Նախկին և ներկա իշխանությունները բարեկամացե՞լ են

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր կկառուցվի։

Կառավարությունը հուլիսի 29-ի նիստին հավանություն տվեց «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ ծրագիրն իր մեջ կներառի լեռնադահուկային համալիրի կառուցումը։ Կբացվեն նաև զվարճանքի վայրեր, այդ թվում` խաղատուն:

Ըստ ծրագրի` 30 մլրդ դրամ կներդրվի, որից 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15մլրդ դրամը կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Իսկ պետության ներդրումը պետք է լինի ենթակառուցվածքների ապահովումը՝ ճանապարհների կառուցումը:

«Ծրագիրը կյանքի կկոչվի 2 տարում, կստեղծվի շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատատեղ։ Իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ»,- ասաց Քերոբյանը։ Նրա խոսքով` լեռնադահուկային համալիրը տարեկան 500 000 զբոսաշրջիկի կսպասարկի և կարող է մրցունակ լինել ինչպես հայկական, այնպես էլ տարածաշրջանային շուկայում: Առաջին հայացքից հրաշալի գաղափար է, երբ ՀՀ-ում 30 մլրդ դրամի ներդրում է արվում:

Իսկ հիմա այն մասին, թե ովքեր են ներդրողները, որտեղ է մենաշնորհը և պետություն — մասնավոր կապը, համագործակցություն ասելով ում ի նկատի ունեին Ավինյանն ու Քերոբյանը:

Առաջին անգամ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ՓԲԸ-ն հանրությանը ներկայացավ  2016 թվականին՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողասյանի օֆշորային սկանդալից հետո: Այդ ընկերությունը կապվել և կապվում է Միհրան Պողոսյանի հետ:

Ստացվում է, որ Միհրան Պողոսյանը և Վահան Քերոբյանը միասին ներդրում են անում ու ընդհանուր գործ են սկսում: Նախկին և ներկա իշխանությունները բարեկամացե՞լ են: Ի դեպ` ներքին ներդրողները ևս շատ մոտ են կանգնած իշխանությանը: Անգամ խոսվում է, որ իշխանության ամենաներսից են։

Այս իշխանությունը բազմիցս Ծաղկաձորի լեռնադահուկային համալիրը կապում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ և նշում, որ այն եկամտաբեր բիզնես է: Հիմա էլ իրենք են իրենցը կառուցում, իսկ եթե հետևենք Քերոբյանի այն դիտարկմանը, ըստ որի համալիրը պետք է տարեկան ունենա 500 000 զբոսաշրջիկ, կարելի է ենթադրել, որ այդ թվի շեմին մոտենալու համար, դա արվելու է Ծաղկաձորի համալիրի հաշվին կամ փոխարեն:

 

Աղբյուրը` Pastark.am

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն