Թուրքիայի դիվանագիտությունը կրկին «ակրոբատիկ հնարքներ» է ցուցադրում

Թուրքիան և Ռուսաստանը կարող են գործարք կնքել Ղրիմի շուրջ՝ փոխարենը Մոսկվան պետք է ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ անկախ պետության կարգավիճակով։ Այդ մասին հայտարարել է թուրքական՝ Մալտեպե (Ստամբուլ) համալսարանաի պրոֆեսոր Հասան Ունալը «Lenta.ru»-ի հետ հարցազրույցում։

Նա Ռուսաստանին կոչ է արել դառնալ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման շարժման առաջնորդ, քանի որ միավորման դեպքում՝ Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչը չի բխում Մոսկվայի շահերից:

Նրա կարծիքով, փոխարենը՝ թուրքական օդային ընկերությունները կվերսկսեն Ղրիմի թերակղզի ուղիղ չվերթները, և Թուրքիայի իշխանությունները կհրաժարվեն այն հայտարարություններից, թե Ղրիմը համարվում է Ուկրաինայի տարածք։

Ունալը հավաստել է, որ այս սցենարը կարող է անիրատեսական լինել՝ Ղրիմի և Կիպրոսի հարցերի շուրջ երկուստեք առկա հռետորաբանության պատճառով։ «Սակայն մի մոռացեք, որ քաղաքական գործիչները հռետորաբանություն են կիրառում, որպեսզի հետագայում` բանակցությունների դեպքում, զբաղեցնեն ավելի ուժեղ դիրքեր »,- նշել է նա։

Փորձագետը հայտարարել է, որ Թուրքիան կարիք չունի Ղրիմը ճանաչելու որպես ռուսական տարածք։ «Քանի որ այն այսպես թե այնպես Ռուսաստանի տարածք է, և Ռուսաստանը Թուրքիայի ճանաչման կարիքը չունի»,- պարզաբանել է նա։ Ունալը հավելել է, որ Ռուսաստանին ևս պարտադիր չէ անմիջապես ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, բավական է պարզապես չխանգարել նրա ուղեծրում գտնվող մյուս երկրներին և ուղիղ առևտուր անել Հյուսիսային Կիպրոսի հետ։

Ղրիմը ներառվել է Ռուսաստանի կազմում 2014թ հանրաքվեից հետո։ Պաշտոնական տվյալներով՝ տարածաշրջանի բնակչության մեծամասնությունն աջակցել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուն։ Թուրքիան և Արևմուտքի երկրները միացումը չեն ճանաչել։ Թեպետ երկրի ներսում բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ կոչ են անում Էրդողանին ճանաչել Ղրիմը որպես ռուսական, սակայն Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը համընկնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշման հետ։ Բացի այդ՝ թուրքական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանի իշխանություններին՝ Ղրիմի թաթարներին ճնշելու և հալածելու համար։

Իսկ ինչ վերաբերում է Կիպրոսին՝ 1974թվականին այն բաժանվեց հյուսիսի և հարավի։ Ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանության էր եկել հունական բանակային խունտան։ Սակայն Թուրքիան օգտվեց Կիպրոս ներխուժելու իրավունքից և զբաղեցրեց թերակղզու հյուսիսային մասը։ 1975թ հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հիմնադրումը և անկախությունը։

Կրեմլում արձագանքել են թուրք պրոֆեսոր Հասան Ունալի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի տարածաշրջանները չեն կարող լինել գործարքի առարկա։

«Նախ, դժվար թե հարգելի թուրք պրոֆեսորն անձնավորի Անկարայի պաշտոնական տեսակետը: Եվ երկրորդ` Ռուսաստանի տարածաշրջանները չեն կարող լինել գործարքների առարկա, դա բացառված է», — ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մեր կողմից հավելենք, որ Թուրքիայի ակրոբատիկ դիվանագիտության համար տարածքների փոխանակումը դարերից եկող սովորական հնարք է։ Հանուն արդարության նշենք` գործուն հնարք։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն