Կեղծ օրակարգերով մարդկանց զբաղեցնելու և նրանց թիկունքում պետության համար կարևոր ու վտանգավոր առևտուր անելու խճապատկերը

Շուրջ 26 օր է ինչ թշնամու արդեն մեծաքանակ զորքը ՀՀ սուվերեն տարածքում է: Այն մեծաքանակ դարձել է բացառապես գործող իշխանության անգործության հետևանքով: Վերջինս վերացնելու համար ի՞նչ լծակներ է կիրառում ընդդիմությունը։ Գործուն քայլերն ու դրանց ենթադրյալ արդյունքներն անտեսանելի են:

Որպեսզի մարդիկ մոռանան սահմանին տիրող իրավիճակը, որը հստակ սպառնալիք է երկրի ինքնիշխանությանը և պետականության գոյությանը, առաջ մղվեցին նոր, կեղծ օրակարգեր՝ ցույցեր և փողոցային հավաքներ, հանդիպումներ ընտրողների հետ, սկանդալային հայտարարություններ, երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարություն, գինու փառատոն, նախկինների և ներկաների անվերջանալի պայքարի նոր սերիաներ և այլն։

Այս ֆոնին անգամ մոռացության մատնվեց հին ու բարի COVID-19-ը։ Դիմակ չկրելու պարագայում հիվանդացությունն ու մահացությունն իջան ` ձգտելով զրոյի։

Ներքաղաքական ֆլամենկոյին զուգահեռ թշնամին վրաններ է տեղադրում հայոց հողի վրա, դիրքեր է կառուցում ու կահավորում, անասուններ գողանում, հովվի վրա կրակում, ՀՀ սուվերեն տարածքից զինծառայողներ գերեվարում, զինվոր սպանում, ծեծուջարդ կազմակերպում և այլն:

Հայոց հայրենիքին սպառնացող իրական վտանգների ֆոնին խիստ արդիական է դե յուրե դեռ չմեկնարկած, սակայն դե ֆակտո ընթացող քարոզարշավը։

Ինչպես սովորական է դարձել ասել` նախկինում քարոզարշավների ընթացքում հնչում էին իրական և ոչ այնքան իրական խոստումներ, դրանք իրագործելու ճանապարհներ՝ այսինքն հանությանը ներկայացվում էին ծրագրեր, որոնք պետք է իրականացվեին իշխանության գալու պարագայում։

Մերօրյա իրականության մեջ արհեստականորեն ֆավորիտ դարձրած երկու ուժը` Փաշինյան-Քոչարյան դուետը, ընտրել է քարոզարշավի «հետաքրքիր» տարբերակ։  Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտը դրել է նախկին-ներկա տարանջատման վրա` ամեն ինչում մեղադրանքներն ուղղելով «ռոբասերժական կլանի» ուղղությամբ։ «Նախկիններն» էլ հաճույքով ու հմտորեն թելում են քաղաքական այս թելը:

Փաշինյանը բանավեճի է հրավիրում Քոչարյանին,  Քոչարյանը նրան հրավիրում է դուելի։

Փաշինյանը խոսում է տղամարդլամիշ լինելուց, Քոչարյանը հիշեցում է վառոդի հոտը։

Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպումներին տանում է Քոչարյանի` առյուծով նկարը: Քոչարյանը պատմում է այդ նկարի պատմությունը։ Նշենք, որ այս պարագայում լուռ է նախկինում ակտիվորեն ծառահատման դեմ պայքարող ու «կենդանասեր» հանրությունը։

Գործող իշխանությունը գինու փառատոն է կազմակերպում, «ընդդիմությունը» վրանների մոտ խորոված-փարթի է ձեռնարկում։

Վերջին օրերին պատերազմի ընթացքում նկուղների հատակին պարկերի մեջ զոհված տղաների դիերը, որոնք, ըստ տարբեր աղբյուրների այդ տարածքում գտնվում են արդեն մի քանի ամիս, իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից գնահատվեցին որպես ավազի պարկեր կամ պարկեր, որոնք այդտեղ բերվել են «նախկինների» կողմից «ներկաների» վարկաբեկման նպատակով։ Չնայած այս հանգամանքին` ՀՀ Առողջապահության նախարարությունը հաստատել է այդ պարկերում հայ զինվորականների դիակների առկայության հանգամանքը, իսկ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել։ Դժվար թե ավազի պարկերի հիմքով քրեական գործ հարուցվեր։

Կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած այս իշխանությունները մեկ այլ երկրում անմիջապես գահընկեց կարվեին և կկանգնեին դատարանի առաջ, որովհետև ժողովուրդն ու ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ իրոք կպահանջեին դա։

Ինչ արեց «հայկական ընդդիմությունը»։ Այո՛, հանրահավաքներ կազմակերպեց, վրաններ տեղադրեց, խորոված վայելեց, մարդկանց հավաքելով` պարպեց զայրույթն ու ըմբոստությունը (միտումնավոր կամ ոչ միտումնավոր` ժամանակ ձգձգելով և հնարավորություն տալով Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի բոլոր կետերի իրականացմանը)։

Հոդվածում մեծ տեղ զբաղեցրեց կեղծ օրակարգերով մարդկանց զբաղեցնելու և նրանց թիկունքում պետության համար կարևոր ու վտանգավոր առևտուր անելու խճապատկերը, որը որոշ մարդկանց համար լիովին հավաքված է, իսկ որոշները դեռ առաջին դետալներն են փորձում համադրել։

Իսկ ամենասկզբում հենց գլխավորն է, որտեղ ամեն ինչ դեռ կորած չէ՝ թշնամին 26 օր է ՀՀ սուվերեն տարածքում է, գործել է պետք:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն