Սահմանադրական Դատարանն անդրադառնում է ընտրությունների արդյունքներին

Երեկ` հուլիսի 9-ին ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանում սկսվեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Հարցը քննվում է բանավոր ընթացակարգով:

Ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս ներգրավվել է գործում որպես երրորդ անձ: ՔՊ շահերը դատարանում ներկայացնելու է 3 անձ, այդ թվում`  արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարարի պաշտոնակատար Սուրեն Գրիգորյանը:

Գործով զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հակիրճ ներկայացրեց ՍԴ դիմած կուսակցությունների և դաշինքների պահանջները:

««Հայաստան» դաշինքի խնդրանքը հետևյալն է՝ լուծել ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշման հետ կապված վեճը, մասնավորապես՝ անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ որոշումը, կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: «Պատիվ ունեմ» դաշինքի խնդրանքն էլ է նույնը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»,- հայտնեց ՍԴ դատավորը:

Շաթիրյանը նաև համառոտ ներկայացրեց, թե ինչ հիմքեր են ներկայացրել դատարան դիմած քաղաքական ուժերը:

Ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացրած հիմքերի՝ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին կիրառվել է վարչական ռեսուրս, տարածվել է ատելության խոսք, դաշինքի աջակիցների նկատմամբ իրականացվել են հետապնդումներ, եղել են ուղղորդման դեպքեր, արձանագրվել են խախտումներ զինվորների ընտրության գործընթացում:

«Զարթոնք» կուսակցությունը որպես հիմքեր ներկայացրել է ընտրողների կամքի վրա ազդեցության գործոնները, քվեարկության գաղտնիության խախտումները, ուղղորդումները, ընտրողների կուտակումները, պետական ռեսուրսի չարաշահումը, բռնության կոչերը և այլն:

«Հայոց Հայրենիք» կուսակցության համար ՍԴ դիմելու էական հիմնավորումներ են եղել անհավասար պայմանները, քվեաթերթիկների ձևի չպահպանումը, վարչական ռեսուրսի կիրառումը, քվեաթերթիկների՝ չհրկիզվող պահարաններում չպահվելը, թափանցիկ ծրարների առկայությունը և այլն:

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ որպես հիմնավորումներ ներկայացրել է անհավասար պայմանները, լուսաբանման խտրական վերաբերմունքը, վարչական ռեսուրսի կիրառումը՝ վարչապետի պաշտոնակատարի գործադրմամբ, ատելության խոսքի տարածումը, ճնշումները դաշինքի անդամների և թիմակիցների նկատմամբ:

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ընթացքում «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն միջնորդությամբ հանդես էր եկել նաև «Հայաստան դաշինքը»: Ըստ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը: Ուստի աշխատակարգային նիստում Վահե Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը, որը մերժվել էր:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանի՝ գործի մասնակցության պարագայում կողմնակալության խնդիր է առաջանալու, քանի որ այժմ որպես երրորդ անձ գործում ներգրավվել է նաև «Քաղաքացիական Պայմանագիր»-ը, իսկ Գրիգորյանը ժամանակին եղել է ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, դիմելով Արա Զոհրաբյանին, հարցրեց՝ տեղյակ չէ՞, որ նույն միջնորդությամբ հանդես է եկել նաև «Հայաստան» դաշինքը։ Արա Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենց միջնորդության հիմքերն այլ են։ Նոր միջնորդությանը միացավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդաևանը, սակայն` ՔՊ-ն առարկեց։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն էլ նկատեց՝ այս փուլում միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննարկման առարկա չի կարող դառնալ: «Քանի որ Սահմանադրական Դատարանի մասին օրենքի համաձայն՝ այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում: Այդ փուլը մենք արդեն անցել ենք: Ավելորդ ժամանակ ենք ծախսելու»,- հստակեցրեց Թովմասյանը:

Մեկժամյա ընդմիջումից հետո, Սահմանադրական Դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում հայտարարեց, որ միջնորդում է որպես վկա դատարան հրավիրել Հանրապետության նախագահին:

Ըստ նրա՝ Հանրապետության նախագահը պետք է պարզաբանի, թե ինչ պարագայում, ինչ պայմաններում է որոշել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին՝ մի օր, որի մասին նախապես հայտարարել էր վարչապետը: ՍԴ դատավորի կարծիքով՝ հաշվի առնելով, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները կարող են նշանակվել ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո, ուստի նախագահը ընտրության հնարավորություն ունեցել է: Թովմասյանն ասաց, որ ընտրությունների արդյունքների բողոքարկման առնվազն 3 դիմումում այդ հարցը բարձրացված է:

Այնուհետեւ Հրայր Թովմասյանը ևս երկու միջնորդություն ներկայացրեց: 2-րդ միջնորդությամբ նա առաջարկում էր որպես վկա ներգրավել Մարդու իրավունքների պաշտպանին, կամ նրանից տեղեկություն պահանջել` ընտրական պրոցեսի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

3-րդ միջնորդությամբ Թովմասյանն առաջարկեց Դատական դեպարտամենտից տեղեկատվություն պահանջել այն մասին, թե ինչպես են դատարանները մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2. հոդվածում սահմանված «բռնություն գործադրելու հրապարակային կոչեր» եւ «բռնությունը հրապարակային քարոզել» բառերը:

ՍԴ նիստերը շարունակվում են։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն