Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուն բացատրել է բոլոր ռուսներին երկրից վտարելու իր առաջարկը

Խորհրդարանական Թոմ Թուգենդհատը, մասնակցելով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարին, բացատրել է իր ավելի վաղ կատարած հայտարարությունն այն մասին, որ իշխանությունները պետք է թագավորությունից վտարեն Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին` գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Կիրակի օրը Sky News-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը, ով նախագահում է Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ասել է, որ ինքը նկատի չի ունեցել ռուսներին, ովքեր «հասարակության մաս են դարձել» և նրանց, ում կարող են վտանգ սպառնալ Ռուսաստանում։

«Մենք պետք է գիտակցենք, որ մեր երկիրը պետք է պաշտպանի և՛ իրեն, և՛ խոցելի իրավիճակում հայտնված մարդկանց։ Մեր երկրում կան մարդիկ, ովքեր անկասկած կարիք ունեն և արժանի են բրիտանական պետության պաշտպանությանը»,- բացատրել է նա։ «Միևնույն ժամանակ, մենք պետք է ապահովենք բրիտանացիների անվտանգությունը, և, հետևաբար, ես պնդեցի, որ վտարվեն ԱՊԿ-ի (КГБ) սպաներին և նրանց հետ փոխկապակցված անձանց»:

Ըստ Թուգենդհատի, «միանգամայն պարզ է», որ Լոնդոնը Մոսկվայի հետ հարաբերությունները զրոյացնելու կարիք չունի և պետք է հասկացնի, որ պաշտպանելու է իր շահերը։

«Ես ուզում եմ պաշտպանել այն ռուսներին, ովքեր օրինականորեն այստեղ են, պաշտպանության կարիք ունեն և, անկասկած, դարձել են մեր հասարակության մի մասը։ Ես ուզում եմ պաշտպանել նրանց, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ապահովել, որ մարդիկ, ովքեր վտանգ են ներկայացնում և խաթարում են մեր անվտանգությունը, այստեղ ապաստան չգտնեն»,- հավելել է նա։

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկի օրը, ելույթ ունենալով Համայնքների պալատում, Թուգենդհատն ասել է, որ բրիտանական կառավարությունը պետք է կոշտ և վճռական միջոցներով արձագանքի Մոսկվայի որոշմանը։ Ի թիվս այլ բաների, նա կոչ է արել եվրոպական բոլոր մայրաքաղաքներին արտաքսել ռուս դեսպաններին։

«Մենք կարող ենք անմիջապես պատասխան տալ։ Մենք կարող ենք սառեցնել ռուսական ակտիվներն այս երկրում, բոլոր ակտիվները։ Մենք կարող ենք արտաքսել Ռուսաստանի քաղաքացիներին, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին»,- ասել է օրենսդիրը։ «Մենք կարող ենք որոշել, որ պետք է պաշտպանենք մեր շահերը, պաշտպանենք բրիտանացի քաղաքացիներին և մեր միջազգային գործընկերներին։ Կամ, ինչպես մենք, ցավոք, շատ հաճախ ենք արել անցյալում, կարող ենք սպասել, մինչև շատ ուշ լինի, և բրիտանացիները ստիպված լինեն շատ ավելի բարձր գին վճարել», — ասաց նա:

49-ամյա Թուգենդհատը, ով առաջին անգամ ընտրվել է խորհրդարանում 2015 թվականին, առաջիններից մեկն էր, ով հայտարարեց վարչապետի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին` Բորիս Ջոնսոնի հեռանալու մասին տեղեկատվության տարածումից հետո։ 2003 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում Թուգենդհատը ծառայել է բանակում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, ունի փոխգնդապետի կոչում։

Որպես Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից ՝ Թուգենդհատն օգնել է Աֆղանստանի Ազգային անվտանգության խորհրդի և Աֆղանստանի Հիլմենդ նահանգի կառավարության ձևավորմանը, այնուհետև ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի ռազմական խորհրդականներից մեկը: Քաղաքական գործիչը երկար տարիներ ընդգծված կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն