Զանգեզուրը դառնալու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատման գոտի

Աֆղանական թնջուկը բացահայտում է, որ Չինաստանում գործնական առումով ույգուրների հիմնախնդիրը չի վատթարացնելու հարաբերությունները Թուրքիայի և Պակիստանի միջև։ Մեծ հաշվով՝ ույգուրների հիմնախնդիրը մանրադրամ է Չինաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Հարկ է ընդգծել, որ Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները՝ ներառյալ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Քաշմիրի հակամարտությունում աջակցում են Իսլամաբադին։ Ուշագրավ է այն իրողությունը, որ Պակիստանում գործում է «Ջամահաթ Իսլամի» կուսակցությունը, որը թարգմանաբար նշանակում է՝ իսլամական հանրություն․ Ռուսաստանում այն համարվում է ծայրահեղական, սակայն Թուրքիայում իսլամական այս հանրույթն աջակցվում է։ Այս կուսակցությանը հատկանշական է իսլամի ռազմատենչ բնույթը։ Ավելին ասենք՝կուսակցության հիմնադիր Աբու Ալա Մաուդուդիի գաղափարախոսությունից Թալիբանը բազմաթիվ գաղափարներ է ընդունել։ Պակիստանի այդ ուժերին համակրում են ոչ միայն թուրքական պանիսլամիստները, այլ նաև քաղաքական ողջ դաշտը՝ ներառյալ ընդդիմադիրները։

Պակիստանի հետ դաշինքի օգտին հանդես են գալիս քաղաքական բոլոր ուժերը, որոնք հարաբերություններ ունեն «Գորշ գայլերի» հետ։ Դևլեթ Բախչելիի առաջնորդած այս կուսակցությունը Քաշմիրի հիմնախնդիրը թվարկում է Արցախի, Քիրքուկի, Երուսաղեմի, Քաշգարի, Կիպրոսի և Ղրիմի հակամարտությունների հետ, որոնք պետք է հանգուցալուծել՝ «հանուն մարդկության բարօրության», իսկ դա նշանակում է ՝հօգուտ թուրքերի, մուսուլմանների։ Ինչ վերաբերում է Ղրիմին՝ նրանք կամենում են այն դարձնել իրենց հսկողության տակ գործող անկախ պետություն։ Ավելին՝ Պակիստանը, որ տիպիկ մահմեդական-արևելյան երկիր է՝ չի ճանաչում ոչ միայն Արցախը, այլև` Հայաստանն ընդհանրապես։

Ադրբեջանը միայն ձևական առումով է չեզոք պետություն և ապագայում կողմնորոշվելու է Թուրքիայի և Պակիստանի հետ ռազմական համագործակցության օգտին։ Այսօր այս երկիրը Ռուսաստանի հետ կեղծ բարիդրացիական հարաբերություններ է խաղում՝հանուն Արցախի։ Ինչ վերաբերում է Թուրքիայի և Պակիստանի հետ ռազմական դաշնային հարաբերություններին՝ Ադրբեջանն ամեն կերպ պահելու է դրանք։ Մանավանդ, որ արցախյան վերջին պատերազմում ծանրակշիռ էր այս երկու երկրների դերը։

Քանի-որ Կասպյան տարածաշրջանը գլխավոր է նաև չինական նախագծերի առումով` Արցախի խնդիրը «լուծվեց» հօգուտ թուրքերի։ Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականության հետևանքները, ամեն դեպքում գալու է պահը, որ Թուրքիան կանգնի երկընտրանքի առաջ․ կամ` Ռուսաստանի և Չինաստանի կողքին, կամ` ԱՄՆ-ի։ Ինչպես ասում են` նա ստանալիք ունի Ռուսաստանից, և ԱՄՆ-ն, այդ առումով, հանդուրժում է նրանց սիրավեպը։ Ամենայն հավանականությամբ Թուրքիան ի վերջո կկանգնի Ռուսաստանի կողքին։

Այսօրվա դրությամբ՝ Թուրքիան Ռուսաստանից և ԱՄՆ-ից կորզում է առավելագույնը։ Զանգեզուրի միջանցքն այդ առումով դառնում է ոչ թե տարածաշրջանային, այլ՝ աշխարհաքաղաքական խաղ, որտեղ միմյանց հանդիպելու են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ Չինաստանը համախմբելու է բոլորին։ Զանգեզուրի միջանցքում ամբողջովին բացահայտվելու են ռուս-թուրքական հարաբերությունների և կարմիր գծերի շուրջ նրանց նախնական պայմանավորվածությունները, որը մինչ օրս դրսևորվում է Երևանի նկատմամբ ճնշումներով։ Թուրքիան և Ադրբեջանը գնալու են Չինաստանի հետ հարաբերությունների ամրակայման և որքան հնարավոր է՝ պահպանելու են հարաբերությունները թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի հետ։ Զանգեզուրը տեսականորեն դառնալու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատման գոտի, որտեղ էլ ճեղքվելու է աշխարհաքաղաքականությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն