ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հինգ հայ ռազմագերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում

Բաքվից Երևան վերադարձած 5 հայ ռազմագերիներին «Էրեբունի» օդանավակայանում դիմավորեցին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ն։
Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։
Հայաստան են վերադարձել Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Նրանք տեղափոխվել են բուժզննության։
Նրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29–ին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն