Կրեմլը պատմել է Պուտինի ու Բայդենի զրույցի մանրամասները

Հուլիսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը շարունակել են երկխոսությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ: Այս մասին ուրբաթ օրը հաղորդվել է Կրեմլում:

«Նախագահները շարունակել են Ժնևի հանդիպման ժամանակ սկսված ռուս-ամերիկյան երկխոսությունը` տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերի շուրջ։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ չնայած տեղեկատվական տարածքում հանցավոր դրսևորումները համատեղ ճնշելու ռուսական կողմի պատրաստակամությանը, վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ իրավասու գերատեսչություններից այդ հարցերի վերաբերյալ դիմումներ չեն եղել»,-  տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Բացի այդ, Պուտինը և Բայդենը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը ՝ կարևորելով հումանիտար ոլորտը:

«Վլադիմիր Պուտինն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Սերֆսայդ քաղաքում (Ֆլորիդա) բնակելի շենքի փլուզման ողբերգական հետևանքների կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի»,-  հավելեցին Կրեմլից։

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հաղորդեց, որ ամերիկացի առաջնորդը զրույցի ընթացքում Ռուսաստանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել անօրինական գործունեություն իրականացնող կիբերհանցագործների դեմ: Բայդենն ընդգծել է Միացյալ Նահանգների մտադրությունը `ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն` իր քաղաքացիներին և ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու համար,- հավելել է  մամուլի ծառայությունը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն