«Փաշինյանի էմիսարները սյունեցիներին ահաբեկում են, որ եթե Նիկոլը չընտրվի, նորից պատերազմ է սկսելու ու իրենց ողջ մնացած որդիները մահանալու են». Գառնիկ Իսագուլյանը Շուռնուխում է

«Երեկվանից Սյունիքի մարզում եմ։ Եղել եմ Կապանում, այս պահին էլ Շուռնուխ գյուղում եմ։ Անասելի ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է։ Կիլոմետրերով անցնում ես և հայկական դրոշ չես տեսնում, փոխարենը, ամեն քայլափոխի ադրբեջանական 50 մետրանոց դրոշն է փառահեղ կերպով ծածանվում,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում` պատմելով Սյունիքի մարզ կատարած իր տպավորությունների մասին և հավելում, — Փաշինյանի էմիսարները ահաբեկել են սյունեցիներին, որ, եթե Նիկոլը չընտրվի, նորից պատերազմ է սկսելու ու սյունեցիների ողջ մնացած որդիները մահանալու են։ Սա ուղղակի տեռոր է, անմարդկային ահաբեկում։ Մյուս կողմից էլ, հավանաբար, ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, այստեղ ամեն քայլափոխի սնկի պես աճել է ազերիների դրոշը, որ սարսափելի ճնշող տպավորություն է թողնում տեղում ապրող մարդկանց վրա»,-

Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ մարզում մարդիկ ահ ու սարսափի մթնոլորտում են ապրում՝ ամեն վայրկայն պատրաստ թշնամու հետ դեմ առ դեմ հանդիպման. «Ես ու ինձ ուղեկցող մարդիկ որոշեցինք անցնել հենց այն ճանապարհահատվածներով, որոնք առավել վտանգավոր են, որովհետև գտնվում են ազերիների վերահսկողության տակ։ Ամեն պահի մեզ կարող են առևանգել այստեղից, ուղղակի դուրս գան մեր դիմաց, զենք պահեն մեզ վրա ու, բառի բուն իմաստով, առևանգեն մեզ և ոչ ոք ոչինչ անել չի կարող»։

Իսագուլյանը նկատում է՝ այստեղ ապրող համաքաղաքացիները, փաստորեն, ամեն օր են անցնում այս ամենի միջով. «Հիմա արդեն պարզ է, թե ինչո՞ւ են Նիկոլի էմիսարները վստահ, թե սյունեցին իրենց ձայն է տալու։ Հատկապես վերջին ժամանակները դրանք Սյունքիում ակտիվ լուրեր են տարածում, թե, եթե Փաշինյանը չանցի, նորից պատերազմ է սկսելու, և, եթե դու երկու տղա ունեիր, որից մեկը զոհվել է, մյուսը կենդանի է մնացել՝ հիմա նա էլ կզոհվի։ Նախկինները կգան, նոր պատերազմ կհրահրեն և կսպանեն ձեր որդիներին։ Հասկանո՞ւմ եք մարդիկ ինչ ապրումների մեջ են հիմա։ Եթե սրան էլ գումարենք այն, որ մարդը, ասենք շուռնուխցին, որտեղ ես այս պահին գտնվում եմ, դուրս է գալիս տանից ու ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեսնում է ազերիների 50 մետրանոց դրոշն ու դրանց լկտի և վերամբարձ պահվածքը, ինքն էլ զինաթափված կարգավիճակում, կարծում եմ այստեղ արդեն խոսքերն ու մեկնաբանություններն ուղղակի ավելորդ են։ Մարդիկ կոտրված են, անհույս և անպաշտպան։ Նույն իրավիճակը Կապանում է»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը։

Սյունիքում թշնամին երանության և ցնծության մեջ է, նա վստահ է՝ ծնկի է բերել հայերին, ասում է  Իսագուլյանը ու հավելում.«Քիչ առաջ բարձրացել էինք եղբայրական գերեզմանոց։ Այն, ինչ տեսանք այնտեղ, բառերով արտահայտելն, ուղղակի, անհնարին բան է։ Եթե արցախյան առաջին պատերազմի ընթացքում մեր ունեցած զոհերի զգալի մեծամասնությունը գիտակից և հասուն տարիքի տղամարդիկ էին, ովքեր կամավորագրվել ու գնացել էին հայրենիքը պաշտպանելու՝ հստակ գիտակցելով, թե ուր և ինչի համար են մեկնում, ինչպես նաև՝ իրենց հաշիվ էին տվել՝ կվերադառնա՞ն իրենք այդ պատերազմից թե ոչ, ապա հիմա համատարած մատղաշ տղաների շիրիմներ են։ Հասկանո՞ւմ եք, սա բարբարոսություն էր, սա մի բան էր, որ ներում ունենալ չի կարող»,- ամփոփելով զրույցն ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։

 

Հեղինակ` Նվարդ Մանվելյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն