Ինչ կտա Հայաստանին Փաշինյանի այցը Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Այնուհետև Փաշինյանն ուղևորվելու է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Եվրամիության ղեկավարության հետ։

Այցի մասին հայտարարվեց այն իրողությունից հետո, երբ Փաշինյանն ընդունեց «Ռուսաստանի առաջարկը» սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին, բայց հայտնի դեպքերից հետո իր սեփական դիրքորոշումն առաջարկեց, ինչը ենթադրում է սահմանից զորքերի միաժամանակյա հետքաշում եւ ռուս կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիտորդների տեղակայում։ Այսինքն՝ նրա մոտեցումը ենթադրում է, Հայաստանի սահմանին ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից դիտորդների տեղակայման հնարավորություն։

Բանաձևի հրապարակումից հետո Եվրամիությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունեցին այն, բայց գործնական քայլեր դեռևս միայն Մոսկվան է ձեռնարկել։ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են վերջին պայմանավորվածությունների իրականացման հնարավոր ուղիների հարցը։

Վաղարշակ Հարությունյանի Մոսկվա այցից հետո Արա Այվազյանը հրաժարական տվեց ԱԳ նախարարի պաշտոնից։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում արտաքին քաղաքականությունը համաձայնեցված և համակարգված չէ։ Վաղարշակ Հարությունյանի դիրքորոշումը հանգում է Հայաստանը Ռուսաստանի «պատասխանատվության գոտիների» մասնատելուն եւ Արցախյան հիմնախնդիրը փակելուն, իսկ ԱԳՆ փորձում էր դիվերսիֆիկացնել արտաքին գործընկերներին ու առաջ տանել Արցախի օրակարգը։

Հայտնի չէ Ֆրանսիա այցելած Փաշինյանի օրակարգը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձեւեր են ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, սակայն, նշել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախը։

Հայտնի է միայն, որ նախագահ Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից և հիմնախնդիրները կարգավորել բանակցությունների ճանապարհով։ Թե ինչ կտա Հայատանին Փաշինյանի Եվրոպա կատարած այցը՝ ժամանակը ցույց կտա։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն