Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ «անպարտելի ռազմական ուժ» է ստեղծելու

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ «անպարտելի ռազմական ուժ» է ստեղծելու ՝ ԱՄՆ սպառնալիքներին հակազդելու համար:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ զենքի մշակման ծրագիրը նաեւ ինքնապաշտպանության համար է եւ նպատակ չունի պատերազմ սկսելու:

Կիմն իր ռազմական հզորության մասին հայտարարությունն արել է պաշտպանական ցուցահանդեսում, որտեղ զետեղված են եղել հրթիռների մեծ տեսականի և մի շարք ռազմական մեքենաներ, այդ թվում ՝ տանկեր:

Հյուսիսային Կորեան օրերս նոր գերձայնային եւ զենիթային հրթիռներ է փորձարկել:

«Մենք ոչ մեկի հետ պատերազմի մասին չենք խոսում, այլ խոսում ենք պատերազմը կանխելու և ազգային ինքնիշխանության պահպանման մասին», — ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Կիմը նաև մեղադրել է ԱՄՆ-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվածություն առաջացնելու մեջ և հայտարարել, որ չկա որևէ պահվածք, որը կստիպի Հյուսիսային Կորեային հավատալ, որ «ԱՄՆ-ը թշնամի չէ»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ իրենք ցանկանում են հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ, սակայն պայման են դրել, որ Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային զենքից ՝ պատժամիջոցները մեղմելու համար: Հյուսիսային Կորեան մերժում է այս խնդրանքը:

ՄԱԿ-ն արգելել է Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի փորձարկումները, սակայն Հյուսիսային Կորեան հաճախ խախտում է այդ արգելքները և պատժամիջոցներ են կիրառվում երկրի նկատմամբ:

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն անցյալ ամիս հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան վերագործարկել է ռեակտորը միջուկային զենքում օգտագործվող պլուտոնիում արտադրելու համար, և այդ զարգացումը «խորապես անհանգստացնող» է:

Մյուս կողմից, Հյուսիսային Կորեան միշտ հայտարարում է, որ պետք է շարունակի զենք մշակել` երկիրը պաշտպանելու համար: Որոշ դիտորդներ մեկնաբանում են, որ Հյուսիսային Կորեայի այս հռետորաբանությունը նպատակ ունի «քաջալերել» երկրի` գնալով աղքատացող ժողովրդին:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն