Ինչպես է Բելառուսը դիմագրավում արևմուտքի հարվածներին

ԱՄՆ-ն Եվրամիության ու մյուս գործընկերների հետ մշակում է պատժամիջոցներ Բելառուսի իշխանությունների առանցքային ներկայացուցիչների դեմ և մտադիր է վերադարձնել նախկինում չեղարկած արգելքները` ինը պետական ձեռնարկության դեմ։ Այդ մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Ավելի վաղ՝ պատժամիջոցներ կիրառելու մտահղացման մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմից տեղեկացնում են, որ պատժամիջոցները կիրառվում են մարդու իրավունքների շարունակական խախտման, կոռուպցիայի, 2020թ ընտրությունների արդյունքները կեղծելու և մայիսի 23-ի իրադարձության համար։ Մշակվում են նաև պատժամիջոցներ Բելառուսի պետական ձեռնարկությունների դեմ , որոնք կկիրառվեն հունիսի 3-ից։ Միացյալ Նահանգները կասեցնում է նաև Բելառուսի հետ 2019թ կնքած օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը։ Հավելենք, որ ԱՄՆ-ն Եվրամիության և մյուս գործընկերների հետ մշակում է Բելառուսի այն պաշտոնյաների դեմ պատժամիջոցը, ովքեր առնչվում են ինքնաթիռի միջադեպի հետ։

Բելառուսը հրապարակել է ուկրաինական այն ապրանքների ցուցակը, որոնք անհատական արտոնագրերի աշխատակարգի տակ են ընկել, որոնց թվում՝ հրուշակեղենը պատրաստված շաքարից, շոկոլադից, զուգարանի թուղթը, երեսպատման պաստառները, աղյուսե սալիկները և մի շարք այլ ապրանքներ։ Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գուրյանովը տեղեկացրել է, որ Բելառուսի կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է Ուկրաինայի տնտեսության բնագավառին վերաբերող հարցերից հետո, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների ազատ առևտրի աշխատակարգը խախտելու վերաբերյալ։ Գուրյանովի խոսքով՝ Մինսկը պատրաստ է անհատական արտոնագրերի վերաբերյալ որոշումը չեղարկել, եթե Կիևը վերանայի իր հակադեմպինգային և հատուկ պաշտպանական միջոցները։ Ուկրաինան մայիսի 26-ից դադարեցրել է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ, ինչպես նաև Բելառուսի ինքնաթիռներին արգելել է թռչել Ուկրաինայի օդային տարածքով՝ կապված Ryanair ինքնաթիռի միջադեպի հետ։ Բելառուսի դեսպանատունը բողոքի նոտա է ներկայացրել Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությանը և որոշումը համարել է քաղաքական, անհեթեթ ու անհիմն։

Այդուհանդերձ՝ Լուկաշենկոն պաշտպանություն է փնտրում Պուտինի թիկունքում։ Նա Պուտինին ներկայացրել է փաստաթղթեր Բելառուսում իրավիճակի ապակայունացման վերաբերյալ։

— Բնականաբար, մեր տնտեսությունը կապված է Ռուսատանի տնտեսությոն հետ, և այն նորմալ առաջ է շարժվում։Բայց միշտ կան անձինք, ովքեր մեր վզին խնդիրներ են ուզում փաթաթել։ Դուք այդ մասին գիտեք։ Ես օգտվում եմ ձեր վստահարժանությունից և Ձեզ ներկայացնում եմ փաստաթղթեր, որպեսզի դուք ըմբռնեք, թե ինչ մարդիկ են դրանք,- ասել է Լուկաշենկոն։

Իր հերթին՝ Պուտինը հիշեցրել է 2013թ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի միջադեպը, երբ ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարեց Վիեննայում, որովհետև կասկածում էին, թե այդ ինքնաթիռում է գտնվում ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչության գործակալ Էդվարդ Սնոուդենը։ Նրան մեղադրում էին պետական գաղտնիք հրապարակելու համար։

Հիշեցնենք, որ 2020 թվականին սկսված կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաշխարհային հիստերիան Բելառուսում ընկալեցին առանց խուճապի, չպարտադրեցին դիմակներ։ Արդյունքում գրանցվեցին հիվանդացության և մահացության համեմատաբար ցածր թվեր։ Իսկ Լուկաշենկոն իր քաղաքացիներին հորդորեց կարտոֆիլ ցանել, որպեսզի հետագայում թանկ գնով վաճառեն համավարակի արդյունքում տնտեսապես քայքայված երկրներին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն