Տեղ համայնքում թշնամին 120 գլուխ ոչխար է գողացել, իսկ համայնքապետը հանգստանում է ու բղավում

Քիչ առաջ “Փաստարկ” լրատվականն ահազանգ ստացավ այն մասին, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի շրջանում թշնամին գողացել է մոտ 120 գլուխ ոչխար եւ մինչ այս պահը չի վերադարձրել։

Մենք կապ հաստատեցինք Տեղ համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ` հասկանալու իրավիճակը եւ իր կողմից ձեռնարկվելիք քայլերը։

Ղուլունցը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը կամ գտնվելով նյարդային ոչ հավասարակշիռ վիճակում ( հեռախոսով հնարավոր չեղավ պարզել), բղավեց մեր լրագրողի վրա եւ հայտարարեց, որ իր աշխատանքային ժամն ավարտվել է, ու իր հանգիստը չխանգարենք, այլ իրեն անհանգստացնենք առավոտյան ժամը 9-ից հետո` աշխատանքային ժամի։

Մեր պնդումներին, թե սահմանամերձ համայնքում թշնամին նման լայնածավալ ոտնձգություն է իրականացնել եւ առաջնորդի համար չպետք է լինի աշխատանքային ու ոչաշխատանքային ժամ, Ղուլունցը մեզ “հորդորեց” զանգահարել Պաշտպանության Նախարարություն։

Հիշեցնենք, որ առաջիկա երկու օրերը նույնպես ոչ աշխատանքային են եւ թշնամին կհասցնի այդ ընթացքում հայկական ոչխարների բուրդը վաճառել, իսկ մսից ղավուրմա պատրաստել։

Մինչդեռ, Տեղ համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Ղուլունցի համար, փաստորեն, առավել կարեւոր է սեփական հանգիստը վայելելը, քան սահմանամերձ գյուղերի բնակիչների գոյության միջոցը պաշտպանելը։

Դե ինչ, հաճելի հանգիստ մաղթենք պարոն Ղուլունցին։ Իսկ մեր ընթերցողին հիշեցնենք, որ “Փաստարկ” լրատվականը վերջերս հրապարակել էր տեսանյութ, որտեղ նույն Ղուլունցը, իր թիմով, դաժան ծեծի էր ենթարկում երկու երիտասարդի (մեկն` անչափահաս):

Ի դեպ, այս գործով Գորիսի Ոստիկանությունը քրեական գործ ԴԵՌԵՎՍ չի հարուցել։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն