Ռուսաստանը 15 միլիարդ դոլար կփոխանցի «Աքկույու» ատոմակայանի շինարարությունն ավարտին հասցնելու համար

Թուրքիայի հարավում գտնվող առաջին ատոմակայանը կբավարարի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 տոկոսը

«Ռոսատոմ»-ը պլանավորում է աստիճանաբար փոխանցել 15 միլիարդ դոլար՝ Թուրքիայի հարավում գտնվող «Աքքույու» ատոմակայանի նախագծի ավարտի աշխատանքների ֆինանսավորման համար։

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդին Նեբաթիի և ռուսական կողմի բանակցությունների արդյունքում «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի շրջանակներում առաջին փուլում փոխանցվել է 5 միլիարդ դոլար։ Գումարի մնացած մասը կփոխանցվի AKKUYU NUCLEAR-ի բանկային հաշվին մինչև հաջորդ շաբաթվա վերջ։

2010 թվականի մայիսի 12-ին ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ Մերսին նահանգի Աքքույու տեղանքում ատոմակայանի կառուցման և շահագործման համագործակցության վերաբերյալ։ Թուրքական առաջին ատոմակայանի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ՝ VVER-1200 ռեակտորներով՝ 4800 մեգավատ ընդհանուր հզորությամբ։ Ատոմակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։

Ատոմակայանը էլեկտրաէներգիա կարտադրի 60 տարի։ Նախատեսվում է, որ ատոմակայանը կապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների 10 տոկոսը։

Ներկայումս «Աքկույու» ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրականացման մեջ ներգրավված է 783 մարդ։ Շինարարության գագաթնակետին դրան կներգրավվի մոտ ինը հազար մարդ։ ԱԷԿ-ը շահագործման հանձնելուց հետո այնտեղ կաշխատի 3,5 հազար մարդ։

Ատոմակայանը 24 ժամ և շաբաթը յոթ օր անխափան էլեկտրաէներգիա է արտադրելու՝ առանց շրջակա միջավայրը վնասելու։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն