«Ռուս խոզեր, մենք ձեզ խավիար, գումար ենք ուղարկում». ադրբեջանական ողջույն՝ Մոսկվային. Hayeli.am

Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Իսֆանդիար Վահաբզադեն օրերս սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել: Նա դիմելով Վլադիմիր Ժիրինովսկուն, նրան և ռուս ժողովրդին «խոզ» էր անվանել և մեղադրել անշնորհակալ լինելու մեջ։ Ադրբեջանցի դիվանագետն իր ուղերձում, մասնավորապես, ասել է. — «Դու խոզ ես, քեզանից խոզի գարշահոտ է գալիս, գիտեմ ինչով են զբաղվում ռուս խոզերը, հիմարությամբ են զբաղվում, գարշահոտ են տարածում։ Ձեր գարշահոտն արդեն տարածվել է ամբողջ աշխարհում… Մենք ձեզ ամեն ամիս խավիար, ձուկ, գումար ենք ուղարկում…»

Ադրբեջանցի դիվանագետը այս ձևով պատասխանել է Ժիրինովսկուն, ով ավելի վաղ ասել էր, թե Ադրբեջանում բռնապետություն է, իսկ այդ երկրի տարածքը ժամանակին Իրանի շահը նվիրել էր Ռուսաստանյան կայսրությանը:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Սոլովյով Live» հաղորդման եթերում մեկնաբանել է Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեի սկանդալային հայտարարությունը: Ժիրինովսկին հայտարարել է, որ այս հայտարարություններն անպատիժ չի թողնի։ — «Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի ղեկավարին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Այս վիրավորանքը հրեշավոր է։ Դա միջնադար է»։

Վլադիմիր Սոլովյովը հավելել է, որ սպասում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեկնաբանություններին:

Ի դեպ, բացի նշված ուղերձից, դիվանագետը ռուսներին խիստ քննադատող և վիրավորող այլ տեսագրություններ ևս ունի։ Ըստ «Ազատության», Վլադիմիր Սոլովյովը նկատել է, օրինակ, որ այս տեսագրություններում ադրբեջանցի դիվանագետը իրեն ոչ թե ադրբեջանցի է համարում, այլ թուրք… Ընդհանրապես հետպատերազմյան շրջանում ադրբեջանական մամուլը ողողված է ռուսների նկատմամբ կոշտ արտահայտություններով, կոշտ քննադատությամբ, սակայն պաշտոնական Մոսկվան ու Բաքուն շարունակում են խոսել ռազմավարական գործընկերության մասին։ Ավելին, ադրբեջանական լոբբին Ռուսաստանում վերջին մի քանի տարիներին աննախադեպ ակտիվ է։

Օրինակ, Մոսկվայի մարզի կառավարությունը տեղակայված է ադրբեջանցի օլիգարխ, Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովի «Կրոկուս սիթի»-ից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, ինչը, ըստ ռադիոկայանի՝ դժվար թե զուգադիպություն լինի։ Իսկ եթե զուգադիպություն է, ապա՝ շատ խոսուն։

Իսկ նախօրեին Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը երկրամասի հաջողություններից խոսելիս, ասել էր, թե վերջին տարիներին իրենց տնտեսության մեջ հատկապես ադրբեջանցի բիզնեսմեններն են մեծ ներդրումներ անում։

Մի կողմից ադրբեջանական մամուլը կոշտ քննադատում է Ռուսաստանի իշխանություններին, տարբեր փորձագետներ գրում են, որ ռուսներն այլևս իրենց պետք չեն, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական լոբբին Ադրբեջանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ ակտիվ աշխատում է Ռուսաստանում։

Բացի այդ, ադրբեջանական լոբբին աշխատում է ընդդեմ Հայաստանի կեղծ քարոզչությամբ, և այդ քարոզչությունն իրականացվում է ռուսների միջոցով: Վերջերս անդրադարձել էինք տարիներ շարունակ ադրբեջանական նավթադոլարներից սնվող ռուս գործիչների ցանկին:

Իրականում, խնդիրն այն է, որ ադրբեջանցի նախկին դեսպանի հայտարարությունները Կրեմլում մեծ խնդիր չեն առաջացնի, այդ ցինիկ տեսաուղերձը չի անդրադառնա ռուս-ադրբեջանական վաղուց արդեն «ռազմավարական» համարվող հարաբերությունների վրա:

Ակնհայտ փաստ է, որ Ռուսաստանում բարձրագույն իշխանության թողտվությամբ իրականցվում է ընդդեմ Հայաստանի ու հայերի կեղծ քարոզչություն՝ ռուսների գործուն աջակցությամբ, և Ռուսաստանի իշխանություններն, այսպես ասած՝ դրա դեմը չեն առնում, չեն կանխում, թույլ են տալիս, որ ընդդեմ ռազմավարական դաշնակից Հայաստանի ալիևյան ռեժիմի կեղծ քարոզչությունն իրականացվի՝ թուրք-ադրբեջանական «նավթադոլարներով» ու «խավիարով»:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն