«Ողջույնեցու» արկածները Հայաստանում

Լինում է չի լինում մի չքնաղ երկիր է լինում։ Այս երկրում թե՛ բնակչությամբ, թե՛ յուրահատուկ բնությամբ առանձնանում է մի մարզ, որը կոչվում է Սյունիք։ Մի օր այս չքաղ երկրի դարպասների մոտ կռիվ է լինում ու հանձնվում է դարպասի 75 տոկոսը։ Ում որ հանձնել են և ով որ հանձնել է աչք են դնում այս չքնաղ մարզի տարածքների վրա։ Ժամանակի ընթացքում էլ կտոր-կտոր, սուսիկ-փուսիկ սկսում են հանձնել էս չքնաղ Սյունիքը։ Դե մարզի արժանապատիվ ժողովուրդն էլ հանձնողին անվանում է «ողջույնեցի» ու իր «տուն» չի ընդունում։ Էս հանձնողը երբ այցելում է Սյունիք` դարպասներից ներս չեն թողնում։

«Ողջույնեցին» մտքում պահում է էս ամենը ու որոշում` պատժելու է։ Մի անգամ էլ հավաքում է իր նազիր-վեզիրներին ու էլի գալիս է էս Սյունիք։ Սյունեցիները, որ լեռների ժողովուրդ են լինում,  մտածում են՝ ուղիղ խոսքը մենակ էշին են ասում, կարո՞ղ է լավ չենք բացատրել սրան։ Սկսում են հայհոյել, իրենց վերաբերմունքն ավելի պարզ բառերով արտահայտել, որ սա հասկանա ու էտ մարզից հեռու մնա։

«Ողջույնեցին» էլ ողջունում է, փորձում է խոսել, լեզու գտնել … բայց լեռնցիները մնում են անդրդվելի, նորից մի լավ «ողջունում են» սրան ու ուղարկում տուն։ Էս մեր «ողջույնեցին» վիրավորանքը կուլ տվող չի լինում ու չի մոռանում սյունեցիների բառերը։ Քնում է` երազում տեսնում իրեն ատող երեսները, զարթնում է` քրտինը` ճակատին, վախը` սրտումը, բերանը` չորացած։

Օր ու գիշեր մտածում է ինչ անի, ոնց անի, որ սյունեցիներին պատժի։ Բանը նրանում է լինում, որ էս հող հանձնող «ողջույնեցին» մի կախարդական ուրագ է ունենում։ Բայց էս ուրագը մի օր սրա ձեռքին է լինում, մյուս օրը … ու որոշում է սկզբում ուրագը ձեռքում պահելու հարցերը լուծի, հետո անցնի Սյունիքի «ասպատակմանը»։

Դերվիշի շորեր է հագնում, ընկնում սար ու ձոր, քաղցր լեզու թափում (մի ահագին էլ փարա), վերջը նորից ձեռն է գցում կախարդական ուրագը։ Իր մոտ է կանչում նազիր-վեզիրներին ու հրամայում պատժել իրեն «ողջունածներին» կամ «ողջույնները» չկանխողներին։ Ձեռբակալվում են համայնքապետեր, գյուղապետեր։ Մեկը մյուսի դեմ ցուցմունք են տալիս, մեկը մյուսի անունը սևացնում … ինչպես պայծառատեսը կասեր` բոլոլա ու մեծ բազար։

Դու մի ասա, էս մեր Սյունիքում մի գործարան է լինում` աշխատող, հարկերը ժամանակին վճարող, բազում մարդկանց հացն ապահովող։ Էս գործարանը պայամնական անվանենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Կախարդական ուրագի համար դերվիշի շորերով Սյունիքում հյուրընկալված հող հանձնող «ողջույնեցին» էս գործարանի տերերին խոստանում է հարցերը լուծել, բայց` բացասական իմաստով։

Ու հիմա, էս մեր հող հանձնող «ողջույնեցին» հարց է, որ լուծում է։ Ասում են` հեսա գիրք է հրատարակելու. «Լուծված 100 հարցերը կամ Պատժի 50 երանգները»։

Հեքիաթից դուրս, մեր օրերում կա այս պատմության իրական զուգահեռը։ Վարչապետի ժ/պ-ն ինչ-որ պատճառաբանություններով հանձնեց Հայաստանի անվտանգության  դարպասի՝ Արցախի 75 տոկոսը, ապա անցավ Սյունիքին, Գեղարքունիքին, հիմա էլ խոսում է Տավուշի մասին։ 1000-ից ավելի ադրբեջանցի մայիսի 12-ից ՀՀ սուվեն տարածքում է։ Իսկ Սյունիքում քրեական գործեր հարուցելու տարափ է։ Մի՞թե բոլոր «ոչ օրինապահները» Սյունիքում են, թե՞ այս ամենը կապ չունի օրենքի հետ և պարզապես Սյունիքում հայհոյել են Փաշինյանին։

Նախ ձերբակալվեց Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Նա կալանավորված է այն հիմնավորմամբ, որ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Գործով համայնքի մի քանի բնակիչ ցուցմունք է տվել, թե Ավետյանը նրանց կաշառք է առաջարկել կամ օգնություն է տվել, հետո պարտադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքին, ապա` քվեարկել նրա օգտնի։ Մնում է հասկանալ, թե ինչպես է տիկին Ավետյանը խոչընդոտելու նախաքննությանը։Անշուշտ, ընտրախախտումների վերաբերյալ չարժե հակընդդեմ օրինակներ բերել ու խոսել ՔՊ-ի ներկայացուցիչների վարքի մասին։ Դե նրանց սխալները չեն երևում, քանի դեռ պողպատե ուրագն իրենց ձեռքում է։

Երեկ կրկին ձերբակալվեց և այսօր ազատ արձակվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Ասում են, թե մեղադրանքը գրված է ու անհամբեր սպասում է վարաչապետի օգնական Աննա Վարդապետյանի խմբագրական փայլուն աշխատանքին (ինչպես նախկինում հայտնի է դարձել, սույն անձը խմբագրել է Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Րաֆֆի Հայրապետյանի մեղադրական եզրակացությունը)։

Այսօր խուզարկել են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը և ավտոմեքենան։ Թեև որևէ իր չի առգրավվել, սակայն նրան տեղափոխել են Երևան։ Պաշտպանի խոսքով` այդպես գործի քննությունն ավելի վերահսկելի կլինի։

Դե իհարկե, ձերբալությունների հաջորդ օղակը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներն են, ինչպես և խոստացել էր Փաշինյանը (շատ զարմանալի ու պատահական զուգադիպություն` մեր հեքիաթի  հող հանձնած «ողջույնեցու» հետ)` ասելով, որ «իրենց չափն անցել են և իրենց հարցերն արդեն լուծված են, թող միայն սպասեն»։ Այսօր խուզարկել և բերման են ենթարկել կոմբինատի բաժի պետերից մեկին։

Վերջինիս և Քաջարանի համայնքապետի պաշտպան Ռոբերտ Հայրապետյանը նշում է․ «Առահասարակ այն ինչ տեղի է ունենում Սյունիքում ցույց է տալիս, որ Փաշինյանը «չմարսեց» սյունյաց ողջույնը»։

Կարող ենք ակնկալել, որ հիմա պողպատե ուրագը, իր փխրուն բազուկների ողջ «առնական» ուժով, Փաշինյանն իջեցնելու է իրենց հայրենիքի պաշտպանությանը կանգնած յուրաքանչյուր հայի գլխին։ Մնաց սպասենք նոր գրքի հրատարակմանը. «1000 ու մեկ գիշեր»։

Հետաքրքիր է, թե ինչով կավարտվի մեր հեքիաթն ու ինչ հետևանքներ կունենա երկրորդ` իրական պատմությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն