Մենք դադարեցնելու ենք դրամական ստրկության գործընթացը. Տիգրան Արզաքանցյան

«Փաստարկ» լրատվականի զրուցակիցն է Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը, ում թեկնածությունը ԿՀԸ-ն վերջերս անվավեր ճանաչելու մասին որոշում կայացրեց: Պատգամավորի թեկնածուն, սակայն բողոքարկել է որոշումը, գործը գտնվում է դատաքննության փուլում:

«Փաստակ» լրատվականը հատաքրքրվել է, եթե քաղաքական գործչին հաջողվի վերակագնվել, այնուհետեւ` հայտվել խորհրդարանում, ինչպիսի լուծումներ կտա հասարակությանը հետաքրքրող հիմնական հարցերին:

— Պարո՛ն Արզաքանցյան, սահմանային անվտանգության խնդրի կարգավորման ի՞նչ մեխանիզմներ ունեք:
— Ես հաճախակի եմ այցելում մեր սահմաններ, զրուցում զինվորների հետ: Ուղղակի ապշում ես, երբ նրանք պատմում են, թե ինչպես ադրբեջանցիները կարող են անարգել մտնել մեր տարածքները, փորձել այն զավթել եւ նույնիսկ լկտիաբար գերի վերցնել մեր զինվորներին: Այդ հարցերը պահանջում են անհապաղ լուծում:
Մենք պետք է առաջին հերթին վերականգնենք մեր սահմանների անվտանգությունը, ինչը պահանջում է զգալի ներդրումներ: Իսկ ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ զարգանա եւ հզորանա մեր տնտեսությունը:
Դա շատ կարեւոր հարց է, առանց սահմանների անվտանգության ապահովման չի կարող գոյատեւել որեւէ պետություն:
-Արցախյան հարցի լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է լուծվի կարգավիճակի հարցը:
-Այսօր Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը եւ միջազգային բոլոր հարթակներում դիվանագիտական պայքար ծավալի` բարեկամ պետությունների կողմից Արցախի ճանաչման համար: Պետք է վերագործակցենք Մինսկի խմբի եռանախագահության աշխատանքները` հասնելով հակամարտության կարգավորման նոր մակարդակի: Անցած 44-օրյա պատերազմը ընթացավ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ եւ մենք պետք է միջազգային բոլոր հարթակներում գործենք Արցախի տարածքների դեօկուպացիայի եւ Ադրբեջանին միջազգային հանցագործ ճանաչելու ուղղությամբ:

-Ձեր քաղաքական ուժն ինչպե՞ս է տեսնում ճանապարհների ապաշրջափակման խնդրի լուծումը:
— Մենք գտնում ենք, որ անընդունելի է զբաղվել սահմանների ապաշրջափակման խնդրի լուծումով, երբ հարեւան պետությունները` Ադրբեջանը եւ Թուրքիան թշնամաբար են վերաբերվում մեզ: Ինչպե՞ս կարելի է ապաշրջափակել ճանապարհները եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել այն երկրի հետ, որը ներխուժել է մեր ինքնիշխան երկրի տարածք` զավթելով այն, եւ չի ուզում դուրս գալ:
Միայն այն ժամանակ կզբաղվենք ապաշրջափակումով, երբ հարգեն մեր պետությունը եւ մեր իշխանությանը: Իսկ դա կարող է լինել միայն Հայաստանի նոր ղեկավարի դեպքում, ով կկարողանա հզորացնել եւ շենացնել մեր երկիրը:

-Գերիների վերադարձի խնդրի կարգավորման ի՞նչ լուծում ունի Ձեր ղեկավարած ուժը:

-Մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր գերիների վերադարձի մասին, չի կարելի հայտարարել, թե գերիները կարող են սպասել, մինչեւ այդ հարցի լուծումը տանք: Պետք է անհապաղ այդ հարցը լուծել: Այս խնդիրը կարող է կարգավորել միայն երկրի նոր ղեկավարը, որը կլինի ուժեղ եւ կկարողանա միավորել ամբողջ ազգը, եւ որը չի գտնվում պարտվողի կարգավիճակում։ Ով կկարողանա միջազգային կառույցների հետ դիվանագիտական բանակցությունների միջոցով եւ մեր դաշնակցի` Ռուսաստանի օգնությամբ լուծել այդ հարցը:
-Իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հավանականություն տեսնո՞ւմ եք:
-Մենք բացառում ենք իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը, քանի որ չենք կարող համագործակցել այն թիմի հետ, որը վերջին պատերազմում մեր երկիրը տարավ պարտության, զոհաբերելով հինգ հազար երիտասարդի կյանք, կորցնելով Արցախի տարածքների 75 տոկոսը եւ կազմաքանդելով պետական կարեւորագույն կառույցները:  Մենք քաղաքական գործարքներ չենք կնքելու կոռումպացված, սեփական շահը պետականից գերադասող անձանց հետ:

-Տնտեսական մարտահրավերների լուծման հստակ մշակված մեխանիզմներ ունե՞ք:
-Ես ունեմ հսկայական փորձ Հայաստանում ներդրումներ ներգրավելու հարցում՝ ինչպես սփյուռքից, այնպես էլ միջազգային ներդրողներից: Օգտագործելով իմ վիթխարի փորձը եւ կապերը` մենք կարող ենք վերսկսել Հայաստանի տնտեսության զարգացումը:
Ներկայումս Հայաստանի պետական պարտքը կազմում է 8 մլրդ դոլար, որը վերցված է Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից:
Մենք դադարեցնելու ենք դրամական ստրկության գործընթացը: Մեզ անհրաժեշտ է արդյունավետ ֆինանսական համակարգ: Ցանկացած վարկ պետք է օգտագործվի տնտեսության առաջնային, աշխատատար, գիտատար ոլորտները զարգացնելու համար: Ստեղծելու ենք Համահայկական զարգացման բանկ, ուր հնարավորինս կկուտակվի հայության կապիտալը: Հրատապ նախաձեռնելու ենք պետական մասնավոր գործընկերության օրինագծի ընդունումը, որը թույլ կտա էապես բարելավել ներդրումային դաշտը Հայաստանում եւ Արցախում: Գյուղատնտեսությունը եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման պետական աջակցությունը համարում ենք պետական առաջնահերթություն: Նախատեսում ենք գյուղացիական տնտեսությունների բեռի թեթեւացման քայլեր կատարել:
-Ինչպե՞ս եք պատկերացնում երկրի արտաքին քաղաքականության մոդելը՝ ավելի շատ ռուսամետ թե՞ արևմտամետ քաղաքականության կողմնակից եք:
-Հայաստանը պետք է վարի կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, պահպանելով եւ զարգացնելով կապերը մեր դաշնակից գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, մեկտեղ համագործակցելով Եվրոպայի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ հարեւան երկրների` Վրաստանի եւ Իրանի հետ: Պետք է վերականգնել բոլոր բարիդրացիական կապերը այն երկրների հետ, որոնց հետ ներկայիս իշխանությունները փչացրեցին:
-Առողջապահության առջև այս պահին լրջագույն խնդիր է դրված՝ ինչպե՞ս ենք պատրաստվում հաղթահարել համավարակը, պատվաստումներին կո՞ղմ եք:
— Համավարակի հաղթահարման հիմնական ուղին պատվաստումների քաղաքականության իրագործումն է՝ թիրախային բոլոր խոցելի խմբերի ընդգրկմամբ։ ՀԴԿ-ն կողմ է միջազգային փորձաքննություն անցած պատվաստանյութերի հնարավոր մեծ խմբաքանակների ներկրման եւ, ամենակարեւորը, բացատրական աշխատանքի։ Պատվաստումը պետք է կրի կամավոր բնույթ, միաժամանակ քաղաքացին պետք է իրազեկված լինի պատվաստման հնարավոր բոլոր հետեւանքների մասին։ ԱՀԿ արձանագրած արդյունքների համապատասխան՝ պետք է հրաժարվել թրոմբոզ առաջացնող պատվաստանյութից։ Համավարակը հաղթահարելու առաջնային խնդիր ենք համարում բնակչության մեջ առողջ ապրելակերպի սկզբունքների ամրակայումը։
-Ինչո՞ւ քվե տալ հենց Ձեր ուժին:
-Մեր քաղաքական ուժը համալրված է բարձ որակավորում ունեցող մասնագետներով, ովքեր անցել են լուրջ ճանապարհ եւ ունեն համապատասխան փորձառություն:
Ինչ վերաբերվում է ինձ, ապա պետք է հիշեցնեմ, որ 2003 թվականից սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ` ընտրվելով ԱԺ պատգամավոր: Ունեմ բազմաթիվ կապեր տարբեր երկրների գործարար շրջանակների հետ: Իմ վիթխարի փորձը եւ կապերը պատրաստ եմ օգտագործել մեր երկրի տնտեսության վերականգման գործում: Վստահ եմ, իմ ներուժը եւ փորձառությունը միայն կնպաստեն մեր երկրի զարգացմանը:

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն