«Թավշյա հեղափոխության» երեկվա հերոսը՝ 45-ամյա Նիկոլ Փաշինյանը վերածվել է Հայաստանի նվաստացման և պարտության խորհրդանիշի». Le Monde

Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» օրաթերթն անդրադարձել է ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի՝ Նիկոլ Փաշինյանի եռամյա կառավարման ընթացքում գրանցած ձեռքբերումների և կորուսների թեմային, հոդվածը վերնագրելով՝ «Նիկոլ Փաշինյան հիասթափությունը» քննադատություն պարունակող վերնագրով:

Հոդվածի հեղինակ՝ լրագրող, հրապարակախոս Ֆուստին Վինսեն, այսպես ասած՝ ոչնչացրել է վարչապետի եռամյա պաշտոնավարման ընթացքը, չխորշելով գնհատականներ տալ նաև 2018 թվականին տեղի ունեցած՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը:

«Փաստարկ» լրատվականը ներկայացնում է «Le Monde» օրաթերթում լույս տեսած՝ «Նիկոլ Փաշինյան հիասթափությունը» հոդվածն՝ ամբողջությամբ, առանց կրճատումների: Թարգմանությանը կից ներկայացնում ենք նաև հոդվածի բնօրրինակը՝ վերցված «Le Monde» օրաթերթից:

«Նիկոլ Փաշինյան հիասթափությունը»

«2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարն ավելի ու ավելի շատ է արժանանում քննադատության: Բնակչության մեծ մասը նրան մեղադրում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր պահվածքի և երկիրը ծնկի բերելու մեջ:

«Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ, նա ազդում է իմ նյարդերի վրա»,- ասում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այս հարցն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես ցանկանում եմ, որ հեղաշրջում լինի և նա հեռանա»,- անկեղծանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ»,-հոգոց անելով հայտնում է երրորդը:

Հայաստանի վարչապետի մասին հարցին նրա նախկին թիմակիցները կամ աջակիցներն արձագանքում են նույն կերպ: Որպես կանոն, հարցից հետո հետևում է երկար և ճնշող լռություն, իսկ հետո հնչում են նախատինքներ՝ անթիվ, անհամար։

«Երբ սկսում ես կազմել նրա անհաջողությունների ցուցակը, պարզապես չգիտես որտեղ կանգ առնել»,- ասում է նրա նախկին թիմակիցներից մեկը, խոսելով իր հիասթափությունների մասին:

«Թավշյա հեղափոխության» երեկվա հերոսը, 45-ամյա Նիկոլ Փաշինյանը նրանց աչքերում վերածվել է Հայաստանի նվաստացման և պարտության խորհրդանիշի:

Ժողովուրդը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման մասին արձանագրությունը ստորագրելու և, դրանով տարածքային հսկայական կորուստներն ամրագրելու համար: Չի ներում, առնվազն, երեք հազար հինգ հարյուր, հիմնականում՝ երիտասարդ տղաների զոհվելու համար:

Հակամարտության ավարտից չորս ամիս անց, տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են լուրերի պատերազմի դաշտում անհետ կորած իրենց հարազատների մասին: 74 հայ գերի դեռ գտնվում է Բաքվի բանտում: Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հազարավոր բնակիչներ դեռ զրկված են իրենց տներից:

Կատարվածից ցնցված և ապշահար երեք միլիոն հայերը չեն հասկանում, թե ինչպես հայտնվեցին այս վիճակում:

Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վստահեցնում էր, թե հաղթանակը մոտ է: Նրանք շատ ուշ հասկացան, որ Փաշինյանի հաղթական ելույթները ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

Արձանագրենք, որ պատերազմի ավարտից հետո անդադար հնչում է հետևյալ պնդումը. «Նիկոլը դավաճան է և նա պետք է հեռանա»: Ընդդիմությունն էլ յուրաքանչյուր հանրահավաքում խիստ քննադատության է ենթարկում նրան: Բացի այդ, անցած ամիսների ընթացքում ՀՀ նախագահը, Հայ Առաքելական Եկեղեցին, ապա նաև զինվորականները կոչ արեցին նրան հեռանալ և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Անկյուն քշված Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ենթարկվել ժողովրդի պահանջին և սպասում է իր նոսրացած կողմնակիցների աջակցությանը, որոնք, որոշ գնահատականների համաձայն՝ կազմում են բնակչության 20 տոկոսը: Սա մի թիվ է, որը վարչապետին հույս է տալիս, որ հունիսի 20-ի ընտրություններում կարող է հաջողության հասնել:

Նա հասկանում է, որ քաղաքական այլընտրանքի առկայությունն իր օգտին է: Նախկին վարչակազմի հետ կապվող անհաշտ ընդդիմությունը թույլ է և վարկաբեկված: Հարցումներն էլ առայժմ հուշում են, որ նա է հաղթողի հավակնորդը:

Այնուամենայնիվ, սա այն չէ, ինչ կար 2018-ին, երբ հարյուր հազարավոր ցուցարարներ վանկարկում էին նրա անունը: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Գանդիից ու Նելսոն Մանդելայից ոգեշնչված արմատական ընդդիմադիր էր: Նա քայլելով պահանջեց կոռումպացված իշխանությունների հրաժարականը:

Միջազգային ասպարեզում մինչ այժմ անհայտ այս նախկին լրագրողը, առանց փորձի, քառասուն տարեկան հասակում, մորուքով, զինվորական բաճկոնով ու սպորտային կոշիկներով հարյուրավոր կիլոմետր կտրելով, 2018-ի ապրիլին հասավ Երևան: Համառ պոպուլիստ «Նիկոլը», ինչպես նրան անվանում են բոլորը, գիտի ինչպես հիպնոզացնել իր լսարանին: Բազմությունը գնում էր նրա ետևից՝  «նոր Հայաստան» կառուցելու հույսով, հավատալով, որ այն կլինի ժողովրդավարական և զերծ կոռուպցիայից:

«Տատս և պապս ինձ ասացին, որ իրենք փողոցում երբեք այդքան մարդ չեն տեսել», — հիշում է նախկին ցուցարարներից մեկը:

Տասը տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ նրանով, որ 2008-ին ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին: 2008-ի մարտի 1-ին, ընդդիմության ցույցի ժամանակ, ուժային կառույցների հետ բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց:

Մեղադրվելով անկարգություններ կազմակերպելու մեջ, Փաշինյանը մեկ տարի թաքնվեց, ապա հանձնվեց ոստիկանությանը: Դատապարտվելով յոթ տարվա բանտարկության, նա համաներման արժանացավ և 2011 թվականին ազատության մեջ հայտնվեց:

Որպեսզի նա վերջապես հասնի իր նպատակին՝ ևս յոթ տարի պահանջվեց: Վեց շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում՝ 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց հայտնվել վարչապետի պաշտոնում: «Պատմության պատահականություն»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, որը կարծում է, թե նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում:

Հեղափոխության ընթացքում Մարինե Մանուչարյանը փողոցում չէր: Ոչ մի դեպքում, ոչ մի պայմանով այս նախկին քաղաքական ակտիվիստուհին չէր մասնակցի հանրահավաքներին, քանի որ շատ լավ էր ճանաչում Փաշինյանին: Հենց նա էր 2015-ին Նիկոլ Փաշինյանի հետ հիմնադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Ես տեսա, որ մարդիկ հավատում են նրան … Ես գիտեի, որ աղետի ենք ենթարկվելու»,- հիշում է ձեռներեց դարձած երիտասարդ կինը:

«Փաշինյանը և ոչ մի այլընտրանքային ծրագիր չի առաջարկել: Նա պարզապես իր ժամանակն անցկացրել է՝ քննադատելով հին իշխանություններին: Ես ուզում էի զգուշացնել նրանց, բայց դա կլիներ նույնը, ինչ թքեիր քամուն հակառակ ուղղությամբ և ոչինչ չասացի»,- պատմում է նա:

Վարչապետի նախկին ընկեր և գործընկեր Գեղամ Նազարյանը նույնպես չկարողացավ ազդել հանրության վրա: Նրան համարում էին սադրիչ, իսկ ոմանք ընկալում, որ պարզապես նախանձում է նախկին ընկերոջը: Սակայն, նա նույնպես համոզված էր, որ երկիրը կործանման եզրին է: Նրա աչքում Նիկոլ Փաշինյանը չափազանց անկայուն էր, չափազանց անփորձ և չափազանց տարված վրեժի զգացումով:

«Նա իրեն համարում էր անարդարության զոհ և կարծում էր, թե աղքատ է, կարծում էր, թե բոլորն իրենից լավ են ապրում: Տարիների ընթացքում նա ատելություն է կուտակել բոլորի դեմ»,- բացատրում է նախկին լրագրողը` նստած Երևանի սրճարաններից մեկում:

«Հայկական ժամանակ»-ի Նիկոլ Փաշինյանի գործընկերները, հաշվի առնելով նրա բնավորության գծերը, կատակով ասում էին՝ ոչ երանի այն երկրին, որտեղ քո նման ղեկավար կլինի:

Երբ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նրա ժողովրդականությունը գագաթնակետին էր հասել: Վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանն առաջին անգամ ձեռք էր բերում ղեկավար, որն Արցախից չէր: Երիտասարդ, ժողովրդին հարազատ, ֆիզկուլտուրայի ուսուցչի այս որդին մարմնավորում էր նոր քաղաքական էլիտան: Նա, ով խոսում է անգլերեն, քիչ բան գիտի Սովետական Միության մասին և կարծում է, որ ապագան ավելի շատ Եվրոպայում է, քան Ռուսաստանում:

Նա սոցիալական ցանցերով հաղորդակցման մեջ բավականին հմուտ էր և մինչ օրս շարունակում է խոսել հայերի հետ Facebook-ի միջոցով:

Նրա ստվերում է կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը, որ տարածում է անձնական լուսանկարներ, որտեղ Փաշինյանը հանդես է գալիս որպես հասարակ տղամարդ, քնած կամ պառկած խոտերի մեջ, երեխաների հետ:

«Սա նոր բան է, քանի որ հին առաջնորդները լիովին կտրված էին ժողովրդից: Նախկինները ցույց էին տալիս իրենց գերազանցությունը, իրենց շքեղ հագուստը … Մարդիկ սիրում են Նիկոլին, քանի որ նա նրանցից մեկն է»,- ասում է Ազգային Ժողովի փոխնախագահ, վարչապետին հավատարիմ Ալեն Սիմոնյանը:

Երբ Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից երեք ամիս անց՝ փետրվարի 25-ին զինվորականները պահանջեցին նրա հրաժարականը, վարչապետը պատասխան հարված հասցրեց նրանով, ինչին ամենալավն է տիրապետում՝ փողոցի իշխանությամբ:

Դատապարտելով «հեղաշրջման փորձը»՝ նա իր համակիրներին կոչ արեց իր հետ միասին դուրս գալ փողոց: Նրա մտերիմները փորձում են Փաշինյանին հետ համոզել, բայց իզուր: Մեգաֆոնը ձեռքին՝ վարչապետը երթով անցնում է Երևանի փողոցներով, որին հետևում է աջակիցների բազմությունը:

«Ես վարչապետ դարձա ոչ թե իմ կամքով, այլ որովհետև ժողովուրդն այդպես որոշեց», — գոռում էր նա մայրաքաղաքում հավաքված 20,000 մարդկանց առաջ, ու թատերականորեն ավելացնում. «Թող ժողովուրդը պահանջի իմ հրաժարականը կամ գնդակահարի ինձ»:

«Նա բավականին զգացմունքային է»,- հանգիստ մեկնաբանում է Ալեն Սիմոնյանը: Ազգային Ժողովի փոխնախագահը բացատրում է. «Նա Երկվորյակ է, նրա բնավորությունը համընկնում է աստղակերպի այս նշանի հետ՝ կեսը զայրացած, կեսը հանգիստ»: «Այս երկակիությունը թույլ է տալիս Փաշինյանին լինել և´ կառավարության ղեկավար, և´ ընդդիմություն»,- ասում է Սիմոնյանը:

«Փաշինյանը երկիրը ղեկավարում է թերթի նման, նոր լուրերով, բայց դրա ետևում ոչինչ չկա»,- համոզված է Մարինե Մանուչարյանը:

Վաղ շրջանի նրա աջակիցների մոտ զայրույթը զուգորդվում է հիասթափությամբ. «Նա դավաճանեց հեղափոխության արժեքներին և փչացրեց նրա ստեղծած հսկայական ալիքը»,- ափսոսում է Հովհաննես Ղազարյանը՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրենը: Իսկ հիմա հիմնադրամի ղեկավարումը Նիկոլ Փաշինյանի կնոջ ուսերին է: «Նրա համար այժմ կարևոր է միայն ամեն գնով պահպանել իշխանությունը»,- ասում է Ղազարյանը:

Նրա նախկին համախոհներն այժմ զզված ու անզոր հետևում են հասարակության մասնատմանը: Բոլորն ասում են, որ երկիրը երբեք այսքան մասնատված չի եղել:

«Փաշինյանը մարդկանց մեջ մտցնում է ամենավատը, նա ստեղծեց ատելության և քաղաքացիական պատերազմի մթնոլորտ»,- զայրացած ասում է տիկին Մանուչարյանը: Նախկին ակտիվիստը չի կարող իրեն ներել՝ իշխանութան գալու հարցում Փաշինյանի օգնելու համար:

«Սա իմ խաչն է: Ես այն կրելու եմ ամբողջ կյանքում »,- ասում է նա՝ ընդունելով մտախոհ հայացք:

Նույն մեղքի զգացումն ունի Փաշինյանի նախկին ընկեր Գեղամ Նազարյանը։

«Այս զգացողությունն ինձ հետապնդում է, հանգիստ չի տալիս»,- ասում է նա:

Նա գրպանից հանում է հին լուսանկար: Գունավոր պատի առջև մեծից փոքր յոթ երեխաներ են շարված՝ Գեղամ Նազարյանի դուստրն է, նրա երկու որդիներն ու Նիկոլ Փաշինյանի երեխաները:

Այն ժամանակ նրանք միասին շատ էին խաղում: Աբգարը՝ Գեղամ Նազարյանի կրտսեր որդին, լուսանկարում ամենաաջ կողմում է՝ շագանակագույն մազերով և կլորիկ այտերով:

Այստեղ նա նույնիսկ երկու տարեկան չկա: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա իր ծառայությունն էր կատարում, երբ պատերազմ սկսվեց: Երիտասարդը սպանվեց պատերազմի արդեն երրորդ օրը՝ 18 տարեկան հասակում: Անցյալ ամիս Աբգարը երազում այցելել է հորը: Նա նրան ասել է. «Հայրի՛կ, մի՛ մեղադրիր քեզ, ոչինչ չէիր կարող անել»:

Գեղամ Նազարյանը հայացքը հառում է դեպի վեր. «Փաշինյանը միակ պատասխանատուն է որդուս և առաջնագծում սպանված հազարավոր այլ երեխաների մահվան համար: Հենց նա էլ՝ իր չմտածված քաղաքականությամբ սադրեց այս պատերազմը»:

Ֆուստին Վինսեն

Le Monde

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն