Վարչապետին, Կաթողիկոսին եւ պաշտպանության նախարարին կանչել են Մոսկվա. Lragir.am

Lragir.am-ը գրում է.

Վարչապետը, Կաթողիկոսը եւ պաշտպանության նախարարը մեկնում են Մոսկվա։ Ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթին Հայաստանի ենթարկման ակտը պետք է տեղի ունենա Մոսկվայում, հայկական «եռակողմ» ներկայությամբ՝ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանության ղեկավարներ, բանակ։ Պայմանագրի ստորագրումը քաղաքական լեգիտիմություն է հաղորդելու այդ փաթեթին, սակայն կարիք կա նաեւ «հոգեւոր լեգիտիմության»։

Կաթողիկոսը Մոսկվայում մասնակցելու է Մոսկվայի պատրիարքի եւ Բաքվի մուսուլմանների առաջնորդի հետ եռակողմ հանդիպմանը։ Արցախում հայկական եկեղեցիների ալբանացման, հայկական ինքնությունը ոչնչացնելու ծրագրի հեղինակների հետ հանդիպումն ուղղված է «խաղաղ դարաշրջանի» հոգեւոր «լեգիտիմացմանը»։

Իսկ «Ռուսաստանի օգնությամբ վերազինվող բանակն» ունի քաղաքական ու հոգեւոր «խաղաղության» ամրապնդման իր դերը։

Հայկական քաղաքական ներքին անցուդարձին, խորհրդարանի օրակարգերին, թշնամական տանդեմի քարոզչական հրահանգավորումներով ԶԼՄ-ներում ծավալված քննարկումներին հետեւելիս զարհուրելի տպավորություն է՝ Հայաստանի վերահաս աղետին ընդառաջ ապաթիա, դեգրադացիա ու անհամարժեքություն եզրերը մեղմ բնութագրիչներ են։ Ընդ որում, այն պայմաններում, երբ ամեն ինչ տեսանելի է, այդ թվում՝ աղետը կանխելու եղած հնարավորությունները։ Դա ամենամեծ լեգիտիմությունն է Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի համար։

Ո՞վ կհամարձակվի իր վճռական ՈՉ-ն ասել։

 

Թողնել մեկնաբանություն