Թուրքիայի ներկլանման քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում

ԱՊՀ երկրների ինստիտուտի` Ղազախստանի և Միջին Ասիայի բաժնի պետ Անդրեյ Գրոզինը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից իրական զավթողական գործունեությանը կարող է խանգարել այդ երկրի տնտեսական վիճակը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա թույլ կապերը տարածաշրջանի երկրների հետ։

Գրոզինն այդուհանդերձ ցույց է տալիս, որ Կենտրոնաան Ասիայի հանդեպ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը հակասում են մեկը մյուսին։ Բացի այդ՝ նա կասկած է հայտնում, որ Թուրքիան իրական ռազմական օգնություն կարող է ցուցաբերել Կենտրոնական Ասիայի երկրներին Աֆղանստանի տարածքից՝ հնարավոր ահաբեկչական սպառնալիքների դեպքում։ Այս համատեքստում հաշվի է առնվում , որ ռազմական համագործակցության փորձի առումով Թուրքիան Կենտրոնական Ասիայի երկրների տասը գործընկերների ցուցակում միայն մեկն է։

Թուրքիան և Ռուսաստանը մի տեղ դաշնակիցներ են, մեկ այլ տեղ՝ մրցակիցներ։ Այսինքն՝ նրանք այնպիսի գործընկերներ և դաշնակիցներ են, ովքեր միմյանց հետ են և միմյանց դեմ։ Սա երկբևեռ կամ նույնիսկ՝ բազմաբևեռ աշխարհակարգի համար սովորական իրողություն է։ Հարցն այն է, որ Թուրքիան Կենտրոնական Ասիայի երկրներին միայն գումարի դիմաց կարող է տրամադրել մի քանի համալիր անօդաչու սարքեր, քանի որ հենց Թուրքիային այդ զինատեսակը քանակով չի բավարարում։ Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան ֆիզիկապես չի կարող բավարարել Կենտրոնական Ասիայի լիարժեք մատակարարումը։ Չպետք է մոռանալ, որ նա ներկա է Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և մի քանի այլ տարածաշրջաններում։ Ըստ նրա՝ Անկարան կարող է ջլատվել։ Այնպես որ թուրքերը գործելու են նվազագույն ծախսերով։ Անդրեյ Գրոզինը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի համար վտանգավոր տարբերակ է, եթե թուրքական զինվորական համակազմերը տեղաբաշխվեն Կենտրոնական Ասիայում։ Այդ դեպքում նրանք երկար ժամանակ կարող են մնալ Քաբուլի օդանավակայանում՝չնայած թալիբների ճնշումներին։

Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինը հաստատել է իր պատրաստակամությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում Տաջիկստանին օգնելու համար։ Հարց է ծագում` ինչպե՞ս է Թուրքիան փոքր ծախսերով մեծ արդյունքներ ունենում։ Շատ պարզ պատճառով․ Թուրքիան հմուտ տիրապետում է աբսորբցիայի՝ կլանման քաղաքականության տեխնոլոգիաներին՝ կոնկրետ հաշվարկելով կրոնական և մշակութային ընդհանրությունnերը։ Նա այդ մշակույթներից բարոյահոգեբանական և կրոնական առումներով երբեք ոչինչ չի վերցնում, բայց հեշտությամբ մյուսներին կլանում է իր շրջանակներում։

Հավանաբար կայսերապաշտներից ոչ ոք այդ մեթոդներին չի տիրապետել։ Թուրքիայի համար ծախսատար չէ Կենտրոնական Ասիան կլանելը, որովհետև այս տարածաշրջանում ապրում են թյուրքալեզու և ավանդական մշակութային գրեթե նույն արժեհամակարգի տեր մարդիկ։ Ինչ վերաբերում է Չինաստանի և Ռուսաստանի տնտեսական ազդեցությանը և ազդակներին՝ սրանք ավելի թույլ օղակ են՝ ի համեմատություն ընդհանուր լեզվի, մշակույթի և տրամաբանական համակարգի, որը պայմանավորված է նաև կրոնով։ Եթե Ռուսաստանում թալիբներն անընդունելի են և ահաբեկչական խմբավորում են համարվում, ապա Թուրքիայի բարեկամ երկրիր Պակիստանում նրանք ապրում են ապահով և անհոգ։ Հարց է ծագում․ Թուրքիան ինչպե՞ս կարող է պաշտպանել Համիդ Քարզայի անվան օդանավակայանը Աֆղանստանում թալիբներից, երբ Արցախում Թուրքիային ակտիվորեն աջակցեցին նույն թալիբները։ Եվ զավեշտների զավեշտն այն է, որ ահաբեկչությանը սատարող այս երկիրը «պայքարում է» ահաբեկչության դեմ։ Հետևաբար՝ ոչ Միացյալ Նահանգների և ոչ էլ Թուրքիայի համար Համիդ Քարզայի օդանավակայանի անվտանգ կառավարումն էական խնդիր չէ․ այստեղ խորունկ թաքնված են այլ խնդիրներ։ Սպասենք զարգացումներին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն