Տաջիկստանն օգնություն խնդրեց ՀԱՊԿ-ից

Տաջիկա-աֆղանական սահմանին լարվածության աճի պատճառով Դուշանբեն խնդրել է ՀԱՊԿ-ի օգնությունը։ Այդ մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքէջը։

Հուլիսի 7-ին տեսախորհրդաժողովի աշխատակարգով տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստ, որին մասնակցել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել ՀԱՊԿ-ում Տաջիկստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը։ Նա պատմել է սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի մասին՝ ներկայացնելով սահմանը հատած աֆղան զինվորականների թվաքանակը։

«Մեր երկիրը, ղեկավարվելով մարդասիրության և բարիդրացիական սկզբունքներով, թույլ է տվել պետական սահմանը ճեղքած աֆղան զինծառայողներին անարգել մտնել Տաջիկստանի սահման։ Հարկ է նշել, որ Աֆղանստանի զինվորներից մեկը սպանվել է, իսկ չորսը՝ վիրավորվել»,- ասել է Սուլթոնովը։

Նա նշել է, որ Տաջիկստանը՝ որպես Աֆղանստանի սահմանակից երկիր, ընդունում է անհրաժեշտ միջոցներ՝ զսպելու իրավիճակը և հակազդելու Աֆղանստանից եկող սպառնալիքներին և մարտահրավերներին։

«Սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Աֆղանստանի հետ ունեցած սահմանի որոշ տարածքներ դժվարամատչելի լեռնային տեղանք ունեն, խնդիրը միայնակ լուծելու համար բարդություններ են առաջացնում։ Այդ բարդ հանգամանքները ՀԱՊԿ-ի շրջանակներում մեզանից համապատասխան արձագանք են պահանջում` ուղղված հարավային սահմանների ուժեղացմանը»,- շարունակել է Սուլթոնովը։

Նրա խոսքով՝ այդ համատեքստում ժամանակահարմար է Կոլեկտիվ Անվտանգության Խորհրդի՝ 2013թ սեպտեմբերի 23-ի որոշումը՝ «Տաջիկա-աֆղանական սահմանների ամրապնդման նպատակով Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու մասին»,- եզրաբանել է Սուլթոնովը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն