Մեզ չեն թողնում ռազմաճակատ գնանք, հրամանատարական կետ մտնենք. Մարինա Խաչատրյանի հուշերից

«2020 թվականի հոկտեմբերի 20-ն էր։ Ստեփանակերտում էի։ Մեկնել էի մի քանի օր առաջ, որպես բժիշկ` հայրենիքիս ու հայրենակիցներիս հանդեպ պարտքս տալու համար։

Տեսնելով վիրավորների չդադարող հոսքը և տեղեկանալով, որ գեներալներին թույլ չեն տալիս առաջնորդել մարտը, որոշեցի այցելել գեներալ Վիտալի Բալասանյանին։ Գեներալին ճանաչում էի Արցախի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից, գիտեի նաև գրասենյակի տեղը։

Ռմբակոծության հարաբերական դադարի միջակայքում ընկերներիցս մեկին խնդրեցի, որպեսզի հոսպիտալից ինձ գեներալի գրասենյակ հասցնի։ Հույս ունեի՝ այն փակ գտնել։ Բայց գրասենյակը բաց էր, գեներալը` տեղում։

Աշխատասենյակում ևս մի քանի գեներալներ կային։ Մեկը գլուխն էր բռնել, մյուսը հեռախոսով զայրացած ինչ-որ բան էր խոսում …Խիստ լարված մթնոլորտն ակնբախ էր։ Ինչ-որ մի բան այն չէր։ Առնվազն պարզ էր, որ այս մարդիկ պատերազմի թեժ պահին ոչ թե այդ սեղանի շուրջ պետք է լինեին, այլ քարտեզի առաջ` որոշում կայացնելիս։

Բալասանյանն, ինչպես միշտ, սառն էր, հավասարակշռված, սակայն հայացքում կարդում էի մեծ տառերով դրոշմված տագնապը։ Գունատ էր։

— Ինչպե՞ս եք, գեներա՛լ,- հարցրեցի։

— Մարտական, — եղավ պատասխանը։

— Բա ինչպե՞ս հասկանանք՝ մարտական ու գրասենյակո՞ւմ։

— Մեզ չեն թողնում ռազմաճակատ գնանք, հրամանատարական կետ մտնենք, — ու հարցական հայացքով նայեց աչքերիս մեջ։ Սառը հայացքի հետևում ես կարդացի հմտորեն թաքցրած նրա զայրույթը։

Տևական լռություն էր.

-Ո՞նց թե չեն թողնում։

Գեներալը լուռ էր։

Ես, որ շատախոսելու և կատակելու սեր ունեմ, քառորդ ժամ չանցած, գլուխս կախ դուրս եկա գրասենյակից։ Բայց վրեժը սրտումս էր։ Արդեն հասկացել էի, թե ինչ է կատարվում։

Բակում մեր հայրենանվեր զինվորականներից մեկին հանդիպեցի, ում համար Ալիևը գլխագին էր նշանակել։ Պատմեց, թե ինչպես է թշնամին սպանել ընկերոջն ու նյութն իրեն է ուղարկել, վերնագրելով ՝ «Մնացիր դու»։

Պարզվեց նաև, որ մեր դիպուկահարներից մեկը` չենթարկվելով նահանջ հրամանին, առաջ էր գնացել ու 14 ազեր ոչնչացրել։ Հետ գալու ճանապարհին նրան ձերբակալել ու տարել էին Ռազմական ոստիկանություն։

Նոյեմբերի 6-7-ն էր (ամսաթիվը չեմ հիշում, որովհետև գիշերն ու ցերեկը խառնել էինք)։ Ցանկանում էին հոսպիտալը տարհանել։ Մի պահ, նույնիսկ, տագնապ հնչեց, թե թշնամին արդեն ճանապարհը փակել է, ու դուրս գալու հնարավորություն այլևս չկա։ Բայց մեր հերոս տղաների շնորհիվ ոչ միայն գերի չընկանք, այլ նաև չտարհանվեցինք։

Չնայած նկարագրածս իրականությանը, երբ պարզ էր, որ Երևանում վեր ընկած իշխանավորները դավաճանել են բոլորիս ու վաճառել մեր սրբությունները, բոլորս մարտական էինք տրամադրված։ Օգնում էինք մեկս մյուսին, կիսում էինք մեզ բաժին հասած դաժան ցավը։

Բայց հետո եղավ այն, ինչ եղավ …

Պատի տակ նստած, հեռախոսով լսում էի դավաճան Նիկոլի ստորագրած փաստաթղթի կետերը …

Պատերազմը տանուլ էինք տվել, մեր տղերքի արյունը ինչ-որ մի լրբի վայելքների ու հռհռոցի համար էր թափվել։

Այս պարտությունն առանց դավաճանության անհնարին էր։

Ու, այսքանից հետո, ինչ-որ դասալիքներ, սուրճ խմողներ, բունկերյան սիրավեպի հերոսներ, տակտնիկական նահանջի գիտակներ, թուրք ներողներ ու թուրքի գործակալներ ուզում են մեղքն իրենց ուսերից այն մարդկանց վրա գցել, ովքեր թուրքից չեն վախեցել, ում արգելել են մտնել հրամանատարական կետ, ում վարկաբեկել են` բանակը թուլացնելու և հայրենիքս թուրքին վաճառելու համար։

Վերջաբանի փոխարեն. Հայի արյունը երբեք ջուր չի դառնա, իսկ ձերը նավթ չի դառնալու` թու՛րք ներող հոգեշեղված հիվանդներ։

Շարունակելի…

Արցախյան վերջին պատերազմի իր հիշողությունները գրի առավ բժիշկ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն