Ռուս միլիարդատերերը Մոսկվայի բորսայում մեկ օրում հարստացել են 14 միլիարդ դոլարով

20 ամենահարուստ ռուսները մարտի 24-ին Մոսկվայի բորսայում առևտրի բացման օրը հարստացել են 14,1 միլիարդ դոլարով, հաշվարկել է Forbes-ը։ Այնուամենայնիվ, խոշոր ձեռնարկատերերի հարստությունը դեռևս չի վերադարձել մեկ ամիս առաջվա մակարդակին:

Բացարձակ աճի առաջատարներն էին Novatek գազային ընկերության համասեփականատերեր Լեոնիդ Միխելսոնը և Գենադի Տիմչենկոն։ Առաջինի կարողությունն աճել է 2,5 միլիարդ դոլարով, մինչև 20,6 միլիարդ դոլար, երկրորդի կարողությունը՝ 2,3 միլիարդ դոլարով, մինչև 17,5 միլիարդ դոլար:  Դա տեղի է ունեցել գազի գնի բարձրացման ֆոնին։

Norilsk Nickel-ի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինի կարողությունն աճել է 1,9 միլիարդ դոլարով, եթե մինչ առևտրի բացումն այն գնահատվում էր 21,7 միլիարդ դոլար, ապա առևտրային օրվա վերջում ​​արդեն կազմում էր 23,6 միլիարդ դոլար: Պատճառը կարող էր լինել նիկելի կտրուկ թանկացումը, որի խոշորագույն մատակարարներից մեկն աշխարհում ռուսական ընկերությունն է։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում այս մետաղն ընդհանուր առմամբ թանկացել է 32%-ով։

Մարտի 24-ին նավթային ընկերության գլխավոր սեփականատեր Վագիտ Ալեքպերովի կարողությունը նույնպես զգալիորեն ավելացավ՝ գրեթե 1,5 միլիարդ դոլարով` հասնելով մինչև 19,5 միլիարդ դոլարի: Բացարձակ աճով առաջին հնգյակը եզրափակում է Սուլեյման Քերիմովը, նրա ընտանիքին է պատկանում ոսկու արդյունահանման Polyus ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Polyus-ի բաժնետոմսերը մեկ օրում աճել են 10,6%-ով՝ հասնելով 12300 ռուբլու, իսկ ընտանիքի կարողությունն աճել է 1,25 մլրդ դոլարով՝ հասնելով 11,4 մլրդ դոլարի։

Տոկոսային արտահայտությամբ Գենադի Տիմչենկոն (+15,4%) դարձել է հարստության աճի առաջատարը։ «ՖոսԱգրո» պարարտանյութ արտադրող ընկերության սեփականատեր Անդրեյ Գուրևի ընտանիքի կարողությունը մեկ օրում աճել է 15,3 տոկոսով՝ հասնելով 7,32 միլիարդ դոլարի:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն