Պատվաստումների ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ. նախարարի հրաման

ՀՀ Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N21-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՍԿ N 3.3.1.003-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ հրամանի 12-րդ գլխում ներառված են Հայաստանում սահմանված պատվաստումների ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ։

«ՓԱՍՏԱՐԿ» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում այդ հակացուցումների շարքը

77. Միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է՝ պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ):

78. Ժամանակավոր հակացուցումներ են՝

1) կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման բաղադրիչ պարունակող համակցված պատվաստանյութերի համար` էնցեֆալոպաթիան (կոմա, գիտակցության մթագնում, երկարատև` 15 րոպեից ավել տևող ցնցումներ) նախորդ պատվաստումից հետո` 7 օրվա ընթացքում,

2) բնածին կամ ձեռքբերովի իմունադեֆիցիտները՝ պայմանավորված ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետ՝ ՁԻԱՀ), օնկոլոգիական հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառագայթային բուժումով, իմունասուպրեսիա առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով (օրինակ՝ կորտիկոստերոիդներով 2 շաբաթ և ավել տևողությամբ՝ 2 մգ/կգ կամ 20 մգ/օրական պրեդնիզոլոն)՝ կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ, ԿԿԽ, ԿԿ, Ռոտայի, տուլարեմիայի) համար,

3) սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, քրոնիկ հիվանդությունների սրացումը՝ բոլոր պատվաստանյութերի համար,

4) ԲՑԺ և ՎՀԲ պատվաստումները, եթե նորածինների մոտ առկա է ցածր քաշ` մինչև 2000գ,

5) հղիությունը՝ կենդանի պատվաստանյութերի դեպքում: Պատվաստումներ պետք է կատարել մինչ հղիության պլանավորումը՝ առնվազն 28 օր առաջ, որպեսզի առաջանա լիարժեք պաշտպանություն: Սակայն, եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ:

79. Պատվաստումների նախազգուշական միջոցառումներն են, եթե՝

1) անամնեզում նշվում է թրոմբոցիտոպենիա կամ թրոմբոցիտոպենիկ ծիրանացան, ապա կարմրուկի, ինչպես նաև կարմրուկի բաղադրիչով համակցված՝ ԿԿ և ԿԿԽ պատվաստումներից առաջ ստուգել թրոմբոցիտների քանակը,

2) մինչ պատվաստումը երեխայի վերհուշում (անամնեզում) նշվում է ինվագինացիայի առկայություն, ապա տվյալ դեպքում Ռոտա պատվաստում չի կատարվում:

80. Պատվաստումների համար հակացուցում չհանդիսացող, սակայն հատուկ մոտեցումներ պահանջող վիճակներ են`

1) մարդու իմունային անբավարարության վարակ (այսուհետ՝ ՄԻԱՎ) ունեցող մայրերից ծնված երեխաների կանխարգելիչ պատվաստումների կատարման մոտեցումները նույնն են, ինչ առողջ երեխաների դեպքում, բացառությամբ` կենդանի պատվաստանյութերով պատվաստումների, մասնավորապես՝

ա. ԲՑԺ-ի պատվաստումը կատարվում է՝ ծնվելուց հետո հնարավորինս շուտ,

բ .ԲՑԺ-ի, ԿԿԽ-ի, ռոտավիրուսի և պոլիոմիելիտի դեմ պատվաստումներն իրականացվում են, եթե երեխայի մոտ ՄԻԱՎ-ի կլինիկական ախտանշանները բացակայում են և իմունասուպրեսիան չափավոր է,

գ. պոլիոմիելիտի դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով, եթե երեխայի մոտ առկա են ՄԻԱՎ-ի կլինիկական ախտանշաններ,

դ. ինակտիվացված/ադսորբցված, ռեկոմբինանտ, կոնյուգացված և հակատոքսինային պատվաստանյութերը հակացուցված չեն ՄԻԱՎ վարակակիրներին և իմունադեֆիցիտով անձանց,

2) հեմոֆիլիա ունեցող անձանց ներարկման ձևով իրականացվող պատվաստումները կատարվում են արյան մակարդելիության գործոնների որոշումից հետո,

3) արյան պատրաստուկներ ստացած անձանց կենդանի պատվաստանյութերով պատվաստումները, բացառությամբ բերանային պատվաստանյութերի, հետաձգվում են՝ համաձայն սույն հավելվածի Ձև 16-ի,

4) կենդանի պատվաստանյութով պատվաստված անձը համարվում է չպատվաստված, եթե պատվաստումից հետո 2 շաբաթվա ընթացքում ներարկվել է իմունագլոբուլին, շիճուկ կամ ամբողջական արյուն: Պատվաստումը կրկնվում է` հաշվի առնելով սույն հավելվածի Ձև 16-ի հետաձգումների ժամկետները,

5) արյան պատրաստուկներ ստացած անձանց ինակտիվացված/ադսորբցված, ռեկոմբինանտ, կոնյուգացված և հակատոքսինային պատվաստանյութերով պատվաստումները չեն հետաձգվում,

6) նախատեսվող պլանային վիրահատությունների դեպքում, պատվաստումներն անհրաժեշտ է կատարել վիրահատությունից առնվազն 28 օր առաջ՝ ԿՎՀ-ների նկատմամբ անընկալություն ձևավորելու նպատակով,

7) վարակիչ կամ սոմատիկ հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո,

8) քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո,

9) հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում:

81. Պատվաստումների հակացուցումներ չեն՝

1) սուր, թեթև շնչառական վարակները՝ սուբֆեբրիլ ջերմությամբ կամ առանց ջերմության,

2) պերինատալ էնցեֆալոպաթիան (ոչ հարաճուն),

3) պարզ տենդային ցնցումները,

4) կայուն նյարդաբանական վիճակները՝ մանկական ուղեղային կաթվածը, Դաունի հիվանդությունը և այլն,

5) ալերգիան, ասթման, էկզեման՝ ռեմիսիայի շրջանում,

6) ալերգիա ձվի սպիտակուցի նկատմամբ` բացառությամբ ծանր ալերգաբանական ռեակցիաների, կարմրուկ, ԿԿ, ԿԿԽ, գրիպի դեմ պատվաստանյութերի համար,

7) անեմիան,

8) թիմուսի շողքի մեծացումը,

9) բնածին արատները, այդ թվում՝ սրտի բնածին արատները (կոմպենսացված),

10) պահպանողական թերապիան քրոնիկ հիվանդության ռեմիսիայի շրջանում, այդ թվում հակաբիոտիկներով բուժումը,

11) քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը` ինակտիվացված պատվաստանյութերի համար,

12) տեղային ստերոիդների օգտագործումը,

13) անբարենպաստ ընտանեկան անամնեզը՝ ընտանիքում ալերգիայով հիվանդները, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը, մանկական հանկարծամահության համախտանիշը, ցնցումային համախտանիշը, իմունադեֆիցիտով անձը,

14) անամնեզում նախկինում կրած հիվանդություններ` սեպսիս, նորածինների հեմոլիտիկ հիվանդություն, անձի ԿՎՀ-ներով հիվանդացման փաստը,

15) կրծքով սնուցումը,

16) մոր հղիությունը,

17) նորածնային դեղնուկը՝ ֆիզիոլոգիական,

18) նախորդ պատվաստումից հետո՝ տեղային (այտուց, կարմրություն) և ընդհանուր (բարձր ջերմություն, անհանգստություն) անբարեհաջող դեպք, ինչպես նաև հարատև անմխիթար լացը,

19) վարակիչ հիվանդի հետ շփումը,

20) հիվանդության ռեկոնվալեսցենցիայի շրջանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն