ՆԱՏՕ-ն աղետ է, որը պետք է անհապաղ լուծարվի. Սարգիս Սիմոնյան

ՆԱՏՕ-ն աղետ է, որը պետք է անհապաղ լուծարվի. Սարգիս Սիմոնյան

Միջազգային 

«Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ն աղետ է, որը պետք է անհապաղ լուծարվի: Ի՞նչ է կատարվում Արեւմուտքում, ինչպե՞ս են ներկայացվում այնտեղ տեղի ունեցող վերջին իրադարձությունները եւ ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայում բնակվող մեր հայրենակցի տարբերվող տեսակետը, «Իրավունքը» մանրամասներ է պարզել նրանից:

— Երբ արեւմտյան ողջ քարոզչամեքենան փորձում է ՌԴ նախագահին ներկայացնել՝ իբրեւ ագրեսոր, ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք բոլորովին այլ կարծիք ունեք:

— Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ Վլադիմիր Պուտինը չի այրել Սիրիան, չի ոչնչացրել Իրաքը, Աֆրիկան սովի չի մատնել, չի ունեզրկել թույլ երկրներին, միջուկային ռումբ չի նետել Ճապոնիայի վրա, Ռուանդայում աղանդավորական պատերազմ չի սկսել, չի պայթեցրել Լիբիան, չի բաժանել Սոմալին, չի ֆինանսավորել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության բնական պաշարների համակարգված սպառումը: Եվ, վերջիվերջո, նա չէ կանգնած Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արեւելքում 13 միլիոն սպանված կոնգոցիների եւ հազարավոր կանանց բռնաբարության հետեւում։  Այսօր փորձում են մեզ ստիպել հավատալ, որ ՌԴ նախագահը մարդկության առաջին թշնամին է, մինչդեռ նրա հակառակորդներն են սպանել, տեղահանել բնակչությանը, զինվորագրել երեխաներին ու դեռ համարվում են դեմոկրատներ եւ հումանիստներ: Այսօր հիմնականում լրատվամիջոցները ծառայում են հանրությանը մանիպուլացնելուն եւ ուղեղի լվացմանը:

— Իսկ ի՞նչ կասեք Ուկրաինայի մասին, որին այսօր ամեն կերպ փորձում են զոհ ներկայացնել եւ փաստացի այսօր Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ամեն կերպ սատարում են Զելենսկիին:

— Բոլորը պետք է իմանան, որ Մինսկյան համաձայնագրերի ստորագրումից հետո՝ արդեն 8 տարի է, ինչ պատերազմ է Ուկրաինայում: Այս 8 տարվա ընթացքում 14 հազարից ավելի են Դոնբասի անջատողականների զոհերը: Արդեն 8 տարի է, ինչ Կիեւի իշխանությունը կրակում եւ սպանում է իր ժողովրդին՝ արեւմտյան աշխարհի անտարբեր հայացքի ներքո: Արդեն 8 տարի է ռուսները պահանջում են հարգել Մինսկի պայմանագիրը, որը պետք է երաշխավորեր Դոնբասի, Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունների ինքնավարությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ շուրջ 8 տարի Եվրամիության 21 պետություն աչք է փակում ռուսախոսների սպանդի վրա: Թրամփի հեռանալուց 2 տարի է անցել եւ Ջո Բայդենը հետապնդում է Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայից 750 կմ հեռավորության վրա Ուկրաինայում ՆԱՏՕ-ի բազաներ ստեղծելով: Կեղծիքներով մեր աչքերը փակել են ու հիմա չպետք է զարմանանք, որ 8 տարի անց ռուսները կորցնում են համբերությունը: Առայժմ այն, ինչ տեղի է ունենում, ընդամենը ռազմական դաս է ռուսների կողմից, ովքեր չեն ցանկանում դիպչել Ուկրաինայի բնակչությանը: Եվ պետք է ասել, որ Վլադիմիր Պուտինը, իրոք, հերոս է իր ժողովրդի համար, իսկ Եվրոպայի հետեւում թաքնված նացիստ Վլադիմիր Զելենսկիի բոլոր նավաբեկությունների կազմակերպիչն ու մեղսակիցը ՆԱՏՕ-ն է:

— Բայց մի՞թե առաջադեմ Եվրոպան, որը մշտապես ամենաբարձր ամբիոններից խոսում է ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից, այս ամենը չի գիտակցում:

— Դրա համար էլ կոչ եմ անում եվրոպացիներին՝ բացե՛ք ձեր աչքերը եւ քար մի՛ նետեք միակ պատասխանատու անձի՝ Վլադիմիր Պուտինի վրա։ Փոխարենը նայեք մինչեւ արմատները փտած Եվրոպային, որը հետաքրքրված է միայն Ուկրաինայի հարստությամբ: Այլ բացատրություն չունի այն, որ ​​8 տարի թողել են, որ ռուսախոսները Կիեւի իշխանության կողմից կոտորվեն՝ լավ իմանալով, որ Պուտինին այլ ելք չի մնալու, քան միջամտել: Ամո՛թ Եվրոպային, ամո՛թ Բայդենի ՆԱՏՕ-ին, ամո՛թ նոր աշխարհակարգին: ՆԱՏՕ-ն աղետ է, որը պետք է անհապաղ լուծարվի: Հուսով եմ՝ ճշմարտությունը հաղթի: Ուկրաինական պատերազմը մի կողմից ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ մյուս կողմից Ռուսաստանի միջեւ վտանգավոր էսկալացիայի մի մասն է: Ուկրաինայում այս էսկալացիան, որն այժմ նոր ընթացք է ստանում, իմպերիալիստական ​​տերությունների միջեւ կոնֆլիկտի լոկալ դրսեւորումն է։ Եվրոպայում հսկայական քաղաքական եւ մեդիա աժիոտաժը ճգնաժամի սկզբից փորձում է փոխանցել իրավիճակի հոլիվուդյան պատկերը, իսկ Վլադիմիր Պուտինին ներկայացնել գերչարագործի դերում:

— Կարծում եք՝ նման քարոզչությամբ փորձում են օրինականացնել էլ ավելի մասշտաբային ռազմական առճակատման տանող գործողություննե՞րը։

— Ինչպես միշտ՝ իմպերիալիզմը՝ ե՛ւ արեւմտյան, ե՛ւ ռուսական՝ թաքնվում է քարոզչության ամպի հետեւում՝ ծրագրելու եւ իրագործելու իրենց ոճրագործությունները: Բայց կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ իմպերիալիստների միջեւ հակամարտությունների մեջ իրականում վտանգված են շուկայի բաժնետոմսերը, հումքի աղբյուրները, ելքերը, ներդրումների ոլորտները, ազդեցության ոլորտները, էլ չասեմ՝ զենք արտադրողների շահույթի մասին… իմպերիալիստական ​​բուրժուազիաների։ Ուկրաինայում էսկալացիայի համատեքստում ռուս եւ արեւմտյան իմպերիալիստները բախվում են հատկապես եվրոպական գազի շուկայի շուրջ (կարճ ասած՝ նրանք, ովքեր վերահսկում են Ռուսաստանը Եվրոպային կապող ուկրաինական գազային առանցքը, ձեռք են բերում եվրոպական գազի շուկան)։ Այս ամենը կարելի է ասել առճակատում է ռուս-չինական ձեռք բերվող դաշինքի եւ ԱՄՆ-ՆԱՏՕ-ԵՄ «արեւմտյան դաշինքի» միջեւ՝ համաշխարհային գերակայության համար մղվող պայքարում, որը գլխավորում է անկում ապրող ամերիկյան կայսրությունը: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, միջիմպերիալիստական ​​հակասությունների բյուրեղացումն է։ Իրավիճակն, անխոս, չափազանց մտահոգիչ է եւ դեռ վատթարանում է։ Փաստ է, այս աշխարհի մեծ անգղերը մեզ տանում են ուղիղ դեպի բաց համաշխարհային պատերազմ։ Ամեն ինչ պետք է անել սա կանխելու համար ու ո՛չ ասել Ուկրաինայի պատերազմին, ո՛չ ասել ֆինանսական պատերազմներին: Այսօր յուրաքանչյուր երկրի կառավարություն պետք է ո՛չ ասի իր երկրի մասնակցությանը պատերազմին, ցանկացած իմպերիալիստական ​​միջամտությանը եւ ամերիկացիների, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերին: Այն, ինչի համար պետք է պայքարենք, իմպերիալիստական ​​բուրժուազիայի պարտությունն է ամենուր։ Մեր բոլորի փրկության համար պետք է ավելի քան երբեւէ տապալենք այս ավերիչ համակարգը, որն իր գեներում պատերազմ է կրում։

— Դուք նշեցիք, որ Եվրոպան այս պատերազմում հետաքրքրված է միայն Ուկրաինայի հարստությամբ: Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք:

— Ուկրաինայում է ուրանի հանքաքարերի 1-ին եվրոպական պաշարը, տիտանի հանքաքարերի 2-րդ եվրոպական պաշարն ու 10-րդ համաշխարհային պաշարը, մանգանի հանքաքարի 2-րդ համաշխարհային պաշարը (2,3 մլրդ տոննա կամ համաշխարհային պաշարների 12%-ը), երկաթի հանքաքարի 2-րդ համաշխարհային պաշարը (30 միլիարդ տոննա), սնդիկի հանքաքարերի 2-րդ եվրոպական պաշարը, թերթաքարային գազի 3-րդ եվրոպական պաշարը (22 մլրդ խմ) եւ 13-րդ համաշխարհային պաշարը: Ուկրաինան 4-րդ տեղում է աշխարհում՝ բնական պաշարների ընդհանուր արժեքով: Այստեղ է աշխարհի 7-րդ ամենամեծ ածխի պաշարը (33,9 միլիարդ տոննա): Այն գյուղատնտեսական երկիր է, որը կարող է բավարարել 600 միլիոն մարդու պարենային կարիքները, եւ ունի Եվրոպայում վարելահողերի ամենամեծ տարածքը: Սեւ հողի 3-րդ ամենամեծ տարածքն ունի (չորնոզեմ) աշխարհում (աշխարհի ծավալի 25%), արեւածաղկի եւ արեւածաղկի ձեթի աշխարհի 1-ին արտահանողն է, գարիի 2-րդ համաշխարհային արտադրողն է ու 4-րդ համաշխարհային արտահանողը, 3-րդ համաշխարհային եգիպտացորեն արտադրողն է եւ 4-րդ համաշխարհային արտահանողը, կարտոֆիլի 4-րդ համաշխարհային արտադրողն է եւ 5-րդ համաշխարհային արտադրողը: Ուկրաինան 5-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում մեղվաբուծական արտադրության մեջ՝ մեղր, մոմ, արքայական ժելե, ծաղկափոշի, պրոպոլիս, մեղվի թույն (75000 տոննա): Ցորենի 8-րդ, հավի ձվի 9-րդ համաշխարհային արտահանողն է եւ 16-րդը՝ աշխարհում ամենամեծ պանիր արտահանողներից: Այս երկիրն արդյունաբերական է: Ամոնիակի 1-ին եվրոպական արտադրողն է, Եվրոպայում 2-րդ ամենամեծ գազատարի ցանց ունեցողը եւ 4-րդն աշխարհում (142,5 միլիարդ խորանարդ մետր գազի թողունակություն ԵՄ-ում): Ուկրաինան Եվրոպայում 3-րդ ամենամեծ միջուկային նավատորմ ունեցողն է եւ 8-րդն աշխարհում, 3-րդ ամենաերկար երկաթուղային ցանց ունեցողն է Եվրոպայում եւ 11-րդը աշխարհում (21,700 կմ): Լոկատորների եւ տեղայնացման սարքավորումների 3-րդ համաշխարհային արտադրողն է (ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից հետո) ու 3-րդ համաշխարհային երկաթ արտահանողը: Ատոմակայանների համար տուրբինների 4-րդ խոշորագույն արտահանողն է, հրթիռային կայանների, կավի 4-րդ համաշխարհային արտադրողը: Նաեւ հանքաքարերի եւ մետալուրգիական խտանյութերի 8-րդ, զենքի արդյունաբերության 9-րդ համաշխարհային արտահանողն է եւ պողպատի 10-րդ համաշխարհային արտադրողը (32,4 մլն տոննա): Այսքանից հետո՝ թող ամեն մեկն իր եզրակացությունն անի…

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն