինչև դեկտեմբերի 1-ը կներկայացնենք շուրջ 10 ծրագրեր՝ ճյուղային զարգացման կամ առանձին ձեռնարկությունների զարգացման, որպեսզի խոսակցությունը նաև առարկայական լինի: Համատեղ այդ 10 ծրագրերից կընտրենք յոթը-ութը և դեկտեմբերի վերջին կուղարկենք հրավերները: Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է: Կարծում եմ, եթե մենք պատվով անցկացնենք, օգտակար գործողության գործակիցը շատ բարձր կլինի»:

Կրկին սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ զգուշավորությունից էր, որ էլեկտրաեներգիայի բաշխիչ ցանցերի նկատմամբ ավելի իրատեսական էին նրա մտորումները. «Եվրոբանկը իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման՝ շուրջ 20 մլն դոլարի չափով կամ 20 տոկոսի չափով, որը բանակցելու առարկա է։ Նույն սկզբունքով Եվրոբանկը պատրաստ է մասնակցել Կրբոտերմինալի հետագա ճակատագրի խնդրին՝ պատրաստ է ՀՀ-ին` իրեն պարտքի չափով (շուրջ 16 մլն. դոլար) դառնալ բաժնետեր»:

Սակայն, պրոլոբների այսօրվա աշխարհատնտեսական շահարկումները հիմք են տալիս մտածել, որ մեզ մոտ դեպի տարբեր աշխարհաքաղաքական բևեռների կենտրոնախույզ միտվածության ու համագործակցության մոդելների տարբերություն կա:

Շարունակությունը կարող եք ընթերցել վաղվա մեր հրապարակման մեջ։

Մ.Մարգարյանի բոլոր հոդվածները կարող եք կարդալ նրա բլոգում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն