Թուրք առաջնորդը նույնիսկ 1 կամ 2%-ով հայանպաստ փաստաթուղթ չի կարող առաջարկել, ուր մնաց 100%-ն առաջարկի. Մհեր Հակոբյան

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ «Փաստարկ» լրատվականը զրուցել է սահմնանում տիրող իրավիճակի, ՀԱՊԿ դիմելու անհրաժեշտության և հնարավոր հավանականության մասին։

— Պարո՛ն Հակոբյան, սահմանում տիրող իրավիճակը ռազմական ագրեսիա՞ է, թե միջադեպ։

— Ռազմական տեսության և գիտության մեջ կիրռավող այս հատկանիշները հստակ սահմանումներ չունեն։ Հավանաբար ճիշտ չէ պրակտիկայում նման սահմանումների կիրառումը։ Այս դեպքում մենք ունենք սահմանային ագրեսիայի բնույթ ունեցող միջադեպ, որն ունի իր քաղաքական բովանդակությունը և հարմար առիթի դեպքում կարող է կոնկրետացվել քաղաքական մակարդակում։ Այս դեպքում քաղաքական բաղադրիչն ավելի կարևոր է։ Թշնամին, այս պահին դիմելով ռազմավարական նախաձեռնությանը, կարգավորվող կոնֆլիկտ է հրահրում։ Այսինք՝ հաջողության հասավ՝ լավ, հոջողության չհասավ՝ ցանկացած պահի կդադարեցնի կոնֆլիկտը՝ ոչինչ չկորցնելով։ Սա շատ վատ դրություն է մեզ համար, որին պետք է վերջ տալ, սակայն թե ինչպես՝ դա առանձին քննարկման նյութ է։

— Ե՞րբ է հատվում այն սահմանգիծը, որից հետո կարիք կլինի ՀԱՊԿ-ին դիմել 4-րդ՝ ռազմական ագրեսիա, հոդվածով։

— Կրկին որևէ հստակ չափանիշ չկա, քանի որ «ագրեսիա» հասկացությունն է առաջ բերվում։ Մի դեպքում ագրեսիա է, երբ հրանոթից մի կրակոց է արձակվում, մյուս դեպքում էլ՝ այսպիսի լայնածավալ բախումը կարող է ագրեսիա չդիտվել։ ՀԱՊԿ-ի գործիքակազմի կիրառությունն իր մեջ, ցավոք, ունի քաղաքական բաղադրիչ և որքան էլ մենք լսեք Ռուսաստանից եկող հայտարարությունները, որ իրենք հարգում են հայ ժողովրդի իրավունքները և այլն, միևնույն է, իմ կարծիքով կարող ենք խոսել պաշտոնական Մոսկվայի «սառը» վերաբերմունքի մասին։ Այդ կերպ Մոսկվան, նման մանր էպիզոդներով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Այս կառույցն ասիական է, որտեղ գործողությունների մեծ մասը պայմանավորված է անձնական գործոնով և կարծում եմ, որ ռուսական կողմի նախասիրությունը ՀՀ գործող իշխանությունների կողմից չէ։

— Ադրբեջանը ռազմական ճանապարհով ի՞նչ խնդիր է փորձում լուծել։

— Մենք չգիտենք, թե բանակցություններն ինչ փուլում են։ Հնարավոր է` փորձ կատարվի այս էսկալացիան բանակցությունների ինչ որ փուլում օգտագործել։ Միաժամանակ հոգեբանական մակարդակով ահաբեկում է մեր հասարակությանը, վարկաբեկում է ՀՀ պետականությունը, ճնշում է ՀՀ ղեկավար կազմի դիմադրական կամքը և այդ ընթացքում ոչինչ չի կորցնում։ Եթե ինքը դադարեցնի, մենք չենք շարունակելու և Ադրբեջանը դա իմանալով լկտիանում է։

— Որտե՞ղ է թերացել այս իշխանությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը լկտիանում է։

— Թերացումը պետականաշինական բացթողումների մեջ էր, որն արտահայտվեց երկրի ներսում իստիտուցիոնալ կառավարման կամ բարեփոխումների ոլորտում թերացումներով, արտաքին հարաբերություններում մեր հիմնական դաշնակիցների հետ սխալ հարաբերությունների կառուցումով։ Նաև կադրային վատ քաղաքականություն վարեցին։ Սրա մասին կարելի է շատ երկար խոսել և, բնականաբար, վերջին պատերազմը թերությունների մի ամբողջ համաբույլ էր, որն ավելի սրվեց այն լույսի ներքո, որ սպասվող հարվածն ավելի ուժգին եղավ, քան մենք կամ բանակը նախատեսում էինք՝ Ադրբեջանի հետ մեզ հարված հասցրեց նաև Թուրքիան։

— Արդյո՞ք այս գործողություններով Ադրբեջանը մեզ փորձում է պարտադրել այն փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե 100 % հայկական է։

— Ես նման հայտարարությանը թերահավատ եմ վերաբերում, վաղուց հեքիաթների չեմ հավատում։ Թուրք առաջնորդը նույնիսկ 1 կամ 2%-ով հայանպաստ փաստաթուղթ չի կարող առաջարկել, ուր մնաց 100%-ն առաջարկի։ Սա կա՛մ մեր ղեկավարությունը չի հասկանում, կամ փորձում է հասարակությանը մոլորության մեջ գցել։ Չեմ կարծում նաև, որ մեր հայրենիքի կտորների՝ այսպես կոչված անկլավների հարցն է, երևի, մեր իշխանությունը չի հասնի դրան, որ այդ տարծքները հանձնի։ Թեև եթե նախորդ տարի ասեին, որ մեր իշխանությունը Քելբաջարը կհանձնի՝ մենք հավանաբար կծիծաղեինք։

— Պարո՛ն Հակոբյան, իշխանական պատգամավորը նշում էր, որ Տավուշում գյուղեր կան, որոնք մերը չեն՝ օրինակ Ոսկեպարը։ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժից տեղեկանում ենք, որ Տիգրանաշենը մերը չէ։ Լավատե՞ս եք, որ անկլավները չեն հանձնի, թե՞ որոշակի գործողություններ, հիմքեր կան այդ կերպ մտածելու։

— Փաստեր չկան, ես բնականբար նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Քաղաքական վերլուծության արդյունքում, զգուշորեն ինձ հույս եմ տալիս, որ չեն հանձնի։ Հուսանք, որ չեն հանձնի։ Ամենևին էլ լավատես չեմ, այսօր առավոտվա այս էսկալացիան էլ մի կողմից։ Նման բաներ էլի կլինեն, որոնք լավատեսություն չեն ներշնչոււմ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն