Պարո՛ն Սիմոնյան, գուցե Նարեկ Գրիգորյանը տեղը նստի և չխոսի, բայց լրագրողները չեն լռելու:

Այսօր ԱԺ հերթական միջադեպից հետո, ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին կարգի հրավիրելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին։ Այնուհետեւ Սիմոնյանը հրահանգեց դադարեցնել տեսանկարահանումը, ապա նաեւ` խոչընդոտել լրագրողների աշխատանքը:

Ալեն Սիմոնյանի հրահանգով անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս, որ լրագրողներն ԱԺ-ում բարձրանան իրենց համար նախատեսված օթյակ: Բացի այդ, անվտանգության աշխատակիցները խոչընդոտում են տեսանկարահանումներին:

Սա ԱԺ-ում այն տխրահռչակ օրինագծի շարունակությունն է, որի հեղինակը ներկայիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է:

Նոր ձևավորվող ԱԺ-ում արդեն իսկ սահմանափակված է լրագրողների աշխատանքը՝ նրանց արգելված է մոտենալ խմբակցությունների համար նախատեսված տարածքին. այնտեղ մուտք գործելու համար պետք է պատգամավորը նախապես անցաթուղթ տրամադրի:

Սա այն պետության իրականությունն է, որտեղ իշխանությունը պատեհ ու անպատեհ հայտարարում է, թե ժողովրդավար է: Այս ժողովրդավար ԱԺ-ում հարցերն արդեն որերորդ անգամ լուծվում են բռունցքներով: Այստեղ այն պատգամավորներն են, ովքեր պետք է օրինակ ծառայեն իրենց քվե տվողների համար:

Հենց այսօր էլ միջադեպից վայրկյաններ առաջ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո, Ալեն Սիմոնյանը ժողովրդի անունից խոսեց և ժողովրդավարի հրամայեց, որ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը նստի տեղը և չխոսի:

Պարո՛ն Սիմոնյան, գուցե Նարեկ Գրիգորյանը տեղը նստի և չխոսի, բայց լրագրողները չեն լռելու:

Հյուսիսային Կորեա ջան, ականջդ կանչի:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն