ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայիթիի նախագահին սպանեցին. սա արդեն նորմալ է աշխարհի ամենաաղքատ այս երկրի համար

Հայիթիի նախագահ Ջովենել Մոիզի և նրա կնոջ աղմկահարույց սպանությունը դարձել է հուլիս ամսվա գլխավոր լուրը, սակայն, առանձնապես դա ոչ ոքի չի զարմացրել։ Տարօրինակ չէր թվում նաև այն, որ հարձակմանը մասնակցում էին Ամերիկայի երկու քաղաքացի: Նաև այն փաստը, որ իշխանությունները, չկարողանալով հաղթահարել երկրում տիրող քաոսը, օգնության համար դիմել էին ամերիկյան զորքերին: Հայիթին և Միացյալ Նահանգներն ունեն տևական և ոչ այնքան հարթ հարաբերություններ։
«Դժբախտության կղզին» (“Остров невезения”) վաղուց արդեն ձախողված պետության (failed state) դասական օրինակ է: Հայիթիի ղեկավարներին ռազմական հեղաշրջումների միջոցով պարբերաբար գահընկեց էին անում կամ «ուղարկում այն աշխարհ»։ «Ավանդույթի» սկիզբը դրել է երկրի առաջին նախագահը` դեռևս 1806 թվականին. գրեթե երկու տարի ղեկավարելուց հետո Հայիթիի բնակիչները բառացիոներն նրան կտոր-կտոր արեցին։
Ավելի քան երկու հարյուր տարի երկրի տնտեսությունը, քաղաքականությունը, սոցիալական ոլորտն աղետալի վիճակում են։ Հայիթիի նկարները հետապոկալիպսիս են հիշեցնում` աղբ ու ավերակներ։ Երկրում աղքատությունն այն աստիճանի է, որ նույնիսկ ոչ հարուստ պետություններն են ստիպված օգնել Հայիթիին։ Կուբան բժիշկներ է ուղարկում, Վենեսուելան բենզին է տրամադրում: Բայց միևնույն է, բնակչությունը հիվանդ է, սոված, իսկ մահացությունը` բարձր։ Ինչպե՞ս է Հայիթին հայտնվել այս իրավիճակում։
Հայիթիի պատմությունը օկուպացիաների և քաղաքացիական պատերազմների հաջորդականություն է: Նախ, բնիկ հնդկացիներին ֆրանսիական զավթիչներն ամբողջությամբ ոչնչացրեցին: Այնուհետև տեղի բնակչությունը քշեց ֆրանսիացիներին և կոտորեց կղզու ողջ սպիտակ բնակչությանը: Ամբողջ 19-րդ դարն անցավ անընդմեջ քաղաքացիական պատերազմների մեջ, որոնց ընթացքում աղքատ սեւամորթները մորթում էին վերնախավին ՝ հարուստ մուլատներին: Մուլատներն իրենց հերթին վարձում էին սեւամորթ զինյալների, և նրանք սպանում էին իրենց ռասսայի ներկայացուցիչներին։
1915 թվականից Հայիթիի տարածքը հսկողության տակ վերցրեց Ամերիկան` այնտեղ զորք մտցնելով: Տեղի ֆերմերները վախեցան, որ իրենց հողը կխլեն իրենցից և ընդվզեցին: Այդ ընդվզումը «խեղդվեց արյան մեջ»: Ամերիկացիները սպանեցին հազարավոր հայիթիացիների, մահապատժի ենթարկեցին երկրի ժողովրդական առաջնորդ Շարլեման Պերալտին և նշանակեցին իրենց նախագահին: Ձեռքի հետ էլ` խլեցին ֆերմերների հողերը։
Թվում է, թե օկուպացիան պետք է քաղաքակրթություն բերեր: Ամերիկյան իշխանությունները կարող էին կարգուկանոն հաստատել անիշխանությունից և աղքատությունից կեղեքված այս խղճուկ երկրում: Սակայն, կյանքը չբարելավվեց։
1934 թվականին ամերիկացիները հետ կանչեցին իրենց զորքերը, բայց շարունակում էին նշանակել և հեռացնել Հայիթիի նախագահներին:

Տասնամյակներ շարունակ, չնայած իր բոլոր վայրագություններին, իշխանությունը պատկանել է լեգենդար Դուվալիե տոհմին։ Նրանք իրական ցեղասպանություն իրականացրեցին իրենց հայրենակիցների նկատմամբ, բայց քանի-որ սպասարկում էին ամերիկյան ընկերությունների բիզնես-հետաքրքրությունները, շարունակեցին մնալ իշխանության։

1991 թվականին Հայիթիի պարանոցին փաթաթեցին ևս մեկ սադիստի` Ժան-Բերտրան Արիստիդին։ Կրկին խոշտանգումներ, մահապատիժներ, հակառակորդների ​​սպանություններ առանց դատ ու դատաստանի, կրկին պատերազմ` սեփական ժողովրդի դեմ: Հուսահատության մղված բնակչությունը բազմիցս փորձեց տապալել նախագահին: Բայց ամեն անգամ Արիստիդին օգնության էին հասնում ամերիկյան հատուկ ջոկատայինները։ Միայն 2004 թվականին Արիստիդը հոգնեցրեց Վաշինգտոնին: Նրա ետևից նորից եկան դեսանտային ուժեր, սական այս անգամ արդեն նրան հանեցին երկրից ու աքսորեցին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն:
Ավելի քան հարյուր տարի Հայիթիի Հանրապետության արտաքին կառավարումն իրականացվում է այս ոճով:
Այս ֆոնին Նախագահ Մոիզի սպանությունը տխուր է թվում, բայց, ավաղ` արդեն բնական:
Մահվանից օրեր առաջ նախագահ Ջովենել Մոիզը վիճաբանել է ամերիկյան իշխանությունների հետ: Վաշինգտոնը պահանջում էր, որ նա շուտ հեռանա պաշտոնից: Մոիզը պնդում էր, որ իր նախագահության ժամկետը դեռ չի լրացել: Ավելին, 2020-ի հունվարին նա ցրեց խորհրդարանը և վերջին մեկուկես տարվա ընթացքում ինքնուրույն էր ղեկավարում երկիրը: Ամերիկայի կողմից թելադրված Հայիթիի սահմանադրությունը երկրի գերագույն իշխանություն համարում է խորհրդարանը: Աշնանը Մոիզը նախատեսում էր փոփոխել այս կետը և ուժեղացնել նախագահի իշխանությունը։
Վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկացի առաջատար քաղաքական գործիչները Մոիզին հորդորել են նշանակել նախագահական և խորհրդարանական ընտրություններ և հանձնել իշխանությունը: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները նրան անվանում էին բռնապետ: Սակայն, նա շարունակում էր տանել սեփական գիծը:
Արդյունքում, հուլիսի 7-ի գիշերը, բալակլավաներով քողարկված զինված մարդիկ ներխուժեցին Հայիթիի նախագահի նստավայր և գնդակահարեցին Մոիզին և նրա կնոջը:
Օտար հետքը միանգամից տեսանելի է այստեղ: Հարձակվողները խոսում էին իսպաներեն (Հայիթին ֆրանսախոս երկիր է): Ձերբակալության ընթացքում յոթ մարդասպանի գնդակահարել են: Ձերբակալվել է 19 մարդ: Պարզվեց, որ նրանցից երկուսը Հայիթիի ծագմամբ Ամերիկայի քաղաքացիներ են:
Ասվում էր, որ մարդասպանները կարողացել են ներխուժել նստավայր ՝ ներկայանալով որպես թմրանյութերի դեմ պայքարի ԱՄՆ գործակալության աշխատակիցներ, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունն անվանել են ոչ հավաստի:
Հայիթիի իշխանությունները հասարակությանը ներկայացրեցին ձերբակալված Ջեյմս Սոլաժի կենսագրությունը: ԱՄՆ քաղաքացին և՛ սանտեխնիկ էր, և՛ էլեկտրիկ, և՛ պրոֆեսիոնալ զինվորական, ով ծառայում էր ռազմական ոստիկանությունում: Նա աշխատել է Պորտ-օ-Պրենսում` Կանադայի դեսպանատանը, որպես անվտանգության աշխատակից: Այնուհետև` դարձել է երեխաների պաշտպան և հիմնադրել է բարեգործական կազմակերպություն Ֆլորիդայիում:
Հարցաքննության ժամանակ Ջեյմս Սոլաժը և ԱՄՆ մեկ այլ քաղաքացի ՝ Ջոզեֆ Վինսենթը վկայեցին, որ սպանությունը կազմակերպել է ոմն Մայք, ով հստակ Հայիթիից չէր, քանի-որ խոսում էր միայն անգլերեն և իսպաներեն։
Չեն պնդում, թե Մոիզին սպանած վարձկանները Վաշինգտոնից են պատվեր ստացել: Նախագահը բավական թշնամիներ ուներ նաև երկրի ներսում, և այստեղ նրանք սովոր են խնդիրները լուծել բացառապես «ըստ հասկացությունների»:
Սակայն, ավելի քան մեկ դար աշխարհի այս ամենաաղքատ երկիրը գտնվում է ԱՄՆ ուղղակի ազդեցության գոտում: Դրա տնտեսությունն ամբողջությամբ ոչնչացվել է, պետությունը չի կարողանում վարել անկախ քաղաքականություն: Հանցագործությունը երկրում անասելի մակարդակի է։ Աղքատությունը` աներևակայելի։ Եկամտի միակ աղբյուրը` արտերկիր մեկնած միլիոնավոր մարդկանց վաստակը:
Հայիթին լավ օրինակ է այն բանի, թե ինչպես չզբաղվել քաղաքականությամբ: Եվ նրա նախագահների ողբերգական ճակատագիրը կարևոր նախազգուշացում է այն երկրների ղեկավարներին, ովքեր վաճառում են իրենց անկախությունը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն