«Թալիբան» շարժումը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը Աֆղանստանից

Աֆղանստանի արմատական «Թալիբան» շարժումը պահանջել է Թուրքիային՝ դուրս բերել իր զորքերը, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներներն են իրենց զորքերը դուրս բերում։ Այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը:

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ ՝ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից՝ հիմք ընդունելով այն համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ 2020 թվականի փետրվարի 29-ին»,- ուրբաթ Շահինի խոսքը մեջբերել է աֆղանական TOLO News հեռուստաալիքը: «Թուրքիան մեծ մահմեդական երկիր է, Աֆղանստանը պատմական կապեր ունի նրա հետ։ Հույս ունենք, որ Թուրքիայի հետ սերտ և լավ հարաբերություններ կունենանք ապագայում մեր երկրում նոր իսլամական կառավարության ստեղծումից հետո»:

Հիշեցման կարգով տեղեկացնենք որ Թուրքիան առաջարկել է զինված ուժերի միջոցով Քաբուլի օդանավակայանի կառավարումն իր հսկողության տակ առնել։ «Թալիբան» շարժումը արձագանքել է նաև Թուրքիայի այդ առաջարկին։Reuters-ի փոխանցմամբ՝ Անկարան Վաշինգտոնին այս առաջարկն արել է ընթացիկ տարվա մայիսին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում, երբ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները քննարկել են Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ծրագիրը:

Թուրքական առաջարկը քննարկվելու է հաջորդ շաբաթ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն