Սկսում են փողոցային պայքարը. որ կուսակցությունները կմիանան

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք վերսկսում են փողոցային պայքարը։

Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա հիշատակի քայլերթ, իսկ դրանից հետո կսկսվեն տարբեր ակցիաներ ու գործողություններ։ Հոկտեմբերի մեկից սկսած խմբակցության պատգամավորները մարզային այցելություներ կսկսեն։ Մինչև նոյեմբերի 9-ը կան պլանավորած բազմաթիվ միջոցառումներ։

«Փաստարկ» լրատվականը կապ հաստատեց նախկինում փողոցային պայքարի դուրս եկած 17 կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու` արդյո՞ք կրկին պատրաստ են գնալ փողոցային պայքարի ճանապարհով։

«Պատիվ ունեմ » խմբակության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենց դաշինքի համար փողոցային պայքարը չի էլ ավարտվել, որ վերսկսելու մասին մտածեն՝ հավելելով, որ փողոցային պայքարն իրենց համար պայքարի գործուն մեխանիզմներից է։

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը ողջունում է խորհրդարանական ընդդիմության «պատերազմին» ընդառաջ երթ անելը և վստահ է, որ նրանց մեծ թվով քաղաքացիներ կմիանան, սակայն ինքն անձամբ կմիանա, թե ոչ, խուսափեց պատասխանել։

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ասաց, որ դեռևս դաշինքի հայտարարությանը ծանոթ չէ, ուստի չի կարող պատասխանել մինաում է, թե ոչ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պատրաստ է միանալ ցանկացած պայքարի, որի նպատակն այս իշխանությունից ազատվելն է և նրան` ով միչև վերջ կգնա այդ նպատակի ետևից։ «Եթե պայքարի նպատակն այս իշխանությունից ազատվելն է ու իրենք իսկապես գնալու են դրան, ապա քանի դեռ չենք կորցրել Սյունիքը, աջակցելը պարտադիր է։ Ալիևը երեկվա ելույթի ժամանակ ասաց, որ խաղաղության գինը միջանցքի բացումն է։ ՀՀ իշխանության չպատասխանելը, գաղտնի հանդիպումները շատ վտանգավոր են և Հայաստանը կանգնած է կործանման եզրին, իսկ կործանումից փրկումը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռացումն է։ Պայքարի արդյունքների հարցում այնքան էլ լավատես չեմ»,- նշեց Իսագուլյանը։ Նա կարծում է` մեր հասարակությունը ինչ-որ թմբիրի մեջ է և չի ցանկանում դուրս գալ։ Սակայն գտնում է, որ պետք է պայքարել, քանի-որ իշխանությունների գործողությունները հայանպաստ չեն։ «Պետք է սպասենք և եթե պայքարում լրջություն լինի, կմիանանք։ Մենք հույս ունեինք, որ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներն ավելի ակտիվ կլինեին։ Պայքարն այնպիսին չէ, ինչպիսին, որ ակնկալում էինք»,- եզրափակեց կուսակցության նախագահը։

«Ազգային համաձայնություն» կուսակցությունը կմիանա պայքարին։ Կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը պայքարի առաջնորդներին հորդորում է տանն ասել, որ երկար ժամանակով տուն չեն գնալու․ «Պետք է գնալ վճռական գործողությունների, որովհետև մենք ժամանակ չունենք և ամեն օր մնալով` այս իշխանությունը վիրավորում է ժողովրդի արժանապատվությունը, հապաղելու հնարավորություն չունենք։ Ակնհայտ է, որ եթե որևէ ուժ փողոցային պայքար սկսի, հատկապես «Հայաստան» դաշինքը, մենք կմիանանք և կսատարենք»,- նշեց Արամ Հարությունյանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ասում է, որ միանալու որոշում կկայացնեն միայն օրակարգին և նպատակներին ծանոթանալուց հետո։ «17 կուսակցությունների դաշինքից մենք փետրվար ամսին դուրս ենք եկել։ Այո՛ մենք դժգոհ ենք ներկա իրականությունից և բայց պետք է վստահ լինենք, որ 17-ի ձևաչափում տեղ գտած սխալները չեն կրկնվելու»,- նշեց Սուրենյանցը։

Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ չի միանալու փողոցային պայքարին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն