Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են վերականգնել օդային հաղորդակցությունը

Գազետայի փոխանցմամբ Էրդողանը ակնկալում է ռուսական պատվիրակության այցը Անթալիա։ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ակնկալում է ռուսական պատվիրակության այցը Անթալիա՝ քննարկելու զբոսաշրջությանն առնչվող հարցեր։ «Ռուսական պատվիրակությունը Անթալիայում մեզ հետ կքննարկի զբոսաշրջությանն առնչվող հարցեր»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները խորհրդակցություններ են անցկացրել ՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու կարևորության մասին՝ կորոնավիրուսային համաճարակի իրավիճակի կարգավորումների պարագայում։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ապրիլի 15-ից մինչև հունիսի 21-ը դադարեցնում է Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը, ըստ որում՝ ոչ միայն կանոնավոր, այլ նաև՝չարթերային չվերթները։ Իբրև պատրվակ՝ Ռուսաստանը ներկայացրել է Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի աճը։ Նախնական հաշվարկներով՝ այդ ժամանակահատվածում 1 միլիոն ռուս զբոսաշրջիկ չեղարկել է Թուրքիա ուղևորությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն