Միացյալ Նահանգները լուրջ հետևանքներ է խոստացել Թուրքիային

Մայիսի 31-ին Bloomberg-ի հաղորդմամբ՝ Թուրքիան «զիջումների» է գնացել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների հարցում։ Թուրքիան հայտարարել է, որ տուն կուղարկի ռուս զինվորական մասնագետներին, ովքեր օգնում են С-400 զենիթահրթիռային համալիրների տեղակայման հարցերում, որոնց օգնությամբ մարտական հերթապահություն է իրականացվում։ Փաստորեն՝ Անկարան փորձում է կարգավորել մի հիմնախնդիր, որը կանգնած է իր և ԱՄՆ-ի հարաբերությունների միջև, սակայն բացառում է С-400 զենիթահրթիռային համալիրների ակտիվացումից լիովին հրաժարվելը։

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ հունիսի կեսերին կայանալիք հանդիպման համապատկերում՝ Անկարան զիջման գնալու ազդանշաններ է արձակում այն հարցերում, որոնք մտահոգում են Վաշինգտոնին: Միացյալ Նահանգները հասկանալ է տալիս, որ Հյուսիսատլանտյան դաշինքի` մերձավորարևելյան գործընկերը պետք է դադարեցնի ռուսական ռազմական անձնակազմի ներկայությունն իր երկրում՝ С-400 զենիթահրթիռային համալիրների գործարկման պատրվակով։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է, որ С-400 համալիրները կգտնվեն Թուրքիայի հսկողության տակ, երբ ռուսական փորձագետները լքեն երկիրը, սակայն Անկարան Վաշինգտոնի՝ ավելի ընդլայնված պահանջները չի կարող կատարել։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը պահանջում է ամբողջովին հրաժարվել այդ զենքի գործարկումից։

Սպիտակ տունը և ԱՄՆ-ի կոնգրեսը կոշտ դիրքորոշում ունեն Թուրքիայի նկատամբ, մասնավորապես՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների հարցի հետ կապված, քանի որ այս զինատեսակը կարող է հետախուզական տվյալներ հավաքել արևմտյան ռազմական ակտիվների մասին՝ ներառյալ հինգերորդ սերնդի կործանիչների`F-35-ի տվյալները։

Անցյալ շաբաթ Անկարա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ նա թուրք դաշնակցին առաջարկել է ռուսական С-400-ի այլընտրանքը՝ հավանաբար հակահրթիռային պաշտպանության՝ ամերիկյան Patriot համակարգերը։ Ռուսական С-400 համակարգից հրաժարվելը փաստորեն ԱՄՆ-ի հետ ունեցած տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհն է։ Նույն հայտարարությամբ մարտի 19-ին հանդես է եկել Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Դևիդ Սաթերֆիլդը։ Հակառակ պարագայում՝ Միացյալ Նահանգները լուրջ հետևանքներ է խոստացել Թուրքիային։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն