«Մեղրու մաքսակետի շուրջ ստեղծված իրավիճակով վտանգի տակ են դրվում հայ – իրանական հարաբերությունները, միտում կա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը». իրանագետ

Նախօրեից մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ, Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարերի խոշոր կուտակում կա, մաքսատունը չի գործում։

Հարցի առնչությամբ «Փաստարկ» լրատավականը կապ հաստատեց ՊԵԿ-ի լրատվական ծառայության հետ, որտեղից հաղորդեցին՝ Մեղրիի մաքսատունն աշխատում է, բայց դադարեցվել է Ագարակ մաքսային պահեստի լիցենզիան։ Պարզվում է՝ դեռևս մեկ ամիս առաջ, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ մասնագետները հանրապետության մայրաքաղաքի և մարզերի պահեստներում ստուգումներ են իրականացնել, որի արդյունքում բացահայտվել է, որ Ագարակ մաքսային պահեստում խնդրիրներ են արձանագրվել։

Թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հայ – իրանական սահմանային անցակետում ստեղծված այս իրավիճակը, «Փաստարկ» լրատվականը փորձել է պարզել իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում. «Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ի՞նչ է իրականում սրանով հետապնդում ներկայումս Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբը, բայց մի բան ակնհայտ է՝ ընդհանրապես Մեղրին և, հատկապես, Մեղրիի հատվածով անցնող հայ – իրանական սահմանն իր բոլոր բաղադրիչնեչով, այդ թվում նաև՝ մաքսատան սահմանապահ ծառայությունը, Հայաստանի համար կենսական նշանակության շահերի գոտի է հանդիսանում, հետևաբար, այդտեղ առաջացած յուրաքանչյուր խնդիր, ըստ էության, ազդում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես նաև՝ հայ – իրանական հարաբերությունների վրա։ Ոստի, կարծում եմ, խնդիրը ավելի քան արագ լուծում է պահանջում, որպեսզի հայ – իրանական սահմանն իր ողջ կարողություններով, այդ թվում նաև մաքսակետը լիարժեք կերպով աշխատի»,- ասում է իրանագետը։

Նկատառմանը, թե հաշվի առնելով այս պահին ՀՀ-ում իշխանության գլուխ կանգնած վարչախմբի ապիկար կեցվածքը՝ բոլոր տեսակի հարցերում, մտահագություն չկա՞ արդյոք, որ խնդիրը մոտ ապագայում կարող է նաև լուծում չստանալ, Վարդան Ոսկանյանը պատասխանում է՝ արդեն տևական ժամանակ է, ինչ չի դադարում զարմանալ, թե ինչպիսի ծավալների վնասներ կարող է հասցնել օրվա իշխանությունը Հայաստանի Հանրապետության կենսական նշանակության շահերին. «Այս համատեքստում արտառոց բան, կարծեք թե չկա։ Մեծ ցավով եմ արձանագրում սա։ Այո, ներկայիս վարչախմբի իշխանության շարունակելիության պարագայում Հայաստանը բազմաթիվ ու տարատեսակ մարտահրավերների հետ է բախվելու, որոնք, որքան էլ պարադոսքալ թվա, ստեղծվում են իրենց իշխանություն հորջորջած վարչախմբի կողմից։ Այդպիսիների շարքից է նաև Մեղրիի մաքսակետի հետ կապված այս նորահայտ խնդիրը»։

Ի՞նչ հետևանքների հետ կարող է բախվել պետությունը, եթե Մեղրիի մաքսակետի հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում չստանա։ Բնականաբար, սա առաջին հերթին հարվածելու է Հայաստանի առանց այն էլ փլուզվող տնտեսությանը,- նկատում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու հավելում. «Սա չափազանց բացասական հետևանքներ կարող է թողնել նաև այլ առումներով։ Ինչպես գիտենք՝ Հայաստան – Իրան սահմանն իր մեջ նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ է պարունակում։ Հետևաբար, չպետք է մոռանալ, որ այդ սահմանի կանոնավոր կենսագործունեությունն, ըստ էության, բխում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև մեր հարևան՝ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։ Միաժամանակ, այն հայ – իրանական հարաբերությունների կարևորագույն օղակներից մեկն է։ Հետևաբար, հայ – իրանական սահմանին ստեղծված խնդրով պայմանավորված, ռիսկային իրավիճակ է ստեղծվում ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլ նաև՝ հայ – իրանական հարաբերությունների ենթատեքստում»,- ասում է Վարդան Ոսկանյանը։

Հարցին՝ արդյո՞ք իրեն իշխանություն հռչակած վարչախմբի կողմից հատուկ միտում կա հենց այսպիսի իրավիճակում վնաս հասցնել հայ – իրանական հարաբերություններին, Վարդան Ոսկանյանը պատասխանում է՝ ցույց կտա ժամանակը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն