Ի՞նչ է փնտրում կապիտուլյանտ իշխանությունը Հանրապետության Հրապարակի ստորգետնյա քաղաքում՝ ավտոկայանատեղիների համար կառուցվելիք հարմար վայր, թե՞ ադրբեջանական պատմական «Էրիվան»

Ինչպես արդեն տեղեկացրել է «Փաստարկ» լրատվականը, Հանրապետության Հրապարակի շատրվանների հարևանությամբ վերջին օրերին հողային, շինարարական աշխատանքներ են կատարվում։

Ավելի վաղ՝ դեռևս անցյալ տարի, ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էին, որ մոտ ապագայում նախատեսվում է սկսել Հին Երևանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները. «Հանրապետության Հրապարակն, արդյունքում, կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,– նշել էր Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում և գրառմանը կից լուսանկարներ էր հրապարակել։ Միաժամանակ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էլ գրել էր, որ իրենք մասնագետների հետ քննարկում են հին քաղաքի վերականգնման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ 2003 թվականին, Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակի ողջ տարած­քում «Լինսի» հիմնադրամի միջոցներով՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, բարեկարգման, շինարարական աշխատանքներ էին իրականացվել։

Ասֆալտե շերտը քանդելու ընթացքում, տեղում՝ անակնկալ կերպով, բնակելի շինությունների ստորգետնյա բաժանմունքներ էին բացվել, որոնց ուսումնասիրությունը հնությունների պահպանության գործակալության կողմից, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին էր հանձնարարվել։

Լիազորված խմբի (պ.գ.թ. Գ. Կարախանայան, պ.գ.թ. Ֆ. Բաբայան, պ.գ.թ. Ա. ժամկոչյան, ճարտարապետ Ա. Հովսեփյան) տեղում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ դրանք անցյալ դարերին պատկանող բնակելի շենքերի նկուղային հարկաբաժիններ են (մառաններ)՝ կառուցված որոշակի ամ­ֆիլաղային հատակագծով, որմնամույթերի վրա պահվող թաղակապ ծածկերով, կամարակապ բարձր և լայն պատուհաններով, սալարկած տուֆաքար հատակներով, ընդլայնական պատերի բացվածքներով և շինարարական բազմաթիվ այլ հնարանքներով։

Բնակելի և տնտեսական նպատակի ծառայող շինությունները ձգվում էին դեպի արևելք` մի կողմից հրապարակի ժամացույցի, մյուս կողմից՝ շատրվանների ուղղությամբ։ Նույնատիպ շինություններ բացվել են նաև նախկին «Արմենիա» (այժմ «Մարիոթ») հյուրանոցի մուտքի դիմաց, որը ջրով լցված լինելու պատճառով հնարավոր չեղավ պեղել։

Հրապարակի մակերեսը խճանկարով հարդարելու նպատակով պեղված տարածքը արագընթաց ծածկվել էր հողով և ավազով` ուսումնասիրությունը թողնելով ապագա սերունդներին։

Տեղեկացնենք նաև, որ դեռևս անցյալ տարի, անդրադառնալով վարչապետ աշխատող անձի հայտարարությանը, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչայանը կասկածի տակ էր դրել Հանրապետության Հրապարակի տակ հայտնաբերված ստորգետնյա քաղաքի պատմական և մշակութային արժեքը։ Այդ մասին նա հայտարարել էր մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես նշելով հետևյալը. «Վստահ չեմ, որ խոսքը, հենց, ստորգետնյա քաղաքի մասին է։ Հանրապետության Հրապարակի տարածքում առաջվա Քարվանսարան էր, այսինքն` շուկա էր, որտեղ ուղտերով ապրանք էին բերում: Այդ շուկան ուներ ձիանոցներ, որոնք ունեին մեծ նկուղներ:

Երբ հրապարակը սկսեցին կառուցել, առաջին հարկերը մաքրվեցին, իսկ նկուղային հարկերի մի մասը մնաց հողի տակ։ Դա ստորգետնյա Երևան չէ, այլ նկուղներ», – ասել էր Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը։

Ինչ վերաբերում է զբոսաշրջային բաղադրիչին, ապա այս հարցում էլ Երևանի ճարտարապետը կասկածի տակ էր դրել ստորգետնյա տարածքների նշանակությունը։ Նրա խոսքով` նկուղներից մեկը գտել են պոմպակայան կառուցելիս, այնտեղ հիմա էլ տեղադրված է կայան, որը ապահովում է շատրվանների ջրամատակարարումը. «Բայց ես չգիտեմ, թե իրականում ի՞նչ է այնտեղ, պետք է ուսումնասիրել, հետազոտել», – ամփոփելով թեման, ասել էր Արթուր Մեսչյանը։

Ինչևէ, Հանրապետության Հրապարակում այժմ, կարծես թե, շինարարական աշխատանքներ են մեկնարկել։ Հնարավոր է՝ Երևանի Հանրապետության Հրապարակի տակ գտնվող ասֆալտապատ ստորգետնյա քաղաքը բացվի տեղացիների ու զբոսաշրջիկների համար, ինչպես ավելի վաղ հայտարարել էին ՀՀ-ում վարչապետ աշխատող անձն ու նախկին ԿԳՄՍ նախարարը, ով հիմա, արդեն, հանդես է գալիս, որպես ՀՀ վարչապետի խորհրդական։

Թեմայի վերաբերյալ «Փաստարկ» լրատվականը լսել է ոլորտի առաջատար մասնագետի կարծիքը, ինչպես նաև՝ նրա մտահոգություններն ու հնչեցված ահազանգը. «Հանրապետության Հրապարակի ստորգետնյա քաղաքը բացելու մասին խոսակցությունները սկսեցին, այսպես կոչված, հեղափոխությունից անմիջապես հետո։ Դրանով հետաքրքրված էր դեռևս Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը, սակայն, կարելի է ենթադրել, որ նա չհասցրեց մեկնարկել տվյալ աշխատանքը։

Արդեն միավորված գերատեսչության՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունայնը նոր թափով սկսեց հարցի վերաբերյալ քննարկումները։ Ակնհայտ էր, որ նա հատուկ շահագրգռվածությամբ էր վերաբերում այս թեմային։ Մշակույթի արդեն նախկին փոխնախարար Նարինե Խաչատուրյանի ակտիվ միջամտությամբ, ԿԳՄՍ-ում այս թեմայով հատուկ ժողովներ էին անցկացնում, որին մասնակցում էին, մասնավորապես, այսպես կոչված, սորոսական հայացքներ որդեգրած ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն, ի դեմս դրա ղեկավար՝ Պավել Ավետիսյանը, ինչպես նաև՝ ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը,- պատմում է «Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրը, ով նաև ոլորտի առաջատար մասնագետներից է և հավելում, — այդ քննարկումները, չգիտես ինչու, խիստ գաղտնի ռեժիմով էին անցկացվում, այսինքն, բոլոր այն մասնագետները, ովքեր կարող էին հիմնավոր և փաստարկված կերպով դեմ արտահայտվել Հանրապետության Հրապարակի ստորգետնյա քաղաքի վերաբացման թեմայով, ուղղակի շրջանցվում և  չէին հրավիրվում այդ ժողովներին»։

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ նպատակ կարող է իրականում հետապնդել ստորգետնյա քաղաքի բացման իշխանական թևի այս միտումը, «Փաստարկ» լրատվականի զրուցակիցը մտահոգություն է հնչեցնում՝ ոչ մի լավ հետևանքի դա չի կարող հանգեցնել. «Այս գործընթացը մի քանի հնարավոր հետևանքներ կարող է ունենալ, սակայն, դրանցից որևէ մեկն ի օգուտ Հայաստանի Հանրապետության և մեր մայրաքաղաքի շահին չեն ծառայելու։ Նախ նկատենք, որ Հանրապետության Հրապարակում մեկնարկած այս շինարարությունը կարող է հանգեցնել նրան, որ ստորգետնյա քաղաքը կբացվի, որից հետո, տևական ժամանակ չեն գտնվի համապատասխան որակավորմամբ մասնագետներ, որպեսզի պրոֆեսիոնալ և արհեստավարժ կերպով կյանքի կոչեն իրենց այդ նպատակը՝ զբոսաշրջային առումով ավելի գրավիչ դարձնել Հանրապետության Հրապարակը, արդյունքում չի գտնվի նաև այնպիսի հասարակական դիմադրություն, որը կստիպի այս իշխանություններին կրկին փակել պատմամշակութային արժեք ներկայացնող ստորգետնյա քաղաքը և այն, պարզապես, կոչնչանա։ Սա հնարավոր առաջին զարգացումն է, որին կարող է գնալ այս իշխանությունը՝ բացելով այդ քաղաքը։

Երկրորդ սցենարը, որով կարող են առաջնորդվել սրանք, այն է, որ բացելով քաղաքը և իբր, «բացահայտելով», թե այն իրենից պատմամշակութային արժեք չի ներկայացնում, ի վերջո, Հանրապետության Հրապարակում ստորգետնյա կայանատեղիների և այլ նմանօրինակ նպատակներին ծառայող կոմերցիոն այլ տիպի տարածքներ կստեղծեն, որն, իրենց կարծիքով, կարող է շահավետ և փողաբեր լինել՝ բիզնես տեսանկյունից, ինչն ուղղակի անթույլատրելի և դատապարտելի գործելաոճ է, որը սակայն, ինչպես տեսնում ենք, խիստ հատուկ է այս իշխանություններին։

Եվ վերջին նկատառումը, որ թերևս առավել իրատեսական, բայց միևնույն ժամանակ ամենացավալի զարգացումը կարող է լինել՝ ստորգետնյա քաղաքի բացման արդյունքում այն է, որ օրվա կապիտուլյանտ իշխանությունը պարզապես կարող է «բացահայտել» թե այնտեղ թրքա-ադրբեջանական հետքեր կան, սրանով իսկ՝ հերթական ծառայությունը մատուցեն իրենց կողմից սիրելի տերերին, ջուր լցնելով Ալիևի այն բարբաջանքներին, թե «Էրիվանը» պատմական ադրբեջանական հող է»,- ամփոփելով զրույցը, ասում է «Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրը։

Թե ի՞նչ զարգացումներ կգրանցի Հին Երևանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու՝ օրվա իշխանությունների կասկածելի այս նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը։

«Փաստարկ» լրատվականն իր ուշադրության կենտրոնում է պահելու Հանրապետության Հրապարակում մեկնարկած հողային, շինարարական աշխատաների ընթացքը՝ պարբերաբար լուսաբանելով այնտեղ տեղի ունեցող զարգացումները։

 

Հեղինակ` Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն