Ինչու՞ «Բանակում» և «Սահմանին» հեռուստասերիալներն այլևս չեն հեռարձակվում։ Ի՞նչն է նրանց փոխարինում։

«Փաստարկ» լրատվականը և «Ազգային Վերահսկողության Համակարգն» իրականացնում են համատեղ ծրագիր, որի նպատակն է վեր հանել հեռուստաեթերի բովանդակության մեջ առկա խնդիրները և գտնել դրանց հեռարձակման համար պատասխանատու անձանց։

Մասնավորապես, «Փաստարկն» անդրադարձել էր հայ հասարակության շրջանում արժեհամակարգի հակահայկական փոփոխություններ առաջացնող ծրագրերի, հաղորդումների հեռարձակման խնդրին։

Նախատեսված ծրագրի շրջանակներում անդրադառնալու ենք հեռուստահաղորդումների` մատնանշելով հիմնականում խնդրահարույց կետերը։ Մեր գործընկերներին խնդրում ենք այս գործընթացին նայել օբյեկտիվության պրիզմայով և փորձել կատարել շտկումներ` մեզ հետ կապ հաստատելու, խնդրելու, սպառնալու կամ նեղանալու փոխարեն։

«Փաստարկ» լրատվականը և «Ազգային Վերահսկողության Համակարգը» նպատակ չեն հետապնդում իրականացնել վարկաբեկող գործունեություն։ Մեր միակ, ուղիղ և ազնիվ նպատակը ՀԱՅԻՆ ՀԱՅ պահելու գործընթացին նպաստելն է։

Եվ այսպես …

Այսօր ցանկանում ենք խոսել շատերի կողմից սիրված և ամենավարկանիշային հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող  հաղորդումների մասին։ 24 ժամվա ընթացքում այս հեռուստաալիքով 3 անգամ կրկնվում է հեռարձակվող 4 սերիալ՝ 2 հնդկական և 2 հայկական։ Ստացվում է, որ օրվա ընթացքում այս ալիքով կարելի է սերիալ դիտել 12 անգամ։ Դա ծածկում է եթերաժամանակի շուրջ 12 ժամը։

Հեռուստատեսության պատմությունը հստակեցնում է, որ այն նախատեսված է լրատվություն ստանալու համար, իսկ մյուս հաղորդումներն ընդմիջում են լրատվաեթերը: Մեր նշած դեպքում կարող ենք ասել, որ տեղի է ունենում մեկ այլ պրոցես. սերիալներն ընդմիջվում են լրատվական հաղորդումներով։

Մեկ այլ խնդիր է սերիալների բովանդակությունը։ Մասնավորապես` հնդկական սերիալների միջոցով մոռացության է մատնվում հայկականը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են մեդիափորձագետները: Եթե հնդկական հեռուսասերիալներն  արտացոլում են հնդիկ ժողովրդի արժեհամակարգը, ավանդույթները, կրոնի կարևորությունը, մեծի հանդեպ հարգանքը, սիրո և հավատարմության ուժը, ապա ինչ են սովորեցնում հայկական սերիալները։ Ցավոք սրտի այստեղ կարևորվում է փողը, հանուն որի սիրում են, դավաճանում, սպանում կամ ապրում։ Մոռացության են մատնված կրոնը, ծնողը, հայրենիքը, հարգանքը մեծի հանդեպ, գիտելիքի կարևորությունն ու գնահատումը, հայեցի խոսքի նրբաճաշակությունն ու գեղեցիկ հնչեղությունը։ Եթերում չենք հանդիպում հայրենասիրական ֆիլմերի։

Տարիներ առաջ ամենավարկանիշային  «Բանակում» և «Սահմանին» հեռուստասերիալներն այլևս չեն հեռարձակվում։ Թե ինչու՞, թողնում ենք ընթերցողի դատին։

Հեռուստաեթերի միակ «հիվանդությունը» հեռուստասերիալները չեն։ Չպետք է մոռանալ շոու ծրագրերի մասին: Արդյո՞ք դրանք հեռուստաեթերը լցնելու և նոր սերնդին դաստիարակելու լավագույն տարբերակն են։

Օրինակ հեռարձակվող «Women‘s club» և «Երեկոն Շանթում Գրիգի հետ» հաղորդումների դիտումները բավականին բարձր են։ Մարդիկ ցանկանում են օրվա հոգնածությունը, պետության ներսում կատարվող գործընթացների լարվածությունը թոթափել հումորի միջոցով։ Բայց, կարծես թե հումորը դիտավորյալ կամ պատահաբար շփոթվել են սեռական կյանքում անհաջողություններ արձանագրած և տարփանքի տենչացող միայնակ մարդու գիշերային երազների բովանդակության հետ։

Գոտկատեղից ներքև արվող արտահայտությունները կրկնվում են մի քանի անգամ` կարծես թե «պարտադրելով» ունկնդիրներին ծիծաղել արտասանած բառի կամ չհագած հագուստի վրա։ Արդյո՞ք Հայի ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ներառում է սեռաքաղց հասարակության դաստիարակություն։ Ակնհայտ է, որ այստեղ գործի է դրվում հանրահայտ Օվերտոնի պատուհանը, որի փուլերից մեկում ծաղրում են անընդունելին, իսկ վերջում` օրենքներով պաշտպանում են այն։

Մենք հրաժարվում ենք հավատալ, որ այսպիսի բարձր վարկանիշ ունեցող հեռուստատեսության ղեկավարությունը մասնակցում է Հայ երեխաներին, դեռահասներին, հանրությանը այլասերելու և հետո այդ այլասերումն օրենքով պաշտպանելու հակահայկական ծրագրերին։

Հայ հանրության մեծամասնությունը հավանաբար չի պատկերացնում, որ հեռուստատեսությամբ սերիալ և մերկ աղջիկներ դիտելուց զատ կարելի է որակյան մանկական հաղորդումների, փաստավավերագրական ֆիլմերի, պատմական ակնարկների, ինտելեկտուալ ծրագրերի, մշակութային միջոցառումների, բնապահպանական գործընթացների մասին հաղորդումներ դիտել։

Իսկ գուցե սկսենք փոխե՞լ եթերն ու ՀԱՅԻՆ ՀԻՇԵՑՆԵՆՔ ՀԱՅԵՑԻՆ։

Հարգելի՛ քաղաքացի, ամեն դեպում վահանակը Ձեր ձեռքում է և Դուք կարող եք նույնիսկ անջատել հեռուստացույցը …

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն