Քանի՞ քաղաքացի պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի դրանք համարվեն կայացած

Նիկոլ Փաշինյանի ապրիլի 25-ի հրաժարականից հետո, քաղաքական ուժերը, ինչպես նաև քաղաքացիները պատրաստվում են ենթադրյալ կայանալիք ընտրություններին: Վարչապետի հրաժարականից հետո, Խորհրդարանը պետք է երկու անգամ չընտրի որևէ թեկնածուի, այդ դեպքում Ազգային Ժողովը կհամարվի լուծարված: Սա այն դեպքում, երբ որևէ այլ խմբակցություն թեկանծու չի առաջադրում կամ առաջադրված թեկնածուի օգտին չեն քվեարկում պատգամավորների թվի մեծամասնությունը:

Մինչ հրաժարական ներկայացնելը Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված ջենտլմենական համաձայնության եկավ խորհրդարանական մյուս ուժերի՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ՝ նրանք թեկնածու չեն առաջադրելու:

Մինչ խոստացված հունիսի 20-ը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեցին, ըստ որի ընտրությունները կանցկացվեն Դոնթի մեթոդով՝ այսինքն համամասնական ընտրակարգով:

Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասաց, որ քաղաքացիների համար փոփոխված է միայն սա: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքացիներն իրենց ձայնը տալու են կուսակցությանը կամ դաշինքին, իսկ նախորդ՝ ռեյտինգային ընտրակարգի դեպքում ընտություն էին կատարում թեկնածուների միջև:

Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով։ Ցուցակը կազմում է կուսակցության կամ դաշինքի նախագահը, վարչապետի թեկանածուն: Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։

Ինչպես «Փաստարկ» լրատվականին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից` կուսակցությունները Խորհրդարանում հայտնվելու համար պետք է հավաքեն ընդհանուր քվեների նվազագույնը 5%-ը, իսկ դաշինքները 7%-ը:  Ըստ ընտրողների ռեգիստրի տվյալների Հայաստանում կա 2 570 383 ընտրելու իրավունք ունեցաղ քաղաքացի:

Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ արդյոք ընտրողների քվորում հասկացություն, այսինքն, որքա՞ն քաղաքացի պետք է մասնակցի ընտրություններին, որ դրանք համարվեն կայացած՝ Բադալյանը բացատրեց, որ այդ կետն օրենսգրքից հանված է, ձայները հաշվվում են ընտրության մասնակցած քաղաքացիերի քվեների հիման վրա:

Իսկ թե որքանով ընտրությունները կանցեն լեգիտիմ, հարցն ուղղեցինք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին, ով ասաց, որ այս իշխանությունը չափազանց շատ բան է կեղծել, որ այս ընտրությունները չկեղծի։ Հարցին թե իշխանության ներկայացուցիչների պնդմամբ իրենք միակ ուժն են, որ ընտրություն չեն կեղծել, քաղտեխնոլոգը հակադարձեց՝ «մինչ իշխանության գալը նրանք նաև միակ ուժն էին, որ պարգևավճար չէին ստացել: Չեն կեղծել, որովհետև լծակ չեն ունեցել, իսկ հիմա կապրենք` կտեսնենք»: Քոչարյանից հետաքրքրվեցինք, ի՞նչ խորհուրդ կտա իշխանությանը, որպեսզի հասարակությունը համոզված լինի, որ ընտրությունները արդար են: Պատասխանեց, եթե իրեն դիմեն` կասի:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն