Ո՞ւմ է դատելու Փաշինյանը, եթե բոլոր մեղադրյալներին դեպուտատական անձեռնմխելիություն տվեց. Արտակ Գալստյան

«Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, փաստաբան Արտակ Գալստյանը վստահ է, որ այս ընտրություններում հաղթել են նախկինները: Դեռ երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Քոչարյանը, կամ Սերժ Սարգսյանը կարող են ներկայացված լինել ԱԺ-ում: Այսօր սակայն նրանք մտնում են խորհրդարան, ձևավորելու են ՀՀ օրենսդիր իշխանությունը:

«Ռոբերտ Քոչարյանը և  Սերժ Սարգսյանը ամբողջ նախընտրական շրջանում հայտարարում էին, որ գալիս են փրկելու Սյունիքը, Տավուշը, քանի որ Նիկոլի վերարտադրման դեպքում երկուսն էլ տալու է: Հիմա եկել է Նիկոլը, և նրանք կարող էին պրոցեսը կանգնեցնել մանդատ վայր դնելով, ինչպես արեցին Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը: Եթե Քոչարյանը մանդատը վայր չի դնում, նա ստորագրում է Սյունիքի ու Տավուշի հանձնման տակ: Վաղը արդարանալ, ասել, որ դրանք Նիկոլն է տվել, մենք ի՞նչ անենք, իրենց մոտ չի ստացվելու», — ասում է Գալստյանը:

Նրանք մանդատներից հրաժարվեցին, Քոչարյանը ասուլիսի ժամանակ այդ մասին հարցին պատասխանելով, մեջբերել է Սեյրան Օհանյանի խոսքերը՝ գրավված դիրքերը պետք է զբաղեցնել: Ինչ կնշանակի սա։

— Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է Ազգային Ժողովին: Այսօր Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը դարձան իշխանություն: Փաշինյանն ասում է՝ պողպատե մանդատ տվեք, բոլորին դատեմ: Բայց դատելու փոխարեն դեպուտատ դարձրեց: Բոլոր նրանց, ում  Փաշինյանը պողպատե մանդատով պետք է դատեր, նա բերեց, դարձրեց դեպուտատ: Հիմա հարց՝ այս իրավիճակում, երբ մարդիկ մեղադրյալից դարձել են դեպուտատ, անձեռնմխելիություն են ձեռք բերել, ինչպե՞ս է նրանց դատելու: Էդմոն Մարուքյանին փոխարինել է Սերժ Սարգսյանով, Գագիկ Ծառուկյանին փոխարինել է Քոչարյանով: Հիմա ո՞վ է հաղթել: Ժողովո՞ւրդը: Որ ասում էր՝ Մարտի մեկը բացահայտված է, այդ բացահայտման արդյունքը ո՞րն է: Ռոբերտ Քոչարյանը՝ դեպուտա՞տ: Ասում էր՝ Սերժը բանակը քանդեց, Սերժն դարձրեցին դեպուտատ: Ասում էին՝ Վանեցյանը դավաճան է, Վանեցյանին դարձրեցին դեպուտատ: Ո՞ւմ է դատելու Փաշինյանը, եթե բոլոր մեղադրյալներին դեպուտատական անձեռնմխելիություն տվեցին: Հաղթեցին մեղադրյալները՝ Քոչարյանն ու Սերժը:

— Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում ապագա խորհրդարանում:

— Փաշինյանը ստորագրելու է փաստաթուղթը, անկլավները, միջանցքը՝ ամեն ինչ տալու է, ինչ պլանավորված էր: Բնական է, որ մի 20-25 հոգի ՔՊ-ից կասեն՝ էս ի՞նչ ես անում, դուրս կգան: Քոչարյանը մի քանի միլիոն կծախսի, իմքայլականների թվում կգտնի մի քանի հոգու, ովքեր իր կողմը կգնան եւ կդառնա վարչապետ: Իշխանութունը Նիկոլը սահուն կերպով տալու է նախկիններին՝ կամ Քոչարյանին, կամ Վանեցյանին:

— Այսինքն՝ միասնաբա՞ր են նրանք գործել:

— Եթե բոլորն իրար հետ չլինեին, մեր ձայները չէին կարողանա գողանալ: Հակառակը կապացուցեն միայն այն դեպքում, եթե «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ» դաշինքները վայր դնեն մանդատները, գոնե պրոցեսը երկու-երեք ամսով հետաձգելու համար:

Սյուզան Սիմոնյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն