Որքանո՞վ է «Շրջիկ պատվաստումային խմբերի» գործունեությունն անվտանգ

ՀՀ-ում մինչ այժմ պատվաստվել է 7000-ից ավելի քաղաքացի, սակայն առողջապահության նախարարի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գոհ չէ մինչ այժմ գրանցված արդյունքներից: Խորհուրդ է տալիս պատվաստվել` համաճարակի ողնաշարը կոտրելու համար: Պատվաստումային գործընթացը է՛լ առավել արդյունավետ դարձնելու համար առողջապահության նախարարությունը շարժական պատվաստումային կաբինետներ է ավելացրել Հյուսիսային պողոտայում, «Դալմա» մոլում և մեկ այլ մոլում:

Նախարարաության այս գաղափարը այնքան էլ չողջունեցին ոլորտի մասնագետները: Նրանք կարծում են, որ եթե պատվաստվող քաղաքացիներից որևէ մեկի մոտ առողջական բարդություն առաջանա, հնարավոր չի լինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, իսկ քանի-որ պատվաստման այդ տեսակը նոր է նաև բուժաշխատողների համար, որոշ մասնագետներ պնդում են, որ հաշվի չի առնվում մարդու առողջությունը:

Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «շարժական պատվաստումային խմբի» գործունեությունը չի համապատասխանում առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի 21-Ն հրամանի պահանջներին, մասնավորապես` իմունիզացիոն կաբինետներին ներկայացվող տեխնիկական պահանջներին:

«Շրջիկ պատվաստումային խմբին» տրամադրված մեքենան նախատեսված չէ Հետպատվաստումային Անբարեհաջող Դեպքերի (ՀԱԴ) վարման և բուժառուին անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու համար, ուստի ցանկացած սուր դեպքի պարագայում բուժառուի կյանքը չարդարացված ռիսկի տակ է»:

Եթե նույնիսկ մասնագիտացաված մեքենայով, պատվաստվողի վիճակի կտրուկ վատացման դեպքում, նրան հնարավոր է արագ տեղափոխել հիվանդանոց, ապա ի՞նչ է նախատեսվում անել  մոլերում տեղակայված անշարժ կաբինետների պարագայում: Հարցին նախարարությունից չեն պատասխանել, ինչպես նաև մասնագետների հնչեցրած տեսակետների շուրջ հակառակ փաստարկ էլ չեն ներկայացրել:

Փոխարենն, այսօր մի քանի ժամով «շրջիկ պատվաստումային կաբինետ» ստեղծվեց ԱԺ-ում։ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ում գործում է բուժկետ և պատվաստվողի ինքնազգացողության վատացման դեպքում նրան հնարավոր կլինի ցուցաբերել առաջին բուժօգնություն: Բացի այդ պատվաստանյութերի տեղափոխման համար կան հատուկ տարաներ, որոնք դրանց տեղափոխումը դարձնում են անվտանգ:

Pastark.am

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն