Ով է վերահսկում հեռուստաեթերից հորդող ինֆոտեռորը

Հայկական հեռուստատեսությունը ոչ վաղ անցյալում քարոզում էր հայրենասիրություն, ազգայինի ու պետականության զգացում, մշակութային արժեքների գնահատում, պարկեշտություն։ Ցուցադրվում էին բարի մուլտֆիլմեր, փաստավավերագրական ֆիլմեր, պատմական ակնարկներ, Հայոց լեզվի և Հայ գրականության վերաբերյալ ուսուցողական, մանկական ուսուցողական հաղորդումներ և այլն։

Այսօր եթե՞րն է փոխվել, թե՞ արժեքհամակարգը։  Եվ ի՞նչ կապ ունեն դրանք մեկը մյուսի հետ։ Ամենակարևոր հարցը` ինչու՞ է հեռուստաեթերը հեռացել պետության պահպանման համար այդքան անհրաժեշտ իր գործառույթից և լցվել, չենք վախենում ասել, եթերային աղբով։

Հեռուստաեթերը  վեր է ածվել քարոզչական ապարատի` մարդկանց առօրյան ու ուղեղները լցնելով բռնության, ատելության, հայհոյանքի, անպարկեշտ խոսքերի տեղատարափով։ Եթերից դուրս է բերվում բարությունը՝ իր տեղը զիջելով բռնությանը, հայեցի խոսքը փոխարինվում է օտար լեզուների խառնուրդով, անպարկեշտ ու, երբեմն, անբարո արտահայտություններով։

Եթերից հետզհետե անհետանում են մանկական մուլտֆիլմերը, «բարի գիշեր» կամ «երազն է կաչում» հաղորդման ֆորմատին համապատասխանող ծրագրերը։ Դրա փոխարեն ակտիվորեն ցուցադրվում են հումորային սիթքոմներ, որոնցում թեմատիկ առաջին հորզանականը զբաղեցնում է սեքսը, դրա մասին աղավաղված պատկերացումերը։ Սեռական բնույթի ցանկացած անպարկեշտ արտահատություն հրճվանքի առիթ է դառնում։ Իսկ սրա սպռողը հասարակությունն է, ընդ որում` հիմնականում` անչափահասները։

Ակտիվորեն ներկայացվում են քաղաքական բանավեճեր, ԱԺ ամբիոնից հնչած ոչ հարիր արտահայտություններ, վերարտադրվում են «քաղաքական գործիչների» ֆեյսբուքյան հրապարակումները, որոնք չգիտես թե ինչ արժեք ունեն և ինչ արժեհամակարգ են ձևավորելու։

Կարծես թե այս ամենն ավելի «մարսելի» դարձնելու համար՝ ատելության խոսքին ու բռնության տեսարաններին հաջորդում են անորակ սերիալները, որոնք հիմնականում բաղկացած են 400-500 սերիայից և մեկ տարուց ավելի մարդկանց պահում են կախվածության մեջ։ Այս սերիալների օգնությամբ նաև մոռացության է մատնվում այն ամենը ինչ հայկական է, ընդհուպ մինչև Հայոց պատմությունն ու կրոնական արժեքները։

Սարսափելի է նկատել, որ հայկական սերիալները բռնության կուլմինացիոն տեսության լավագույն օրինակ են՝ որդին ծնողներից է հրաժարվում, ծնողները սեփական երեխաներին են ատում, սերը զիջում է փողին ու հարստությանը, իսկ «չար» հերոսը միշտ չէ, որ պատժվում է։

Այս քաոսի արդյունքում կրթված հասարակությունը աչքի առաջ վերափոխվում է, իսկ երեխաների կրթությունն այսպիսի հողի վրա բերում է անհասկանալի կողմնորոշմամբ, նախասիրություններով ու հայրենիքի հանդեպ վերաբերմունքով սերունդների դաստիարակման`  Հայոց լեզվի հարստությունը և Հայոց բազմադարյա պատմությունը կանգնեցնելով մոռացության մատնվելու վտանգի առաջ։

Ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Օրենսդիրն ասում է` Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Մի՞թե վերջինս այս քաոսը չի տեսնում։ Մեկ այլ կողմից էլ կարելի առանձնացնել լեզվի տեսչությանը, որը պատշաճ կերպով հետևում է հեռուստաեթերին և իր գործառույթների սահմաններում հորդորակներ է ուղղարկում միայն լրատվական ծառայություններին։ Այս խնդիրը հուզու՞մ է արդյոք Հանրային Խորհրդին, ոչ ոք չգիտի։

Իսկ 19։00-ին եթերում կլինի հերթական …

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն